Սահակաշվիլիի օրինակով

02/06/2011

Վերջերս լուծարված շինարարական Mirax Group կորպորացիայի հիմնադիր Սերգեյ Պոլոնսկին կերել է իր փողկապի մի մասը: Ինչպես գրել է «Դելովոյ Պետերբուրգ» պարբերականը` դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ի երեկոյան` գրող Սերգեյ Մինաեւի ինտերնետ (օնլայն) հեռուստահաղորդման ուղիղ եթերում: Պոլոնսկին կուլ է տվել հեռուստահաղորդավարի առաջարկած փողկապի կտորը, ապա վրայից հանքային ջուր խմել: Այդ կադրերը տեղադրվել են YouTube-ի կայքում: Փողկապ ուտելու խոստումը Պոլոնսկին տվել էր դեռեւս 2008թ. հոկտեմբերին: Նա հայտարարել էր, որ նման քայլի կդիմի, եթե Mirax-ի անշարժ գույքի գինը 1,5 տարվա ընթացքում 25 տոկոսով չաճի: Այս տարվա մարտի սկզբին Պոլոնսկին հայտարարեց Mirax-ի լուծարման մասին եւ խնդրեց իրեն այլեւս գործարար չհամարել. որոշման պատճառը մինչ այժմ անհայտ է: