Matricaria Chamomilla, Ռոմաշկա ապտեչնայա – երիցուկ դեղատնային
Բույսի հայրենիքը Արեւմտյան Ասիան է, ավելի ստույգ` Միջերկրական ծովի Արեւելյան ափի երկրները։ Բույսն ունի մի քանի տեսակներ եւ նմանակներ։
Գերմանացիները բույսն անվանում են Matricaria recutita: Հին գերմաներենում բույսը կոչվել է camomila, armanmila, ramumilum: Երիցուկի բոլոր տեսակների ծաղկակալն արտահայտված կոնաձեւ է, սնամեջ։ Երիցուկ դեղատնայինի լեզվակավոր տերեւները հաճախ թեքված են ցողունի ուղղությամբ։
Հայտնի է Pyrethrum roseum տեսակը, որի հայրենիքը Հայաստանն է։ Բույսի բարձրությունը հասնում է մինչեւ 70 սմ-ի, տերեւները մանր են, փետրաձեւ, կտրտված, իսկ ծաղկափթթությունները խոշոր են` մինչեւ 7-8 սմ տրամագծով, հասարակ են, կիսալիաթերթ կամ լիաթերթ, սպիտակ, վարդագույն, մուգ կարմիր։ Լուսասեր է, ձմեռադիմացկուն։ Առաջին տարում առաջացնում է տերեւային վարդակ, երկրորդ տարվա հունիս-հուլիսից սկսում է ծաղկել (Լ. Հարությունյան, «Քո շրջապատի ծաղիկները»)։
Սերմերով բազմացման դեպքում նույն ծաղկազամբյուղից ստացված նոր բույսերի ծաղիկները կարող են ունենալ տարբերվող գույներ։ Վեգետատիվ բազմացման դեպքում ծաղիկների գույնը պահպանվում է։ Որոշ երկրներում բույսը մշակվում է եւ կիրառվում է դեկորատիվ նպատակներով։ Հայտնի է վարդագույն երիցուկի միջատասպան հատկությունը. այդ է պատճառը, որ բույսը ստացել է նաեւ լվածաղիկ անվանումը։
Հայաստանում հանդիպում է նաեւ Matricaria discoidea-երիցուկ հոտավետ տեսակը, որը ոչ բուրումնավետ է, սակայն ծաղկաբույլերը բաղկացած են միայն դեղնականաչավուն խողովակաձեւ ծաղիկներից, իսկ սպիտակ ճառագայթաձեւ ծաղիկները բացակայում են։ Այս տեսակի հայրենիքը Խաղաղ օվկիանոսի մերձափնյա շրջաններն են, որտեղ բույսն աճում է Ալյասկայից մինչեւ Մեքսիկա։ Բույսը տարածված է նաեւ Ասիայի հյուսիս-արեւելյան շրջաններում։
Արտաքին օգտագործման համար բույսի չոր հումքից 2-3 ճաշի գդալով 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, եւ որպես թրջոց տեղադրեք ցավոտ մասին 15-20 րոպե։
Բույսից ստանում են եթերային յուղ, որն օգտագործվում է երիցուկի օճառահեղուկի արտադրության մեջ։
Երիցուկ դեղատնայինը կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ։ Մշակվում է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, նաեւ Բելգիայում եւ Իսպանիայում։ Բույսի տարբեր տեսակներից ստանում են եթերային յուղեր։ Լավագույնը Matricaria recutita տեսակի կապույտ գույնի լեզվակավոր ծաղկաթերթեր ունեցող երիցուկն է։ Այս ծաղիկների գույնը բնորոշվում է համազուլինի բարձր պարունակությամբ։ Չորանալու ընթացքում ծաղիկների կապույտ գույնը դառնում է կանաչ, իսկ հետո` գորշագույն։
Երիցուկ դեղատնայինն ունի հարուստ քիմիական բաղադրություն։ Պարունակում է համազուլին, կադինեն, հանգստացնող բնույթի գլյուկոզիդ, կումարիններ, թթուներ (սալիցիլային, ասկորբինային, վալերիանի, նիկոտինի), շաքարներ, դառնանյութ, լորձ, բուսախեժ, սպիտակուցներ, քրտնամուղ գլյուկոզիդ, քոլին, կարոտին, կվերցետին եւ ապիգենի ֆլավոններ, նաեւ բույսին բնորոշ այլ նյութեր։ Երիցուկը ծաղկում է մայիսից սկսած` մինչեւ սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են հուլիսից սկսած։ Այն աճեցնում են որպես բուժահումք` հատուկ տնկադաշտերում։ Բուժական նպատակներով օգտագործելու համար ծաղիկներն անհրաժեշտ է հավաքել առանց ծաղկակոթունների (չոր եղանակին)` ծաղկման շրջանում։ Հավաքված հումքը պետք է փռել բարակ շերտով եւ չորացնել օդափոխվող տեղում։ Լրացուցիչ կարելի է չորացնել 40 աստիճանի տակ (ոչ բարձր ջերմաստիճանում), հատուկ սարքերի օգնությամբ։ Պահպանման ժամկետը 1-2 տարի է։ Երիցուկի բուժիչ հատկությունների մասին Ա. Ամասիացին գրել է. «Եթե լվացվեն դրա հյութով` քուն կբերի։ Դրա յուղը բուժում է ականջի ցավը, տաքացնում նյարդերը, օգնում է գլխուղեղի կաթվածի եւ դեմքի ծռվածության դեպքում։ Այս բույսի արմատն օգնում է ընկնավորին, ինչպես նաեւ` այն կնոջը, ում կաթը քարացել է կրծքի մեջ։ Բուժում է նաեւ արգանդի ուռուցքը։ Միզամուղ է, դուրս է հանում արյունը։ Երիցուկի յուղը քրտնեցնում է։ Օգնում է ոսկրացավին, ինչպես նաեւ` թութքի դեպքում։ Սպիացնում է չարորակ խոցերը։ Այն տաքացնում է մարմինը եւ օգնում մրսածին։ Մեկանգամյա ընդունման չափաբաժինը 6 գրամ է։ Բայց երիցուկը վնասում է երիկամներին եւ միզապարկին»։
Երիցուկ դեղատնայինը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի պատրաստուկներն ունեն հանգստացնող, հականեխիչ, հակաբորբոքային, վարակազերծ հատկություն։ Բույսի եթերային յուղը լավացնում է շնչառությունը, լայնացնում գլխուղեղի անոթները։ Բույսի պատրաստուկներն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ընդգրկվում են դեղաբուսային փնջերի մեջ։ Սուր եւ քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, կոլիտի դեպքում կիրառվում է երիցուկի, վաղենակի, հազարատերեւուկի խառնուրդը։ Մետեորիզմի դեպքում օգտագործում են երիցուկի, կատվախոտի արմատի եւ չամանի պտուղների թուրմը (6։4։1), 1 ճ/գ-ն 20 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք կեսական բաժակ առավոտյան եւ երեկոյան։ Երիցուկի թուրմն օգտակար է բրոնխների ասթմայի, էկզեմայի, արեւայրուքի դեպքում։
Հակացուցում
Երիցուկի եթերային յուղը չարաշահելու դեպքում կառաջանա գլխացավ եւ թուլություն։ Մեղուները հավաքում են բույսի ծաղկափոշին, այն ունի հանգստացնող, հանգիստ քուն պարգեւող հատկություն։ Սակայն որոշ դեպքերում նկատվում է ալերգիկ ազդեցություն եւ ոչ ցանկալի արյան նոսրացում։ Պահպանե՛ք դեղատոմսերում նշված չափաբաժինները։
Հին ժամանակներից մինչ մեր օրերն ամպագույն երիցուկը (Chamomilla recutita) համարվել է Հավատի, Հույսի, Սիրո խորհրդանիշ։ Այն հուսադրում է մոլորյալ մարդկանց, վերականգնում վիրավոր սիրտը, հավատ ներշնչում ապագայի հանդեպ։ Դա ճիշտ է, քանի որ այս ծաղկի բույրն ունի սթրեսային վիճակից հանելու հատկություն։
Երիցուկ ամպագույնի եթերային յուղը կարելի է օգտագործել մի շարք հիվանդությունների դեպքում։
– Եղնջատենդի դեպքում 3 կաթիլ լուծեք ջրի մեջ եւ թրջոց դրեք։
– Ալերգիկ փռշտոցի եւ աչքերի արցունքակալման դեպքում 5 կաթիլ լուծեք 500 մլ ջրի մեջ, կատարեք ինհալացիա։
– Եթերային յուղի արոմալամպից ստացված բուրմունքն ունի նյարդերը հանգստացնող, հակասթրեսային հատկություն։
Պետք է իմանալ, որ արոմաթերապիան հակացուցված է խոցային հիվանդությունների սրացման, չարորակ ուռուցքների, հիվանդ ենթաստամոքսային գեղձի, հղիության, լյարդի եւ երիկամների պաթոլոգիայի, թոքախտի դեպքում։
Դեղատոմսեր
Օրգանիզմը մաքրող Տիբեթյան դեղատոմս. Խառնեք 100-ական գրամ սրոհունդի, անթառամի խոտերը, երիցուկի ծաղիկներն եւ կեչու բողբոջները։ Խառնուրդի 1 ճ/գ-ն թրմեք 1 ժամ 400 մլ եռջրի մեջ։ Խմեք մեկական բաժակ (գոլ վիճակում), առավոտյան եւ երեկոյան, սնունդ ընդունելուց մեկ ժամ հետո։ Երեկոյան ժամը 21-ից հետո ուտել չի կարելի։ Շարունակեք ամեն օր` մինչեւ հումքը վերջանա։
Ալերգիայի դեպքում. 1 ճ/գ երիցուկի ծաղիկներին ավելացրեք 200 մլ եռջուր, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 4 ժամ թրմեք։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` անկախ սնունդ ընդունելուց։
Բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում
– Խառնեք ծիծեռնախոտը, երիցուկի, հազարատերեւուկի եւ սրոհունդի ծաղիկները (1։2։2։2)։ Խառնուրդի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 20 րոպե։ Խմեք կեսական բաժակ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ։
– Խառնեք երիցուկի, հազարատերեւուկի խոտաբույսերը, վուշի սերմերը (2։2։1)։ 2 ճ/գ խառնուրդի վրա լցրեք կես բաժակ եռջուր, թրմեք 20 րոպե, քամեք։ Խմեք թարմ պատրաստված թուրմը օրը 4 անգամ։
– Խառնեք սրոհունդի, երիցուկի ծաղիկներն եւ տուղտի արմատները (2։2։1)։ Խոտաբույսերի խառնուրդի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ ջուր, 30 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, հովացրեք, քամեք։ Եռջրով լրացրեք նախնական ծավալը։ Ընդունեք կեսական բաժակ` օրը 3-4 անգամ։
Անքնության դեպքում. Անհրաժեշտ է 1,5 գրամ չոր ծաղիկներ` 100 մլ ջրի համար։ Խմեք մեղրով, կաթով կամ կաթի սերուցքով։
Մաստոպատիայի դեպքում. Հավասար քանակությամբ խառնեք երիցուկի, վաղենակի, սպիտակ ակացիայի, սրոհունդի, իշառվույտի, չորածաղկի ծաղիկներն եւ կեչու տերեւները։ Խառնուրդի 1 ճ/գ-ն 250 մլ եռջրով 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 1,5 ժամ, քամեք։ Խմեք կեսական բաժակ քաղցած վիճակում, օրը 3 անգամ։
Դեղնախտի, խոլեցիստիտի դեպքում. Հավասար քանակությամբ խառնեք երիցուկի եւ անթառամի ծաղիկները։ Խառնուրդի 2 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 1 ժամ։ քամեք։ Բաժանեք 4 հավասար մասի, խմեք օրը 2-3 անգամ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ։
Ոտքերի հոգնածության, քրտնելու դեպքում
– Լցրեք 5-6 ճ/գ չորացրած երիցուկի ծաղիկների վրա 2 լ եռջուր, պահեք 3-5 րոպե թույլ կրակի վրա, թրմեք 30 րոպե, ճզմելով քամեք հումքը։
– Ոտքերի լոգանքի համար նախատեսված 35-37 աստիճանի գոլ ջրին ավելացրեք մի քանի կաթիլ երիցուկի յուղ։ Ընդունեք ոտքերի լոգանք 10-15 րոպե։
Քսուք ձեռքերի համար
1 թ/գ երիցուկի վրա լցրեք 50 մլ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք։ Տրորեք 50 գրամ կարագը 1 թ/գ մեղրի հետ, ավելացրեք 1 ճ/գ երիցուկի թուրմը, լավ խառնեք։ Քնելուց առաջ քսեք ձեռքերին, հագեք բամբակե ձեռնոցներ։ Ձեռքերի մաշկը կդառնա նուրբ, թավշյա եւ հարթ։
Գեղարարություն երիցուկ դեղատնայինով
Լոսյոններ
– 2 ճ/գ երիցուկին ավելացրեք 125 մլ բարձր յուղայնությամբ կաթ։ Պահեք կրակի վրա մինչեւ եռալը, թրմեք 2 ժամ, քամեք։ Լոսյոնը պահեք սառնարանի մեջ մինչեւ 5 օր։ Միջոցը օգտագործեք տաք ջրով թրջած բամբակե խծուծի օգնությամբ։
– Մանրացրած 2 ճ/գ երիցուկի վրա լցրեք 200 մլ զտված ջուր, թրմեք 1 ժամ, քամեք։ Ավելացրեք 70 տոկոսանոց 100 մլ սպիրտ, մեկ կիտրոնի հյութամզվածք։ Բոլորը խառնեք, ստացված լոսյոնով մաքրեք դեմքի կորյակները։
– Խառնեք մանրացրած 2-ական ճ/գ երիցուկի, դաղձի (պղպեղային) խոտը, լորենու, վաղենակի եւ հազրեվարդի (բժշկ.) ծաղիկները։ Բոլոր բաղադրամասերը խառնեք, ավելացրեք 1 լ սպիտակ, չոր գինի։ Թրմեք 2 շաբաթ, քամեք։ Երեկոյան մաքրեք մաշկը` լոսյոնի մեջ թրջած բամբակե խծուծով, որից հետո օգտագործեք ձեզ հարմար քսուքը։ Ունի երիտասարդացնող հատկություն։
– Մանրացրեք եւ խառնեք մեկական ճ/գ երիցուկի, վաղենակի, վարդի, տերեփուկ կապույտի, մարգարտածաղկի, լորենու ծաղկաթերթերը։ Թրմեք 1 ժամ 200 մլ եռջրի մեջ։ Քամեք, ավելացրեք նույն քանակությամբ օղի եւ 5 մլ 3 տոկոսանոց խնձորի քացախ։ Բամբակե խծուծով լոսյոնը քսեք դեմքին եւ պարանոցին։ Ունի մաքրող, թարմացնող հատկություն։
– 10 գրամ չոր երիցուկի ծաղիկները եփեք 200 մլ եռջրում։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Ստացվում է «լոսյոն» տղամարդկանց համար, որը կարելի է օգտագործել սափրվելուց հետո։ Հակացուցված է բարձր զարկերակային ճնշում ունեցողներին։
Դիմակներ
Չոր մաշկի համար
– Հավանգով տրորեք 1 ճ/գ վուշի սերմ, խառնեք 2 ճ/գ երիցուկի հետ, ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք մինչեւ հովանալը։ Շիլայատիպ զանգվածը քսեք դեմքին, 15 րոպեից մաքրեք ջրի մեջ թրջած խծուծով։
– 2 ճ/գ երիցուկի ծաղկաթերթիկները 15 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Թուրմով թրջեք անձեռոցիկը եւ 20-25 րոպե դրեք դեմքին, եթե մաշկը զգայուն է, ապա ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ։ Դեմքի մաշկը 15 րոպե անց մաքրեք խոնավ բամբակե խծուծով։ Միջոցը կիրառելի է ցանկացած մաշկի համար։
– Երիցուկի թուրմը կարելի է օգտագործել մազերը լվանալու համար. այն վերացնում է թեփը, մազերը դարձնում մետաքսանման փայլուն, փափուկ։
Սնուցող քսուք. Խառնեք 1-ական ճ/գ երիցուկի եւ վաղենակի ծաղիկները, ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Հավի ձուն հարեք 40 մլ կոնյակի հետ, ավելացրեք 20 մլ կռատուկի յուղ, խառնեք բույսերի թուրմի հետ։ Բալզամը ներմերսեք մազերին, 20 րոպեից լվացեք օճառահեղուկով այնքան, մինչեւ քսուքը լրիվ դուրս գա։
Բուսահեղուկ
2 ճ/գ չոր մանրացրած երիցուկի հումքը 2 ժամ թրմեք 100 մլ եռջրի մեջ, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 1-2 թ/գ մեղր։ Լվացեք մազերը, թեթեւակի չորացրեք, մշակեք թուրմով, 30 րոպեից լվացեք գոլ ջրով։ Բուսահեղուկն օգտագործեք ոչ շուտ, քան շաբաթը մեկ անգամ` ճարպոտ, եւ 12 օրը մեկ` չոր մազերի համար։