Հոգով արիները

02/06/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Քաղաքականությունը նորից ամենամոդայիկ զբաղմունքը դարձավ: Նորից աջ ու ձախ վերլուծություններ են: Բոլորը փորձում են գուշակել` կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ: Տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ պլան: Մինչդեռ ամենեւին էլ կարեւոր չէ` կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ: Առաջին հերթին այն պարզ պատճառով` որ հերթական խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել: Հետեւաբար, կարեւորն այն է, թե ինչ ասելիքով են քաղաքական իշխող ու ընդդիմադիր ուժերը գնալու ընտրությունների: Գյուղի ու գյուղատնտեսական հարցերի նկատմամբ իշխանությունների ուշադրությունը կարելի է վերլուծել հենց ընտրապայքարի տեսանկյունից (հերթական կամ արտահերթ): Ի վերջո, պետական պաշտոնյաների ու, առաջին հերթին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցերը մարզեր բավական նման է նախընտրական քարոզարշավի: Բայց անհաջող ու լիովին տապալված քարոզարշավի: Պետական պաշտոնյաները ժողովրդին ասելիք կարծես չունեն: Գյուղնախարարի այցերը սկզբում լուսաբանվում էին: Էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում կարելի էր տեսնել, թե որքան անկեղծ էին իրենց վերաբերմունքը ձեւակերպում նախարարի հետ հանդիպման եկած գյուղացիները: Ակնհայտ է, որ իշխանություններից նրանք ակնկալիքներ չունեն: Խոստումներն արդեն ոչ մեկին չեն ոգեւորում: Խոստումներով հիմա ընդդիմությանը չի հաջողվի մարդկանց ոգեւորել, ուր մնաց թե` այդ ճանապարհով իշխանությունը հաջողության հասնի: Հայրենի կառավարության մի քանի տարի ձգվող համաշխարհային ճգնաժամի «խորախորհուրդ» վերլուծությունները, տեխնոպարկերի ու բանկային կենտրոնների, «նյու-վասյուկիների» կառուցման ծրագրերը թմբիրի մեջ միայն եւ միայն կառավարությանը գցեց: Ի տարբերություն մեր իշխանավորների` պարզ քաղաքացին անուրջներով չի ապրում, այլ սեփական աշխատանքով ու վաստակով է ապրում: Վաստակ, որ մեր կառավարության բառապաշարով ասած` «խժռում է գնաճի հրեշը»: Որովհետեւ երկրի սոցիալ-տնտեսական պատկերը միանգամայն այլ է: Պաշտոնական տվյալներով` դիզվառելիքի գինը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 25 տոկոսով, բենզինինը` 21: Այսպիսի ցուցանիշ ունեցող տնտեսության ղեկավար մարմնի անդամ գյուղնախարարն իսկապես չի կարող շփվել մարդկանց հետ: Գյուղացին վար ու ցանքի համար առնվազն 25 տոկոս ավելի շատ վճարեց, քան նախորդ տարի: Հետեւաբար` պարենային ապրանքների գնանկման պաշտոնական կանխատեսումները չիրականացան: Չիրականացան, եւ հնարավոր չէ` իրականանան: Պաշտոնական վիճակագրությունն, իհարկե, հետեւում եւ արձանագրում է գնաճը: Եթե պաշտոնական վիճակագրությանը հավատանք, միեւնույն է, տնտեսական աճի մասին պաշտոնական ծրագրերը միֆ ենք համարելու: Պարենային 13 ապրանքատեսակներից, որոնց գներն ուսումնասիրվել են, 7-ի գներն աճել են, 3-ինը` նվազել, մյուս 3-ինը` մնացել նույնը: Բայց տեսեք, թե ի՞նչ ապրանքատեսակների գներ են աճել ու ի՞նչ չափով: Խոսքը հիմնական սննդամթերքների մասին է: Նախորդ տարվա համեմատ` շաքարավազի գինն աճել է մոտ 8 տոկոսով: Յուղի, ձեթի գնաճը մոտ 18 տոկոս է, կաթնամթերքինը` 22,4 տոկոս: Կարտոֆիլն այս իմաստով ռեկորդակիր է: Մեկ տարվա մեջ այն թանկացել է 35,4 տոկոսով: Իսկ կարտոֆիլի ցուցանիշը խնձորի` 233 եւ, ասենք, կաղամբի 200 տոկոսանոց թանկացման հետ չես համեմատի: Աղքատ մարդու համար խնձորը, կաղամբն ու գազարը կշտանալիք չեն, այլ` դելիկատես: Գնի պատճառով, իհարկե: Հիմա փորձեք սրանից հետո այցելել մարզեր, իջնել ներկայացուցչական ավտոմեքենայից ու գյուղամիջում կանգնել մարդկանց առաջ: Իսկ գյուղացին, որքան քաղաքավարի, նույնքան էլ անկեղծ ու անմիջական մարդ է: Քչփորեք էլեկտրոնային լրատվամիջոցների տեսապահոցները ու կհամոզվեք, որ գյուղնախարարին կարելի է արիության մեդալի պես մի բանով պարգեւատրել: Ու զուտ այս տեսանկյունից ապագա պառլամենտական ընտրությունները սպառնում են դառնալ ամենահետաքրքիրը: Անկախ հերթական կամ արտահերթ լինելու փաստից: «Սպառողական գների ինդեքսի» վերջին հրապարակման մեջ Վիճակագրության ծառայությունը համեմատական աղյուսակ է տպագրել: Ներկայացված են մոտ 45 երկրների տվյալներ անցած տարվա գնաճի մասին: Բարձր գնաճի ցուցանիշով, ըստ այդ աղյուսակի, Հայաստանը երկրորդն է: Մեր երկրում գնաճը մոտ չորս անգամ գերազանցում է Եվրամիության երկրների միջին ցուցանիշին: Ուստի ապագա ընտրություններն ինչ-որ իմաստով գլադիատորական խաղեր են հիշեցնելու: Մարտը սկսելուց առաջ գլադիատորները ողջունում էին ներկա ամենաբարձրաստիճան հանդիսականին` ասելով. «Մահվան գնացողը ողջունում է քեզ»: Ողջույնի նույն տեքստով մեր իշխանավորները հավանաբար հրաժեշտ կտան հարազատներին ու իրենց մարզ ուղարկող կուսակցապետերին: Ինչպե՞ս է հասարակ քաղաքացուն, գյուղացուն բացատրելու, օրինակ, իշխող Հանրապետական կուսակցությունը, թե ինչո՞ւ է կրկին ցանկանում վերընտրվել: Ինչպե՞ս է բացատրելու կառավարության այս անգործությունը: Իշխող կուսակցությունների ներկայացուցիչները հրաժեշտ կտան ու կմեկնեն մարզեր` լսելու ընտրողների կարծիքն իրենց մասին: Հավանաբար, միայն կլսեն ու չեն խոսի: Որովհետեւ ասելիք չունեն: Բայց շատ հնարավոր է, որ նրանք այսօր այսքան հանգիստ են, որովհետեւ գիտեն 5-հազարանոց դրամի մոգական ազդեցությունը: Հայտնի բան է` ամենակայուն դրամական միավորն արդեն երկու հազար տարի 30 արծաթն է: Ու հենց 5-հազարանոց քվեն է 30 արծաթի նորօրյա փոխարժեքը: Կայուն փոխարժեքը: Անկախ գնաճի ցուցանիշից: