Քիչ խոսեք

02/06/2011

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետներն առաջին անգամ հայտարարել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը, հնարավոր է, կապված է ուղեղի քաղցկեղի զարգացման հետ: Այդ մասին հաղորդել է «Reuters» գործակալությունը. ըստ այդմ` բջջային հեռախոսների օգտագործման հետեւանքով մեծանում է չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը: Մյուս կողմից` բջջային հեռախոսների օգտագործման եւ քաղցկեղի առաջացման միջեւ կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որեւէ լուրջ եզրակացություն անելու համար: Այդ մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31 գիտնականներից բաղկացած խումբը: Ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման եւ բջջային հեռախոսների օգտագործման միջեւ կապի մասին ընդհանրապես որեւէ ապացույցներ չկան: Նոր եզրակացությունը կարող է ստիպել ԱՀԿ-ին վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները, սակայն գիտնականների կարծիքով` այս հարցին հստակ պատասխան տալու համար դեռեւս մի շարք հետազոտություններ պետք է արվեն: «Ուսումնասիրելով գործնականում բոլոր արդիական վկայությունները` աշխատանքային խումբը դասակարգել է բարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական դաշտերը` որպես մարդու համար պոտենցիալ կանցերոգեն»,- հայտարարել է ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավար Ջոնաթան Սամեթը: Նրա խոսքով` ապացույցներ կան, որ «բջջային» ճառագայթումը կարող է հանգեցնել գլիոմայի (ուղեղի քաղցկեղի տեսակ) զարգացմանը: Այն մասին, որ ռադիոհաճախականության ազդանշանների մշտական ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, գիտնականները բազմիցս են ասել: Բացի այդ, բազմաթիվ հեռախոսատերեր բողոքում են հեռախոսակապի կողմնակի ազդեցություններից` հաճախակի գլխացավեր, հիշողության եւ կենտրոնացման կորուստ, թմբկաթաղանթների լարվածություն եւ հանկարծակի հոգնածություն: