Երեք օր է՝ Երեւանի Գումի շուկայի մսամթերքի առեւտրի կետերի աշխատակիցները զբաղված են ոչ թե միս վաճառելով, այլ ներկարարության եւ խանութների կոսմետիկ «բարեկարգման» աշխատանքներով:
«Ամեն ինչ եվրոպական ստանդարտներին են ուզում համապատասխանեցնել, բայց ոչ եվրոպական աշխատավարձ են տալիս, ոչ էլ եվրոպական թոշակ»,- երեկ մեզ հետ զրույցում ասացին մսավաճառները: «Ոչ մեկը չգիտի: Իրանք ոչինչ չեն ասում, եկան փակեցին, ասեցին՝ էլ չեք աշխատում: Ասում են՝ սանիտարական վատ վիճակ ա: Էս իրանց արածը ցեղասպանության նման մի բան ա: Հա, մենք էլ ենք համաձայն, որ սանիտարական վիճակը պիտի լավացնենք, բայց ժամանակ պիտի տրվի մեզ, ոչ թե գան սաղ խանութները փակեն: Մարդիկ լավ օրից չի, որ էստեղ աշխատում են»,- նշեց մսավաճառներից մեկը:
Մսամթերքի առեւտրով զբաղվողների փոխանցմամբ՝ երեքշաբթի առավոտյան մի խումբ պաշտոնյաներ եւ ոստիկաններ «լցվել» էին խանութներ՝ արգելելով մսի վաճառքը եւ պահանջելով ժամանակավոր դադարեցնել մսի առեւտուրը: «Ամեն մի քոթուկի հետեւին ամենաքիչը 2-3 ընտանիք կա: Գոնե մտածո՞ւմ են, թե քանի՞ ընտանիքի հաց են կտրել»,- նշեցին մսավաճառները: Վերջիններիս փոխանցմամբ՝ Գումի շուկայի հանդիպակաց մայթին ավելի քան 70 մսամթերքի առեւտրի կետեր կան: Նրանց հաշվարկներով՝ մոտ 1000 հոգի սոված կմնան: Ըստ նրանց՝ իրենք եւս կողմ են սանիտարական պայմանների բարելավմանը, բայցեւ դրա համար նախապես պետք է զգուշացնեին իրենց, ժամանակ տրամադրեին եւ ոչ թե հանկարծակի հայտնվեին՝ արգելելով առեւտուրը: «Ոչ պեսոկ ա, ոչ շաքար ա, որ մի յանի վրա դնենք` չփչանա: Մարդ կա` 1000 դոլարից ավելի միս ա վնասել երեկվանից: Էդ վնասը մեզ վրա ա»,- ասաց մսավաճառներից մեկը՝ հանգամանորեն նկարագրելով իրավիճակը: Նրա ասելով՝ մսավաճառներ կան, որոնք ամենաքիչը 120 կգ միս են փչացրել մեկ օրվա ընթացքում: «Մեր բախտը բերեց, որ միսը ծախել-պրծել էինք: Ահավոր վատ ա առեւտուրը: Անասնակերը թանկացել ա: 10 օր առաջ տավարի միսը դառել ա 2400 դրամ՝ առաջ 2000-2200 դրամ էր, խոզի միսը՝ 2400-2500 ա դառել, գառան միսը՝ 3500 դրամ»,- նկատեց մեկ այլ մսավաճառ: Ընդ որում՝ մսավաճառները խուսափում էին իրենց անուն-ազգանունները նշել, քանի որ նրանցից քիչ հեռու ոստիկանները հետեւում էին խանութների «բարեկարգման» աշխատանքներին: Մսավաճառներից ոմանք մեր այցելության օրը ներկում էին իրենց խանութ-տաղավարների երկաթյա հատվածները: Այդ հրահանգը նրանց տրվել էր Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից: Այդ ընթացքում ոստիկանները հսկում էին մսավաճառներին, թե ինչպես են ներկում տաղավարները: «Ես սառնարան ունեմ: Ինձ ասել են՝ ներկեմ-մերկեմ: Հիմա լվանում եմ խանութը: Էսքան ժամանակ իմ խանութից բողոքներ չեն եղել»,- ասաց մսավաճառներից մեկը՝ ներկելով խանութի ցուցափեղկը:
«Եթե հետո էլ չթողնեն խանութները բացենք, թողնելու ենք էթանք Ռուսաստան: Եթե էդքան մտածում են՝ կարելի ա տարին 12 ամիս ստուգումներ անել, ոչ թե տարին մի անգամ` երբ իրանց պետք ա: Կարան, չէ՞, ամիսը երեք անգամ հետեւել, ոչ թե տարին մի անգամ»,- նշեց երիտասարդ մսավաճառներից մեկը, ում խոսքերը հաստատեցին նաեւ մյուս աշխատակիցները: Վերջիններիս հավաստմամբ՝ ցանկացած փաստաթղթի համար իրենք գումար վճարում են, եւ անգամ այն փաստաթղթերի համար, որոնք պետք է անվճար տրվեն: «Ռայոնից ամեն սպրավկայի համար փող ենք տալիս: Մի սպրավկան 2500 դրամ ա: Էսօր մեր երկրում ցանկացած թղթի համար փող ենք տալիս: Ձուկը գլխից ա հոտած»,- ասացին նրանք: «Ասում եմ` սառնարան ունեմ, տաք-սառը ջուր ունեմ, վերջում էլ ասում են՝ գլխարկդ խի՞ ես թարս դրել»,- զայրացած ավելացրեց մսավաճառներից մեկը: Երիտասարդ մսավաճառներից մեկը, որ ուշադիր հետեւում էր մեր զրույցին, խնդրեց ձայնագրիչս անջատել, որից հետո ասաց. «Կարճ-կոնկրետ` մի բան ասեմ Ձեզի՝ էսի փող լվալու ձեւ ա: Վսյո»: Ավագ մսավաճառներն այս հարցում տարակուսեցին: Նրանց կարծիքով՝ ստուգումների հանկարծակի անցկացումը պայմանավորված է տարածքի վաճառքով: Ըստ նրանց՝ դեռեւս մեկ տարի առաջ խոսակցություններ կային, թե տարածքը գնելու է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: «Հիմա չգիտենք՝ ինքն ա, ինքը չի, բայց նաղդի էս տարածքի վրա մեկը աչք ա դրել»,- ընդգծեցին մսավաճառները՝ մատնանշելով նաեւ սուպերմարկետները: «Ըտենց են անում, որ իրանց խանութների (նկատի ունեն սուպերմարկետները.- Մ.Մ.) միսը վաճառվի: Բայց որ էդտեղի միսն էլ ցելոֆաններում փակ ու փտած ա` էդ էլ գիտենք»,- շարունակեցին նրանք: «Երեքշաբթի առավոտյան ստուգումներ են տեղի ունեցել, որի արդյունքում փակվել են գրեթե բոլոր տաղավարները, որովհետեւ դրանք համապատասխան ձեւերը չեն ունեցել առեւտուր իրականացնելու կամ ընդհանրապես չեն համապատասխանել առեւտուր իրականացնելու պայմաններին: Գրեթե բոլոր տաղավարները փակվել են»,- նշեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Բաբկեն Գրիգորյանը՝ ընդգծելով, թե մսավաճառները պետք է հետեւեն օրենքին: Մեր հարցին, թե ինչպես հասկանալ օրենքը միայն այսօր հիշելու հանգամանքը, եթե մարդիկ 20 տարի շարունակ նման պայմաններում առեւտրով են զբաղվել, նա ասաց. «Նոր չհիշվեց: Դեռեւս ստուգումներ տեղի են ունեցել նախորդ պետի ժամանակ, չնայած ես կարող եմ պատասխանատու լինել իմ վերջին աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցող աշխատանքների համար: Ծառայությունը միայն սրանով զբաղված չի: Մոտ օրերս մամլո ասուլիսում մենք կհրապարակենք նաեւ մնացած աշխատանքները, որոնք արդեն իրականացվել են, բայց չպայքարել վատ երեւույթի դեմ, կարծում եմ՝ ճիշտ չի»: Իսկ ինչ վերաբերում է աշխատանք կորցրած մսավաճառներին, Բ. Գրիգորյանն ասաց. «Ընդամենը որոշակի ժամանակով կասեցված է, ու էս մարդիկ, ճիշտ է, այսօր աշխատանք չունեն, բայց մյուս կողմից` պետք է մտածել նաեւ սպառողների մասին: Իրենցից վերցվել է նմուշառում, թե արդյո՞ք վտանգավոր չէ այն միսը, որ այսօր շրջանառության մեջ է դրվում»: Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատակցի փոխանցմամբ՝ տաղավարները փակ կմնան այնքան ժամանակ, մինչ մսի փորձանմուշի պատասխանը պատրաստ լինի, եւ կամ մսի առեւտրով զբաղվողները կարգի կբերեն իրենց տաղավարները: «Մենք դեմ չենք դրան, բայց ախր մի օրում մտնել սաղ խանութները փակել, ճիշտ չէ, չէ՞: Բա սա էլ մեր օրվա հացն ա: Կոմունիստների ժամանակ մի անեկդոտ կար, որ ասում էին՝ սաղիդ պիտի տանենք հրապարակ կախենք, հարցնում էին՝ պարանը մենք բերե՞նք, թե՞ դուք եք տալու»,- ավելացրեց մսավաճառներից մեկը: