8-ամյա Մեգգին` մրցույթի հաղթող

02/06/2011

Տարիներ առաջ Իրինա եւ Լուսինե Թովմասյանները միմյանց հաջորդելով` դարձան «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողներ: Այսօր արդեն Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգգին է մտադիր շարունակել մոր ուղին: 8-ամյա Մեգգին արդեն երկրորդ անգամ արժանանում է «Միսս աշակերտուհի» գեղեցկության մրցույթի հաղթողի կոչմանը: Մայիսի 13-ին Մեգգին հերթական անգամ կրեց դպրոցի առաջին գեղեցկուհու թագը: Առհասարակ, նմանօրինակ գեղեցկության մրցույթները` հատկապես, երբ իրար հետ մրցում են դեռատի աղջիկները, շատ հաճախ լուրջ հետեւանքներ է թողնում նրանց հետագա կյանքում: Երեխան, ով միշտ իր ծնողների ուշադրության կենտրոնում է, ընտանիքում համարվում է ամենա-ամենան, բավական ցավագին է տանում իր պարտությունն ընտանիքից դուրս` ցանկացած տիպի մրցույթների ժամանակ: Մեր հարցին, թե որքանո՞վ է ճիշտ երեխային ներգրավել գեղեցկության նմանատիպ մրցույթներում, Իրինան պատասխանեց. «Չկարծեք, թե իմ երեխային վերաբերվում եմ որպես տիկնիկի, որին ուզում եմ անվերջ զուգել-զարդարել եւ ցույց տալ հանրությանը: Չնայած իր փոքր տարիքին, Մեգգին բավական սթափ մտածող երեխա է: Երբ ես ժամանակին ստանում էի հաղթողի իմ թագը, լինելով բավականին հասուն աղջիկ, հուզվում էի բեմում եւ չէի կարողանում ինչպես հարկն է արտահայտել իմ ապրումներն այդ պահին: Մեգգին, այդ առումով, իմ հակապատկերն է: Երբ նրան մրցանակ են շնորհում, ցանկացած տեսակի մրցույթների ժամանակ, նրա հայացքում հուզմունքի նշույլ անգամ չկա: Այդ պահերին նա շատ վստահ խոսում է բեմից: Ասեմ նաեւ, որ ես յուրաքանչյուր տիպի մրցույթից առաջ շատ երկար խոսում եմ աղջկաս հետ: Բացատրում, որ միշտ չէ, որ նա պետք է լինի հաղթողը, հնարավոր է, որ այդ մրցույթում իրենից ավելի արժանին լինի եւ, որ դրանում որեւէ վատ բան չկա: Եթե ես զգայի, որ աղջիկս որեւէ մրցույթի մոտենում է` որպես ռազմի դաշտի, երբեք թույլ չէի տա նրան մասնակցելու: Մեգգիի համար գեղեցկության մրցույթները միայն տոներ են: Ինչպես տարիներ առաջ, երբ նա դեռ չափազանց փոքր էր, այժմ էլ նշում է, որ բժիշկ է դառնալու»: