Նկարիչ-անիմատոր Նաիրա Մուրադյանը զարմանալի ներդաշնակ անձնավորություն է, ով ապրում ու աշխատում է իր ներքին օրենքների համաձայն: Նա պատմում է, որ մանուկ հասակում իր անհատական աղոթքն էր հորինել ու Աստծուց միայն մեկ բան էր խնդրում. ուզում էր, որ Բարձրյալը, վերջիվերջո, հաշտվի Սատանայի հետ: Եվ իր ֆիլմերում (վերջերս` նաեւ կոլաժներում) կարծես հենց այդ հաշտեցման ուղիները որոնելով է զբաղված: Նրա ստեղծագործական ձեռագիրը միանգամից կռահվում է առաջին իսկ դրվագից կամ նկարից: Ալեգորիկ ու միաժամանակ հավաստի (երեւակայությունն ընդհանրապես ամենահավաստի բանն է) ֆիլմերն ու պատկերաշարերը նա հագեցնում է խոհերով, իմաստների խաղով, իրականի ու անիրականի համադրումով: Եվ իր խաղ-որոնումներից մեծ հաճույք է ստանում: Ն. Մուրադյանն ապրում է Ձորաղբյուր գյուղում` իր ընտանիքի, Գոդո գամփռի ու Կիկոս կատվի հետ: Սկզբունքորեն իր տնից վերացրել է հեռուստացույցն ու խորասուզվել նոր ծնվող ֆիլմի մեջ: «Տերտերյան. բալետ» պայմանական անվանումն ունեցող անիմացիոն ֆիլմը շատ նուրբ պատմություն է, որի կենտրոնում փլուզումն ու կառուցումն է: Ֆիլմում Օպերայի եւ բալետի շենքն է կառուցվում (եւ բեմում, եւ իրականում): Եվ միաժամանակ կառուցվում են մարդկային հարաբերությունները:
– Այդ ֆիլմը ծնվեց Ավետ Տերտերյանի երաժշտությունից: Լսեցի, սկսեցի նկարել` բնավ մտադրված չլինելով ֆիլմ անել: Բայց եկավ մի պահ, երբ պատկերն ու երաժշտությունը համընկան ու միմյանց շարունակությունը դարձան: Ասեմ, որ անձամբ ես Տերտերյանի երաժշտության սիրահարը չեմ, բայց այն կարծես հենց կինոյի համար գրված լինի: Տերտերյանի երաժշտությունը այնպես մոնտաժվեց մտքումս, որ արդեն իսկ ֆիլմ դարձավ: Եվ այդ ֆիլմը հիմա ինքն իրեն հասունանում ու զարգանում է:
– Տերտերյանի երաժշտության լարումը կարծես պերսոնաժներին է փոխանցվում:
– Իմ ստեղծած ընտանիքում շատ ծանր ու լարված հարաբերություններ են: Կինը չի սիրում ամուսնուն ու չի էլ թաքցնում դա, իսկ բռնակալի տիպար ունեցող տղամարդն էլ բնավ արժանի չէ սիրուն: Կա նաեւ փոքր տղա, ում համար կյանքը շատ բարդ մի բան է: Եվ այդ ընտանիքը Ավետ Տերտերյանի բալետի պրեմիերային է գնում ու շատ հետաքրքիր բաներ է իր համար պարզում:
– «Տերտերյան. բալետ» ֆիլմի տողատակում հնչում է այն միտքը, որ եւ ընտանիքում, եւ քաղաքում ինչ-որ բան այն չէ, որ հարաբերությունները խզված են: Դա միտումնավո՞ր է շեշտվում:
– Իհարկե, այդ միտքը կա, բայց ֆիլմի ֆինալում ամեն բան հանգում է նրան, որ փրկություն, այնուամենայնիվ, կա: Այդ բռի, բռնակալ, բռնաբարող մարդը տեսնելով, որ իր կինն ու երեխան մեքենայի հետեւի նստարանին հոգնած քնած են, ակամայից ժպտում է: Այսինքն` այդ մարդու ուղեղը փայլատակում է, ու նա ընդունում է, որ կյանքը վերջիվերջո միայն ունենալու, տիրանալու մեջ չէ, որ կարելի է հաճույք ստանալ քո կողքինների ներդաշնակ վիճակից: Դա էլ յուրատեսակ կատարսիս է: Ընդհանրապես ֆինալը ֆիլմի ամենակարեւոր հատվածն է: Ես, օրինակ, ֆիլմը չեմ սկսում, երբ ֆինալը մտովի չեմ ունենում:
– Իսկ ե՞րբ է ֆիլմը պատրաստ լինելու:
– Ֆիլմը միայնակ եմ պատրաստում, թեեւ կան դրվագներ, որոնք կարելի էր այլ մասնագետների պատվիրել ու ժամանակ շահել, բայց ես այդ հնարավորությունը չունեմ:
– Ըստ սյուժեի` բալետի պրեմիերայի ժամանակ դիրիժորը մի պահ շրջվում է դեպի հանդիսատեսն ու ցուցադրում, որ կրծքի վրա ռումբ է ամրացված: Ասես զգուշացնում է` չհեռանաք, թե չէ կպայթեցնեմ: Ու հանդիսատեսը վախից կրկին նստում ու ստիպված լսում է: Պետք է ստիպե՞լ, ինչպես այդ «ահաբեկիչ»-դիրիժորն է անում:
– Այդ հատվածում օգտագործվել է Տերտերյանի ստեղծագործության այն հատվածը, երբ 6 րոպե շարունակ միայն մեկ նոտա է հնչում: Եվ դիմանալն իրոք դժվար է, բայց կարծում եմ, դիմանալ պետք է: Վերջիվերջո, եկեք ընդունենք, որ փրկությունն իսկապես արվեստի մեջ է: Չէ՞ որ մենք կարող ենք հուզվել, կարեկցել, արտասվել ֆիլմ դիտելիս կամ երաժշտություն լսելիս: Ես, օրինակ, այնքան եմ հուզվում, որ կարող եմ ժամերով լաց լինել: Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ: Միգուցե միայն նման պահերին է մեր հոգին ապրում, կամ էլ ավելի ստույգ ասած` արթնանում: Կարծես միայն արվեստի հետ առնչվելու ժամանակ է մեր մաշկի վրա գոյացած հաստ, անզգա շերտը ծածկվում, ու շատ նուրբ, ներքին հոգեւոր լարերը սկսում են թրթռալ ու արձագանքել: Արվեստը, երեւի, այդ ներթափանցող ճառագայթն է:
– Նկատելի է, որ անիմացիան Հայաստանում թափ է հավաքում:
– Ողջ աշխարհում հիմա անիմացիոն բում է: Անիմացիան ընդհանրապես անսահմանափակ հնարավորությունների աշխարհ է, որտեղ ինչ ուզես` կարող ես անել: Անիմացիոն ոճերի ահռելի քանակ կա, որոնք հազար անգամ ավելի շատ են, կան կինոյում, քանի որ հիմնվում են նկարչական ձեռագրերի վրա: Եթե նկարել գիտես ու երեւակայություն ունես, ուրեմն կարող ես ցանկացած անիմացիոն պրոյեկտ անել: Միայն թե հարկավոր է ամուր սցենարական հիմք ունենալ: Ճիշտ է, մեր ռեժիսորներն այնքան էլ չեն սիրում նկարիչ-անիմատորների, քանի որ համարում են, որ նրանց արածը կինո չէ, այլ ընդամենը գեղեցիկ պատկերների մի ճյուղ է: Սակայն, եթե «քթի ծակ» ունես ու կինոյից քիչ թե շատ հասկանում ես, ուրեմն կարող ես շատ լավ ֆիլմ ստեղծել:
– Անիմատորները գործ չունենալով կենդանի դերասանների հետ` ավելի շատ կորցնո՞ւմ են, թե՞ ձեռք են բերում: Թվում է, որ անիմատորն իր նկարած պերսոնաժին կարող է օժտել ցանկացած միմիկայով, բնավորությամբ ու կախում չունենալ դերասանի քմահաճույքներից:
– Ճիշտն ասած, ես շատ եմ ուզում աշխատել կենդանի դերասանների հետ: Երբ դերասանը դեր է կատարում, իսկ դու նրա խաղի հիման վրա կերպար ես ստեղծում, այլեւս չես կարող կեղծել: Օրինակ, երբ փոքր տղայի կերպարն էի ստեղծում, դա միայն իմ պատկերացրած տղան էր, քանի որ դերասանի կողմից կերպարի մեջ ոչինչ ներմուծված չէր: Արդյունքում ստեղծվեց իմ միջի փոքրիկ տղան, որը միգուցե միայն ինձ էր հասկանալի: Հաճախ եմ տնեցիներիս ու ընկերներիս խնդրում իբրեւ թե դեր կատարել, քանի որ միայն այդպես կարող եմ ճշտել կերպարի դիրքի, պոզաների իրական լինելը: Սովորաբար շատ ժամանակ եմ ծախսում ռակուրսի ճշտման, կադրի ազդեցիկ լինելը ստուգելու համար: Նաեւ զգում եմ, որ ինձ կողքից նայող-գնահատող աչք է հարկավոր: Ընդհանրապես մեզ բոլորիս էլ պետք է մեկը, որը կկարողանա հուշել` արդյոք մեր միտքը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ:
– Շատ հաճախ ռեժիսորները հպարտ կեցվածքով ասում են` ես փայլուն մտահղացում եմ ունեցել, իսկ հանդիսատեսը ինձ չի հասկացել:
– Ֆիլմը չպետք է անհասկանալի լինի հանդիսատեսի համար: Կարծում եմ` իմ ֆիլմերն ունեն այդ մինուսը. նրանք շատ գեղեցիկ են դիտվում, սակայն իմաստը երբեմն տեղ չեն հասցնում, թեեւ իմ պատկերացմամբ` ամեն բան չափազանց պարզ ու հստակ է: Ամեն դեպքում ռեժիսորը պիտի հասկանա, որ հանդիսատեսը պարտավոր չէ իր հետ նույն «օդը» շնչել ու նույն կերպ մտածել: Եթե քո արածը չի հասկացվում, ապա դա քո մեղքն է, այլ ոչ թե հանդիսատեսի: Հիմա շատերը, նույնիսկ, երբ փոքր ֆիլմ են անում, ուզում են ամեն ինչի (Հայոց հարցի, տիեզերքի ու մարդու խնդրի) մասին ասել: Արդյունքում` անհամ ճաշ է դուրս գալիս: Պիտի կարողանաս մի գիծ վերցնել, զտել ու տանել մինչեւ վերջ:
– Այսօրվա ֆիլմերում, հատկապես սերիալներում, իսպառ բացակայում է ժամանակակից էթնոգրաֆիան: Պերսոնաժները կարծես ստերիլ տներում են ապրում ու անդեմ օֆիսային կահույքով են շրջապատված: Էկրանին անգամ գիրք, լուսանկար կամ սպասք չես տեսնի, որոնք անհատականության կնիք են կրում:
– Դետալները կինոյի կարեւորագույն շերտն են: Եթե դրանք չկան` ֆիլմդ փուչ է: Հենց մանրուքներն են հավաստիություն հաղորդում ֆիլմին: Դետալների ճիշտ կառուցմամբ կարող ես բոլորին խաբել ու ցանկացած սուտ պատմել` համոզելով, որ հենց դա է ճշմարտությունը: Հանդիսատեսը պիտի հավատա, որ քո նշած ժամանակում մարդիկ իրոք այդպես են հագնվել, այդպիսի ճաշ են կերել կամ նման կահույք են ունեցել: Ես, օրինակ, շատ եմ սիրում դետալների վրա աշխատել, նույնիսկ երբեմն ինքս ինձ զսպում եմ, որ դրանք շատ խիտ չլինեն: Իմ մանկությունն անցել է Ֆիրդուսի փողոցում, որի կոլորիտը, կենցաղը, անգամ` տների հոտը կարծես իսկական կինոաշխարհ էր: Ես կարող էի ցանկացած տան դուռը բացել ու ասել` եկել եմ տեսնեմ` ինչպե՞ս եք ապրում:
– Բացի ֆիլմերից, նաեւ կոլաժների շարք ես ստեղծել: Անիմացիան հոգնեցրե՞լ է:
– Այդ կոլաժներն իմ խաղալիքներն են, որոնք ինքնաբուխ են ծնվում: Այդպես եմ հանգստանում, նոր նյութ որոնում, կերպար ստեղծելու տեխնիկաներ փնտրում եւ փորձում ժամանակ առ ժամանակ շեղվել ֆիլմից, որը շատ ծանր է առաջ շարժվում: Կերպար ստեղծելու համար պիտի դուրս գաս սցենարական խիստ շրջանակներից, այսպես ասած` ձեռքդ ազատ թողնես, ուղեղդ էլ անջատես (համարյա), որպեսզի իրոք մի բան վերեւից տրվի քեզ: Իսկ երբ արդեն սցենարական կարկասի համապատասխան ես աշխատում, լրիվ հակառակ պրոցեսն է սկսվում (սիրտդ է անջատվում, ուղեղդ լարվում):
Հիմքը ստեղծելը մի գործ է, իսկ վրայի միսը, արյունը, նյարդերն ու զարդեղենը` բոլորովին այլ:
– Բայց այդ «զարդեղենը» կարող է մի առանձին նախագծի հիմք դառնալ: Օրինակ, էլեկտրոնային գիրք, որտեղ պատմությունն ու անիմացիան լրացնում են իրար: Այդ նախագիծը կարող էր նաեւ ֆինանսական հաջողություն ունենալ:
– Ինձ միշտ հետաքրքրել է ստեղծման պահը, իրականացումը կարեւոր չի եղել: Էլ չեմ խոսում` օգուտի մասին: Տարօրինակ է. բայց ես ենթագիտակցաբար միշտ մտածել եմ, որ եթե սկսում ես մտածել օգուտի մասին, ներքին էներգիայիդ աղբյուրը հատում է: Կար ժամանակ, երբ ակտիվորեն գրում էի «livejournal»-ում ու իմ պերսոնաժների մասին կարճ պատմություններ հնարում: Դրանք մարդանման, մեծ քթերով էակներ էին, որոնք ապրում էին «մինչ» դարաշրջանում: Պատմություն պատմել միշտ սիրել եմ, բայց դա արել եմ ոչ թե խոսելով, այլ պատկերներով, երբեմն` նաեւ գրելով: Ինքս ինձ համար եմ արել, եւ ցուցադրել միայն երկար փորձարկումների փուլեր անցնելուց հետո: Չեմ կարող մարդու աչքերին նայել ու պատմել, ավելի լավ է` թող պատկերները պատմեն:
– Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերն, օրինակ, հարուստ են ենթատեքստերով: Նույնն էլ քո ֆիլմերն են, որոնք կարծես ընկալելի չեն երեխաների համար:
– Ինձ մոտ այդպես էլ չստացվեց հատուկ մանուկների համար ֆիլմ ստեղծել: Օրինակ, Խիտրուկի «Վիննի Թուխի» պես պերսոնաժ գտնել: Մանկական մուլտֆիլմերում ընդունված է երեխայի հետ խոսել հնարովի մանկական լեզվով (պուսի-պուսի անել), ինչը, կարծում եմ, ճիշտ չէ: Երեխաները միշտ էլ ձգտում են անբացատրելի, ուժեղ զգացմունքներ ապրել, անգամ` ուզում են վախենալ ու սարսափել (օրինակ, մանուկ տարիքից իմ սիրած նկարիչները եղել են Գոյան ու Բոսխը): Կարծում եմ` ոչ մի երեխայի հետաքրքիր չէ քաղցր կոնֆետ ուտել, եթե դրա միջուկի մեջ այլ համեր թաքնված չեն: Ռոբերտ Սահակյանցը բազմահամ ֆիլմերի մեծ վարպետ էր: Նրա ֆիլմերում թաքնված իրոնիայի մեծ պաշար կա, որը կարող են ընկալել միայն «քիմքը հարստացած» մարդիկ: Ռոբի մոտ քաղցրահամ փաթեթի մեջ այնքան համեր (կծու, թթու, դառը) կան, որոնք ոչ բոլոր երեխաներին են հասու:
– Իսկ այսօրվա երեխաները փոխվե՞լ են:
– Մարդն ընդհանրապես չի փոխվում: Պարզապես մեր կյանքի ռիթմն է արագացել, ու համակարգիչն էլ ընտելացրել է բոլորին կլիպային մտածողությանը: Բայց ճիշտն ասած, դա ինձ շատ է դուր գալիս: Կլիպային կուլտուրայի մեջ ես վատ բան չեմ տեսնում: Շատ եմ սիրում, օրինակ, Գայ Ռիչիի, Ջիմ Ջարմուշի ֆիլմերը: Պարզապես պետք է ամուր ինֆորմացիոն բազա ունենալ: Իմ սերունդն, օրինակ, հենց այս արագության մեջ է կարողանում իր ներուժը, իր կուտակումները բացահայտել: Նույնն էլ անում են երեխաները: Նրանք արագ են ընկալում, սովորում եւ արագ էլ վերարտադրում են:
– Արագ էլ մոռանում են:
– Երեխաները մոռանում են միայն այն, ինչն իրենց պետք չէ: Հիմա, օրինակ, շատ երեխաներ կարող են օտար լեզու սովորել ընդամենը երգեր լսելով ու ֆիլմեր դիտելով: Ինձ համար կյանքը չի փոխվել: Նույնիսկ մեր հին, սիրելի Երեւանը ինձ համար դեռ կա: Այն իմ մեջ է, ես իրեն չեմ մոռացել: Իհարկե, անտանելի այլանդակ շենքեր կան, բայց այդ շենքերը միշտ են եղել: Օրինակ, անդեմ, սարսափելի ու զզվելի «խրուշչովկաները», որոնք եթե սրբվեն մեր քաղաքից, ափսոսանք չեն առաջացնի:
– Իսկ ինչպե՞ս ես գնահատում ճոխ, շքեղ ու իրականում դատարկ միջոցառումները, որոնք կոչվում են «մշակութային»:
– Այդ ամենը փուչիկներ են, որոնք ստեղծում է հասարակության այն շերտը, որը փող ծախսող օղակներում տեղ է գտել, բայց չգիտի` ի՞նչ անել: Եվ նրանց «չտեսությունը» նկատվում է եւ համերգային ծրագրերում, եւ Հյուսիսային պողոտայում, որը հենց «չտեսի» կառույց է (այ, այսպես եմ ուզում, այսպես էլ անում եմ): Եվրոպայում նման փողոց գոյություն ունենալ պարզապես չէր կարող: Եթե անգամ կառուցվեր, ապա` միայն ծայրամասում: Բայց ես համոզվել եմ, որ այդ «չտեսությունը» այնքան էլ վտանգավոր չէ, որքան կարծում ենք: Դրա վրա հարկավոր է սեւեռվել ու առավելեւս` բարկանալ:
– Իսկ ի՞նչն է վտանգավոր:
– Վտանգավորն ապատիան է, ոչինչ չուզելը: Իսկ մեր ազգը նման փուլում ապրել է, երբ թվում էր, որ խավար, խամրած, առանց ապագա կյանքը անվերջանալի է: Հիմա արթնացել ենք, ու դանդաղորեն փորձում ենք մեր տեղն ու դեմքը գտնել: Ամեն բան ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի: Աշխարհը մեծ է, եւ կյանքը միայն Հայաստանով չի սահմանափակվում:
– Իսկ ինչո՞ւ է մեր կինոն վատը: Կամ էլ ի՞նչ է պետք կինո ունենալու համար:
– Ես չէի ասի, որ մեր կինոն վատն է, մենք պարզապես հասուն կինոարտադրություն չունենք: Բայց մեկ դարում Փարաջանով, Փելեշյան ենք ունեցել: Հիմա էլ Հարություն Խաչատրյան ունենք, ով, իրոք, մեծ կինո է ստեղծում: Հավատացնում եմ, դա քիչ չէ: Կարող եմ ասել, որ մեր կինոյին պակասում են լավ խմբագիրները (մինչ ֆիլմի հանձնումը) եւ քննադատները (որպես արդյունքի գնահատողներ): Քննադատն այն մարդն է, որը կարողանում է քո ստեղծագործության ոսկորները ծծելով, վերջիվերջո, միջի ծուծքը հասնել ու բացատրել դրա արժեքը: Եվ որքան քննադատը խիստ ու չար է (ոչ անձի, այլ ստեղծագործության հանդեպ), այնքան լավ է: Չէ՞ որ, երբ վատի մասին չես խոսում, լավն էլ չի երեւում: Լավը ընդհանրապես շատ չի լինում, բայց այն պիտի երեւա, այլ ոչ թե վատի հետ մեկ ջրով սահելով ու հոսելով` անհետ կորչի: