«Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան» հայտարարություն է տարածել, որով պահանջում է անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ըստ բազմաթիվ աղբյուրների` սույն թվականի մայիսի 23-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ականատեսների ներկայությամբ հայհոյել եւ հարվածել է ուսանողական տարիներին բարձր առաջադիմությամբ եւ ուսանողական կյանքում ակտիվությամբ աչքի ընկնող մի շրջանավարտի, ինչին ականատես են եղել ուսանողներ եւ համալսարանի վարչակազմի անդամներ: Նման պահվածքը ոչ միայն վայել չէ մեր «ալմա մատեր»-ի պաշտոնատար անձին, այլեւ անհանդուրժելի երեւույթ է եւ չի կարող մնալ անպատիժ: Ֆրանսիական համալսարանի հազարի հասնող շրջանավարտներն իրենց ակտիվ մասնագիտական եւ հասարակական գործունեությամբ միշտ ձգտում են բարձր պահել համալսարանի պատիվը, մինչդեռ վարչակազմի բարձրաստիճան մեկ անդամի կողմից կատարված նման դատապարտելի արարքները արժեզրկում են Հայաստանում ֆրանսիական համալսարանի, որպես բարձրորակ եվրոպական ուսումնակրթական օջախի ստեղծման եւ գոյության գաղափարը: Հաշվի առնելով վերոնշյալը` Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար խորհուրդը, համալսարանի կողմից որեւէ հակաքայլ անելու մտադրություն չտեսնելով, ելնելով համալսարանի բարի համբավը եւ շրջանավարտների շահերն ու իրավունքները պաշտպանելու իր կանոնադրական նպատակներից, պահանջում է ուսումնական հաստատության պաշտոնատար անձին անհարիր պահվածք դրսեւորող եւ ողջ համալսարանի բարձր հեղինակությունն ու պատիվը ստվերող անձի անհապաղ ազատում իր զբաղեցրած պաշտոնից»: