«Որ օրը տրուսիկ հագնեմ՝ կհիվանդանամ, կմեռնեմ»,- ասում է Սպիտակի «մաուգլին»` 77-ամյա Սոֆիկ տատը

02/06/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Առատ տեղացող անձրեւը Վայոց ձորի Սպիտակ քաղաքի վագոն-տնակները «թաղել» է ցեխաջրի մեջ: Անձրեւից պատսպարված անմարդ փողոցների ֆոնին լճի մեջ լողացող կիսամերկ պառավ կինն իսկական ֆիլմի «կտոր» է: Փեշերը քշտած Սոֆիկ տատը գետառի մեջ էնպես է ցայվում, ասես` իր լոգարանում, փակ դռների ետեւում վայելում է ջրի թարմությունը: Գետառի եզրագծով անցնող սպիտակցիները «քրքջալով» նայում են Սոֆիկ տատին ու անձայն հեռանում են` հասկացնելով, որ Սոֆիկ տատի մասսայական լոգանքն իրենց համար սովորական երեւույթ է: Ինձ տեսնելիս 77-ամյա տատը խառնվում է իրար, բայց ոչ թե կիսամերկ լինելու փաստից` ամոթից: «Խո բան չի՞ եղել, հը՞, եկել ես ինձ բռնե՞ս»,- արագ-արագ հարցնում է նա: «Չէ,- ասում եմ,- հո ոստիկան չե՞մ, որ քեզ բռնեմ»: Սոֆիկ տատը մի տեսակ անհանգստացած դուրս է գալիս ձորակի գետառից ու տնտղող հայացքով ինձ ուսումնասիրելով` ասում է` «Ես էնքան բան գիտեմ գողերի ու բոզերի մասին, որ չեմ զարմանա, եթե ինձ բռնեն: Բա խի՞ ես եկել»: «Եսիմ, Սպիտակում ռեպորտաժներ եմ պատրաստում, ուզում եմ էս քաղաքի, մարդկանց մասին մի քիչ նյութեր գրեմ»,- պատասխանում եմ: Միասին քայլելով Սպիտակ քաղաքի ձորակին կից փողոցներով, զրուցելով գնում ենք դեպի նրա վագոն-տնակը: Անցնող-դարձողների համար տատի բառապաշարի «հմայքը» սովորական բան է, դրա համար էլ Սոֆիկ տատն ինձ հորդորում է` «Դու վատ մի զգա իմ քֆուրներից: Սաղ ազգ ու տակը գիտի, որ Սոֆոն քֆուրչի կնիկ ա, դրա համար էլ ինձ սաղ հարգում են: Եթե ուզում ես իմ կենսագրությունը իմանաս ու գրես, ուրեմն` պիտի սկսես նրանից, որ ես կյանքում տրուսիկ չեմ հագել: Դա շատ կարեւոր բան ա, պիտի իմանաս, որ եթե մի օր Սոֆիկը տրուսիկ հագնի` էդ օրը շունչը կկտրի ու տուտ ժե կմեռնի: Իմ մահն ուզողները կարան ինձ տրուսիկ հագցնեն ու հասնեն իրանց նպատակին»: Սոֆիկ տատի սկսած թեմաներից խառնվելով` փորձում եմ ընդհատել նրան. «Սոֆիկ տատ, անհարմար է, մարդիկ լսում են…»։ Ծիծաղելով ինձ խորհուրդ է տալիս` վատ չզգալ, քանի որ «ալամ-աշխարհը» ծանոթ է իր «զրույցների» հայհոյախառն բովանդակությանն, ու ամբողջ Սպիտակը տեղյակ է, որ ինքը երբեք «տրուսիկ» չի հագնում, քանի որ չհավատացողներին առանց վարանելու տեղում ապացուցում է: Փողոցի մեջտեղում կանգնած տատը, տեսնելով թերահավատ հայացքս, բարձրացնում է փեշն ու շուրջս հավաքված մարդկանց ներկայությամբ ասածն ապացուցում է. «Բալամ, դու քաղաքի աղջիկ ես, բայց պտի իմանաս, որ ըսկի Սերժը չի կարա ինձ ասի` Սոֆո, կարգին խոսա: Նենց որ, եկել ես` պիտի քաշես: Մյուս անգամ որ գաս մոտս` իմ համար դամաշնիկ կբերես: Լսա՞ր, Սոֆոն մեռնի… (անվայելուչ խոսքեր է ասում.- Լ.Ս.)»: Հետո ինձ կանգնեցնում է փողոցի մեջտեղում ու հրահանգում մի քանի րոպե սպասել: Անցորդներն ասում են` բնական կարիքները հոգում է ծառերի, թփերի տակ, ձորակի քարերի ետեւում: Մարդիկ Սոֆիկ տատի մասին անսովոր բաներ են պատմում, բայց բոլորն էլ սիրով ու ժպիտով են խոսում նրա մասին: Սպիտակի վագոն-տնակի բնակիչ Նարինեն ասում է, որ 77-ամյա այս կինը վայրի ցեղերին հատուկ կենսակերպով է ապրում. «Մեր մաուգլին ա»: Ամեն առավոտ Սոֆիկ տատը, ամառ թե ձմեռ, գնում է ձորակի գետառ, մերկանում է ու լողանում սառը ջրով: Ասում են` նույնիսկ ձմեռվա սառնամանիքին նա բոբիկ է քայլում: «Ախր դուք չեք հավատա, թե սա ինչ երեւույթ ա, սրա նմանը էս աշխարհում չկա: Էդ տարիքին ձմեռվա սառած գետի մեջ տկլորանում-լողանում ա ամեն օր, կարիքներն էլ դրսերում ա հոգում, զուգարան չունի: Կիլոմետրերով ոտքով ա քայլում, երբեք չես տեսնի, որ տրանսպորտ նստի: Սա յուրահատուկ մարդ ա»,- ասում են սպիտակցիները: Մի խումբ մարդկանցով շրջապատված` սպասում ենք Սոֆիկ տատին, ով մոտենալով բղավում է` «Հըլը դավայ ստուց, ցվրվեք, ես ձեր… (հայհոյում է.- Լ.Ս.)»: Մարդիկ ծիծաղելով տատին հորդորում են մի քիչ կոռեկտ խոսել հյուրի ներկայությամբ, բայց նա, ի հակառակ համաքաղաքացիների, գոռալով բացահայտում է հայհոյանքների իր «շտեմարանը»: Ասում եմ` «Անհարմար ա, ա՛յ տատ, մեծ կին ես»: «Ի՞նչն ա անհարմար, էս աշխարհում իմ համար ամեն ինչն էլ հարմար ա: Տենց բան չկա, որ Սոֆոյին չհարմարվի, դու էլ պտի հարմարվես: Որ մեծ եմ` պտի քֆուր չտա՞մ, ես նենց պաշտոնավորների եմ քֆուր տալիս, որ ձենները կտրած` ապրում են: Քելե գնացինք…»: Արագավազ Սոֆիկ տատի վագոն-տնակի երկար ու ձիգ տարածությունը հաղթահարելուն չդիմանալով` առաջարկում եմ տաքսի նստել. «Տո դու կարա՞ս Սոֆոյի ուժին դիմանաս, սկի ավտոները իմ ոտերի չափ չեն կարա քշեն, քելե…»: Տաքսու վարորդի հետ ունեցած զրույցը հրապարակման ենթակա չէ, որովհետեւ այդ խոսակցության ամեն երկրորդ բառը հայհոյանք է: «Սոֆո՛, մենք քեզ գիտենք, բայց էս աղջկա մոտ տենց մի խոսա»,- ասում է վարորդը, ում Սոֆիկ տատը մարմնի գրեթե բոլոր հատվածների վերաբերյալ այնպիսի հայհոյանքներով հալածանք է իջեցնում, որ վերջինս տղամարդ «հալով» պապանձվում է: Տաքսու վարորդն ասում է, որ Սոֆիկ տատը Սպիտակի «զոն նայողն» է, որից վախենում են անգամ քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները: Ընդ որում, եթե նրան փող է պետք, ապա քաղաքային իշխանության ներկայացուցիչները չեն կարող չբավարարել նրա պահանջը: Ասում են` քաղաքապետը նրան ամսական գումար է տալիս, իսկ միլպետը վճարում է նրա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը: «Ասենք, եթե իրան փող-մող ա պետք, չէ՞, գնում ա քաղաքապետի կամ ուրիշ պաշտոնյաների մոտ, ասում ա` նայի, եթե չտվիր, կբարձրանամ կռիշ ու նենց քֆուրներ կտամ, քո մասին նենց բաներ կասեմ…»: Սոֆիկ տատը, սակայն, ասում է, որ իրեն օգնում են, որովհետեւ հարգում են. «Սաղի մասին նենց բաներ գիտեմ, որ էդքան դուխ ունե՞ն, որ չտան: Դու գիտե՞ս գողության, բոզության մասին իմացողներին ոնց են նայում… Բերանս փակելու համար իմ ուզածը պտի անեն: Բայց մի բան պիտի ճիշտը ասեմ. մեր քաղաքապետը շատ լավ տղա ա, ընձի շատ ա հարգում ու օգնում: Էտի լրիվ մաքուրով ա անում: Մնացածը ձեռիս տակ են: Հասանք, իջի…»:

Սոֆիկ տատի ապրելատեղն էնքան խորհրդավոր է, որ մի տեսակ տագնապ առաջացնող մթնոլորտ կա: Վագոն-տնակի ներսը դրսից սարսափելի է, որտեղ ապրող կատուն ու շունն իրենց լրիվ տանտեր են զգում: Էլեկտրական սալիկին դրված թասով ճաշն ավելի շատ շան լափի նման է: Ասում է` «Էս ա իմ ընտանիքը, իմ սիրելի շունն ա, էս էլ կյանքս` կատուս: Մեկի անունը Սերժ ա, մյուսինը` Տիկո: Էս նախագահս ա, էս էլ` կառավարությունս, բայց ամենամեծ ղեկավարը ստեղ ես եմ: Ինձ չլսեն` սատկած են: Նույն ամանից, նույն գդալից իրեքով ճաշ ենք ուտում: Տեսա, որ պետությունս ու կառավարությունս ինձ տիրություն չեն անում, սկսա ես իրանց տիրություն անել: Հացս կիսում եմ իրանց հետ: Սերժն ու Տիգրանը ինձ որ լսեն` իմ նման կանեն: Հացը կկիսեն ուրիշների հետ: Երկուսին էլ նենց եմ դաստիարակել, որ լավ, մի ընտանիքի պես յոլա են էթում»: Սոֆիկ տատի «Նոյի թվի» պահարանի հայելու վրա փակցրած լուսանկարը միակ բանն է վագոն-տնակում, որը հուշում է նրա կյանքում ինչ-որ մեկի գոյության մասին: Հարցնում եմ` «Իսկ նկարինն ո՞վ ա»: Ամբողջ ընթացքում էստեղից-էնտեղ վազվզող տատը հանկարծ բռնում է ծնկները, ու «մայրանալով»` մի տեսակ նրանից հեռանում է տղամարդավարի հայհոյող վայրենի կինը: Անսպասելի սկսում է լաց լինել, ինչից անակնկալի եկած` չեմ հասցնում մարսել նրա փոխակերպումը. «Տղես ա, բալամ, ջահել-ջիվան տղես: Միակ զավակս. Ղարաբաղում կամավորական էր, կռվելուց զոհվեց ու ինձ թողեց սենց… Մի հարցրա, էլ չհարցնես»: Սոֆիկ տատն էնպես է տխրում ու լացում, որ որդու մասին իմ հարցերը նրան թեւաթափ են անում: Այլեւս չի ցանկանում խոսել, նույնիսկ հայհոյել: Ասում եմ` «Տա՛տ, խնամող չունես, ո՞նց ես էս հողամասը մշակում»: Ասում է, որ 2000 քմ հողատարածքը միայնակ փորում, մշակում ու բերք է ստանում: Հարեւաններն ասում են, որ բոլորն ապշում են, թե ինչպես է նա այդ տարիքում կարողանում հսկայական տարածությամբ հողատարածքը մշակել: «Ծնված օրից սառը ջրով ամեն օր գետում լողանում եմ: 77 տարիների ընթացքում չգիտեմ բժիշկն ով ա, ինչացու ա, մինչեւ հիմա ոչ ցավ, ոչ էլ պրոբլեմ եմ ունեցել: Մի պղինձ ճաշը միանգամից կուտեմ, կոֆեն կխմեմ ու լապատկեն կառնեմ, կփորեմ: 5 րոպե չեմ կարա նստեմ, ժամը 8-ին էլ ճրագի պես հանգչում եմ: Էս ի՞նչ ա, որ չկարենամ անեմ, աշխարհը պետք ըլնի շուռ տալ` թող դիմեն մաուգլի Սոֆոյին` շուռ կտա: Պաշտոնավորներից մեկին ասի` նայի… (հայհոյում է.- Լ.Ս.), թիկնապահին հրամայեց, հանեց փող տվեց: Էդ ա, ծնված օրից իմ դասն էդ ա` քֆուրը, դրանց ես լավ դաս եմ տալիս: Էրեւանում չեմ եղել կյանքում, ինձ տար դրանց էլ մի լավ դաս տամ, բայց կյանքում խիղճ ունեցողներին չեմ քրֆել, մենակ գողերին ու բոզերին: Իմ խղճով հընգերներին չեմ նեղում»: Ասում է, որ ամենաշատը հարգում է Սեյրան Օհանյանին, ում համարում է խղճով «հընգեր»: «Հըմի մտնենք մեր նախագահի մոտ` շորերը հագից հանի տա ինձ: Ընձի հարգում են, դրա համար իմ ասածն օրենք ա: Կեթաս կգրես` Սոֆոն մեռնի Սպիտակի նախագահ Սահակյան Գագոյին, չտեսնված տղա ա, ես իրա ցավը տանեմ»:

Ինձ ճանապարհելիս Սոֆիկ տատն ասում է, որ մի օր իրեն Երեւան տանեմ, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում մայրաքաղաքում չի եղել: Նույնիսկ Վանաձորը չի տեսել: Ասում է` «Տար տենամ` ինչ ա կատարվում Երեւանում: Գողերին ու բոզերին դաս տամ, դիսցիպլինա մտցնեմ»: Խմբված հարեւանները ծիծաղում են, բայց չեն հանդգնում նրան հակադրվել: Սպիտակում բոլորն են ճանաչում այս ծեր կնոջը: Բոլորն էլ սիրում ու հարգում են: Խղճով «հընգերները» նրա հետ բարեկամություն են անում, իսկ գողերն ու բոզերը` վախենում են: Ու վախենալով` կատարում են նրա բոլոր պահանջները: