Կաննի 64-րդ միջազգային փառատոնի կինոշուկայի աշխատանքներին, որպես անկախ կինոարտադրող, մասնակցել է նաեւ հայաստանյան «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշըն» ստուդիան, որի համար Կաննը դարձավ սեփական արտադրանքը ներկայացնելու առաջին խոշոր հարթակը: Ընդամենը 1,5 տարվա պատմություն ունեցող ստուդիան Կաննի շուկա էր տարել 7 նախագծեր, որոնք արտադրության տարբեր փուլերում են գտնվում: Ստուդիան իր 2 նախագծերը` «Փախուստը» եւ Նահապետ Քուչակի պոեզիայի հիման վրա արված «Հայրենները», ներկայացրեց նաեւ «Short films corner» ծրագրում:
Ըստ ստուդիայի ղեկավար, անիմատոր Դավիթ Սահակյանցի` Կաննում հսկայական փորձ ձեռք բերեցին: «Ճիշտն ասած, Կաննում մենք իսկական շոկ ապրեցինք` տեսնելով, թե որքան տրամաբանական, անխափան ու գրագետ է գործում կինոշուկայի մեխանիզմը: Մեզ թվում էր, որ բավականին սնոբիստական մթնոլորտ է ստեղծված, եւ գրեթե անծանոթ հայաստանյան ընկերությունը չի կարողանա իրական համագործակցություն հաստատել: Բայց երբ հերթը հասնում էր կոնկրետ նախագծերի պրեզենտացիային, մեր բոլոր պրոյեկտները մեծ ուշադրության էին արժանանում, ինչը հաճելիորեն զարմացրեց մեզ: Հիմա կարծես փորձում ենք «մարսել» փառատոնային աժիոտաժը, որն իրականում հսկայական էֆեկտ կարող է ունենալ»,- պատմում է նա: Ըստ Դ. Սահակյանցի` օտարերկրյա գործընկերներ գտնելու շանսեր ունի «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, որը դասական մուլտիպլիկացիայի ժանրում է արվում: «Անահիտի» հատվածները տեսնելով` շատերը զարմանում էին, որ փոքր Հայաստանում նման խոշոր նախագիծ է արվում, քանի որ ընդհանրապես շատ քիչ երկրներ կարող են թույլ տալ իրենց լիամետրաժ մուլտֆիլմ անել»,- ասում է նա: Իսկ լուսահոգի Ռոբերտ Սահակյանցի «Դա Վինչի կատուն» անավարտ մուլտֆիլմը, որն այժմ ձայնի մշակման փուլում է, ռեալ դիստրիբյուցիոն շանսեր է ձեռք բերել: Դ. Սահակյանցը նշում է, որ իրենց արտադրանքով հետաքրքրվել են ֆրանսիացիները, իրանցիները, չինացիներն ու չեխերը: «Այդ խոշոր փառատոնի կինոշուկան երկար ճանապարհ է: Եվ կարեւորն այն է, որ մենք հիմա այդ ճանապարհի վրա ենք: Եվ հարկավոր է բանակցությունների փուլից անցնել գործնական աշխատանքի: Մենք շատ նախնական պայմանագրեր ունենք, որոնք այժմ շարունակվում են` ինտերնետային նամակագրությամբ: Եվ եթե նախնական պայմանավորվածությունների գոնե որոշակի տոկոսն իրականություն դառնա, մենք շատ ուրախ կլինենք»: