Տեղեկատվական վեճերի խորհուրդը փորձագիտական եզրակացություն է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի վերաբերյալ: Այդ մասին նշված է Խորհրդի տարածած հաղորդագրությունում: «Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը` Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի 12.02.2011թ. 25(695)-րդ, 22.02.2011թ. 31(671)-րդ եւ 12.03.2011թ. 45(685)-րդ համարներում հրապարակված վիճարկվող հոդվածները եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը: Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները եւ հայցադիմումում մեջբերված արտահայտությունները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածներն առնչվում են հանրային շահին, իսկ դրանցում առկա հայտարարությունները գնահատողական դատողություններ են եւ ոչ` փաստական տվյալներ: Հետեւապես, ակնկալում ենք, որ Դատարանը կկիրառի առավել բարձր չափանիշներ արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը գնահատելիս: Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ հրապարակված որոշ գնահատողական դատողություններ չեն բխում պատասխանատու եւ բարեխիղճ լրագրության չափանիշներից: Լրատվամիջոցը կարող էր նույն միտքն արտահայտել այլ, նվազ արատավորող բնույթի արտահայտություններ գործածելով: Հետեւաբար, նման պարագայում արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի դատաքննության ընթացքում պատասխանող լրատվամիջոցի ներկայացվելիք հիմնավորումներից: Խորհուրդը գտնում է նաեւ, որ հայցվորի կողմից պահանջվող փոխհատուցման չափը չի բխում արտահայտվելու ազատության միջամտության համաչափության պահանջից, ենթադրաբար գերազանցում է գործում ներգրավված լրատվամիջոցի եկամուտները, ինչպես նաեւ փաստաբանական ծառայությունների դիմաց հայցվորի պահանջած վարձատրությունը ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ առաջադրվող խելամտության պահանջին»,- նշված է Խորհրդի հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հիմնադրվել է 2011 թվականի մայիսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ: Դրա հիմնական նպատակն է` պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ` անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի եւ էթիկայի նորմերի վրա: Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներն են` Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)-Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ, Բորիս Նավասարդյան-Երեւանի մամուլի ակումբի նախագահ, Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Արա Ղազարյան-«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Մանանա Ասլամազյան -«Արմմեդիա» ծրագրի տնօրեն: