Բելառուսի կառավարությունը եւ Ազգային բանկը դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին` կայունացնող վարկ տրամադրելու խնդրանքով։ Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ: Թե կոնկրետ որքան գումար է խնդրել պաշտոնական Մինսկը ԱՄՀ-ից, առայժմ չի հաղորդվում: 2009-2010թթ. ԱՄՀ-ն արդեն Բելառուսին տրամադրել էր վարկ 3,5 մլրդ դոլարի չափով: Ընդ որում, այդ ժամանակ ԱՄՀ-ն դժգոհ էր Բելառուսի վարած տնտեսական քաղաքականությունից: Երեկվանից ԱՄՀ-ն սկսել է իր աշխատանքները Բելառուսում, որոնց արդյունքում կգնահատի երկրի տնտեսության վիճակը: Բելառուսի տնտեսությունը ազգային արժույթի դեւալվացիայի հետեւանքով գտնվում է ծանր ճգնաժամում: