«Ինձ բազմիցս «նշանել եւ ամուսնացրել են»,- ասում է հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը

02/06/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն 5 տարի հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը վարում է «7 երգ» երաժշտական հիթ-շքերթը, որի ընթացքում ոչ միայն հեռուստադիտողն, այլեւ հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները, բառացիորեն, ընթերցում են հանրության կարծիքներն իրենց իսկ մասին: Էմման ասում է, որ այդ 5 տարիների ընթացքում եղել են նաեւ դեպքեր, երբ գռեհիկ, ատելությամբ լի անոնիմ հաղորդագրություններ են ուղղվել հայ երգիչ-երգչուհիների հասցեին: «Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր մեր երգիչների հանդեպ լի են այդչափ ատելությամբ: Եթե իրապես ունես ասելիք եւ համարում ես, որ ճիշտ ես քո խոսքերի մեջ, ապա ինչո՞ւ ես փախչում` վախկոտի պես: Երբ փոքր երեխան է չարություն անում եւ թաքնվում, դեռ հասկանալի է, սակայն, երբ հասուն մարդն է անպատվում եւ անանուն նամակներ ուղարկում, դա արդեն խոսում է տվյալ անձի անդաստիարակության մասին: Եվ, բնականաբար, մեր եթերում հայտնվում են միայն կոռեկտ կարծիքները»:

– Մի կողմ թողնենք անդաստիարակներին եւ անգործներին, որոնց համար զվարճանքի միակ աղբյուրը դիմացինին, տվյալ դեպքում` երգիչներին, անպատվելն է: Այս 5 տարիների մեջ եղե՞լ են դեպքեր, երբ քո վարած հաղորդման շրջանակներում եթեր «մտցնես» նաեւ բացասական բնույթի հաղորդագրություններ: Չէ՞ որ հանրությունը նաեւ բացասական կարծիք կարող է ունենալ տվյալ երգչի մասին:

– Իհարկե եղել են: Բացասական, բայց ոչ վիրավորական:

– Սակայն կարդալով տեսահոլովակներին ուղեկցող հաղորդագրությունները, տպավորություն է ստեղծվում, թե միայն բարի, «պուպուշ» կարծիքներն ես ընտրում եթերի համար:

– Հավատացեք, որ բազմիցս եթերում հայտնվել են նաեւ ոչ «պուպուշ» հաղորդագրություններ: Ամեն դեպքում չեմ կարող թույլ տալ, որ եթեր մտնի կոպիտ, գռեհիկ կարծիք, դա տարրական էթիկայի հարց է: Բացի այդ, իմ հաղորդման շրջանակներում հնչող երգերի կատարողներից շատերն իմ ծանոթներն են, եւ ես չեմ ցանկանում փչացնել իմ հարաբերություններն այդ մարդկանց հետ:

– Իսկ մտերիմ ընկերներ ունե՞ս այդ ոլորտում:

– Իմ միակ ընկերուհին այդ ոլորտում, որի հետ հանգիստ կարող եմ անկեղծանալ` հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է:

– Երբ քո հաղորդման շրջանակներում հաճախակի Արամեն էր գրավում առաջատար դիրքերը, այդ փաստը կապում էին Արմեն Ամիրյանի գործոնի հետ: Որեւէ կերպ փորձե՞լ ես բացատրել հեռուստադիտողին, որ «բարեկամական» կապերն այդտեղ չեն գործում:

– Ես այն քիչ հաղորդավարուհիներից եմ, ովքեր չեն խուսափում եթերից անկեղծ խոսել: Ես ամեն ինչ ասում եմ բաց տեքստով: Երբ Արամեն բեմ է բարձրանում, երկրպագուների մոտ բացահայտ հիստերիա է սկսվում: Գաղտնիք չէ, որ նրան շատերն են սիրում: Նա բնատուր հմայք, շարմ ունի, որը գերում է: Ինձ համար ծիծաղելի է, երբ փորձում են «ընկեր, բարեկամ» փնտրել տվյալ երգչի կամ երգչուհու հաջողության մեջ:

– Ի՞նչն է ծիծաղելի, երբ այդ «ընկեր-բարեկամ» հարաբերությունները գործում եւ զգացվում են ցանկացած բնագավառում:

– Չեմ ժխտում, թե այդ գործոնն իր դերը չի խաղում, պարզապես Արամեն այլ դեպք է: Փաստ է, որ նրան շատ են սիրում: Եվ նրան սիրողներն են հաղորդագրություններ ուղարկողները:

– Երաժշտական հիթ-շքերթները քիչ չեն հայկական եթերում: Բացի երգերի քանակից, ինչո՞վ են տարբերվում այդ հաղորդումները միմյանցից: Կարծում ես` հեռուստադիտողը հավատո՞ւմ է հիթ-շքերթների ընթացքում նշվող հաղորդագրությունների քանակին եւ առհասարակ երգերի գրաված դիրքերին:

– Ես կարող եմ պատասխանել միայն իմ հաղորդման վերաբերյալ: Իմ վարած հիթ-շքերթի ժամանակ հնչում են միայն հիթային երգեր: Եթե դրանք այդպիսին չլինեին, չէին լինի նաեւ այն հսկայական քանակի հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են այդ երգերի համար: Եթե չլինեին այդ հաղորդագրությունները, ես երբեք իմ ժամանակը չէի վատնի` դրանք հորինելու համար: Հեռուստադիտողը խելացի է, նա իսկույն կնկատի, որ բոլորի հեղինակը նույն մարդն է:

– Եթերում հայտնվելուցդ հետո լուրեր տարածվեցին, որ այդ փաստին նպաստել է Արմեն Ամիրյանը, որի հետ բարեկամական կապեր ունես:

– Իրականում որեւէ բարեկամական կապ իմ եւ Արմեն Ամիրյանի միջեւ չի եղել եւ չկա: Պարզապես իմ հայրն ու Ա. Ամիրյանն ընկերներ են: Իսկ նրանք ծանոթացել են իմ կնքահոր` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի շնորհիվ: Պարոն Ամիրյանն ինձ պարզապես առաջարկեց վարել որեւէ հաղորդում, եւ ես ներկայացրեցի նրան իմ հեղինակային նախագիծը, որը եւ դարձավ «7 երգ» հաղորդաշարը: Հետագայում ի հայտ եկավ իմ առաջարկած երկրորդ` «Բուդուար» հաղորդումը, որի կլոնը բավական քիչ ժամանակ անց տեսա այլ հեռուստաալիքի եթերով: Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարելի է, առանց ամաչելու, կրկնօրինակել մեկ ուրիշ հեռուստաալիքի հաղորդումը:

– Բայց չէ՞ որ ճանաչված մարդկանց զգեստապահարանը ցուցադրելով, դու հեռուստատեսության ոլորտում հեծանիվ չէիր հորինել: Նմանօրինակ հաղորդումներ եղել են եթե ոչ ռուսական, ապա ամերիկյան հեռուստաընկերությունների եթերով:

– Երբ հաղորդում ստեղծելիս օգտվում ես այլ երկրների պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքից, որեւէ վատ բան դրանում չկա: Սակայն, երբ հեռուստաալիքը գողանում է նույն երկրի մեկ այլ հեռուստաալիքի հաղորդումն` արդեն ծիծաղելի է:

– Փաստորեն, դրսից գողանալ կարելի է, իսկ ներսից` ո՞չ:

– Աշխարհում բոլոր հաղորդումներն արդեն վաղուց հորինված են: Հեծանիվներ չեն հորինվելու: Պարզապես յուրաքանչյուր երկիր ստեղծում եւ վարում է արդեն իսկ գոյություն ունեցող հաղորդումը` յուրովի, սեփական մատուցմամբ:

– Անձնական կյանքից խոսել կտրուկ հրաժարվում ես: Ինչո՞ւ ես զարմանում, որ քո անձնական կյանքը հետաքրքրում է որոշ երիտասարդների, ինքնակամ ընտրել ես աշխատանքի հանրային ոլորտը:

– Դա դեռ չի նշանակում, որ իմ կյանքը հանրությանն է պատկանում: Առանց այն էլ ինձ բազմիցս «նշանել եւ ամուսնացրել են» տարբեր երգիչների` հատկապես Արամեի հետ: Մի անգամ, վարսավիրանոցում նստած, լսում էի, թե ինչպես են երկու կին քննարկում իմ արտաքինն` ամենայն մանրամասնությամբ: Պարզվեց, որ բազմիցս վիրահատվել եմ, անգամ հասակս բարձրացնող հատուկ վիրահատություն եմ տարել… Երբ շրջվեցի եւ այդ կնոջը հարցրեցի`«Ծանո՞թ ենք արդյոք, որ այդքան մանրամասն տեղյակ եք հասակիս ամեն մի սանտիմետրին», ամոթից աչքերը չգիտեր ուր թաքցնել: Բոլորը գիտեն, որ նշանվել եմ, սակայն ավելին ասել չեմ կարող: