Ինչո՞ւ էր բղավում Գասպարին

02/06/2011

Մայիսի 31-ին, ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, երբ «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ազատ են արձակվել նաեւ քաղբանտարկյալներ Շմավոն Գալստյանն ու Արա Հովհաննիսյանը, ու կոչ արեց ողջունել նրանց հարթակում, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին սկսեց բղավել` «տականք, տականք…»:

Գասպարին Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում բղավում էր, որ Հովհաննիսյանը հանցագործ է: Երեկ այս մասին Վարդգես Գասպարին մանրամասներ է հրապարակել «facebook» սոցիալական ցանցի իր էջում:

«Երբ «Հովհաննիսյան, հանցագործ» գոռալով` քայլում մոտենում էի հրապարակի կենտրոնը, ինձ փորձեցին կանգնեցնել մի քանի մերձավոր ընկերներ (բնական է, ոչ մերձավորները չէին էլ հանդգնի դա անել): Նրանք ցանկանում էին` ամեն ինչ լավ անցնի. Նույնիսկ դրանից հետո, երբ ինձանից իմացան` ով է «քաղբանտարկյալ» Արա Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, ասում էին` հա, բայց դրա տեղը սա չէր… Ի դեպ, 2008 թվից, որ մանրամասն ՀԱԿ-ի (էն ժամանակվա Համաժողովրդական Շարժման) պատասխանատուներին մանրամասն նկարագրելով տեղեկացրել էի, որ Արա Հովհաննիսյանը լինելով գողական բերդի տեղական ներկայացուցիչ` ինչ ստոր դերակատարություն ունի այլոց, այդ թվում` քաղբանտարկյալներին նվաստացնելով ոչնչացնելու գործում, ՀԱԿ պատասխանատուները նշում էին, որ էդ խնդրի կարգավորման ժամանակը հիմա չի… Եվ ես անում եմ մեկ հետեւություն, որ մենք ամեն ինչը ուզում ենք լինի անթերի, Շարժումը, ՀԱԿ-ը լինի անարատ, անթերի, բայց անարատ եւ անթերի ձեւացնելով` այդպիսին չենք դառնում: Հաճախ հիշում եմ, որ ասվում է` «քաղբանտարկյալներից ոչ մեկը չկոտրվեց», սուտ է, մոտ մեկ տասնյակ ներում գրածները թերեւս տեսանելի, բայց փոքր կորուստներն էին… չի խոսվում նրանց մասին, ովքեր կալանավայրերի մսաղացում ենթարկվեցին քրեական հանցախմբերի դաժան բռնություններին, նույնիսկ ինքնությունը կորցրած, կիսախելագար դարձածների մասին…»,- գրում է Վարդգես Գասպարին: Մեկ այլ հրապարակման մեջ նա գրել է, թե ինչ է տեղի ունեցել կալանավայրի այն խցում, որտեղ Ա. Հովհաննիսյանն է եղել: «Մութն ընկնելով` չքանում էր ցերեկվա ձեւական կարգ ու կանոնը. ավելի ուշ արդեն տիրում էր կատարյալ անտերությունը. միջանցքից լսվում էր անսովոր, արտառոց անց ու դարձի ձայներ, աղմուկ, որը գնալով ավելի էր ուժգնանում: Լսվում էր շատ բարձր ձայնով փողոցային թուրքական, արաբական երաժշտության վայնասունը (երեւի այլ ձայները խլացնելու նպատակով): Միջանցքում ոնց որ ինչ-որ մարդիկ ռազբիրատ էին անում, հայհոյում, գոռգոռում էին: Երբեմն ձայներն այնքան մոտիկ էին, որ թվում էր` հենց խուցի դռան հետեւը ինչ-որ մեկին դաժան բռնության են ենթարկում: Ամենից շատ լսվում էր «կմորթեմ, կմորթեմ» հիստերիկ գոռգոռոցը: Մերթ ընդ մերթ քացով խփում էին դռանը` այնպես ուժգին, որ ամեն վայրկյան թվում էր` դուռը կբացվի եւ ներս կխուժեն սալդատները… պարզ էր արդեն. լուրը հասել էր զոն նայողին, որ ես հանդգնում եմ չենթարկվել գողական բերդի կանոններին»: (9 մարտի, 2008թ., «Նուբարաշեն»): «Ես 42 խցի «բնակիչների» մասին հիշատակեցի Մարտի 1-ի գործով կալանավորներ, եւ ոչ թե քաղբանտարկյալներ: Իրականում մարտի մեկից հետո բոլոր ձերբակալվածներին անվանեցին քաղբանտարկյալներ. հետո մեկ, երկու, երեք թե չգիտեմ քանի անգամ ճշգրտումներ եղան… Իրականությունն այն է, որ մեզ բիրիքով ձերբակալել, լցրել էին բանտերը: Այո, բոլորի կալանավորելու առիթը քաղաքական էր, սակայն, իմ կարծիքով, դա բավարար չէ մարդուն քաղբանտարկյալ որակավորելու համար: Կալանավայրը նույն այս հասարակության խորթ բարքերի խստացված ռեժիմն է: Իրականում հին (ավազակապետական) կարգերի դեմ ըմբոստացած տարբեր կալիբրի մասնակիցներին տարել էին խստացված ռեժիմով վերամշակելու, որպեսզի դրանից հետեւություններ անի ընդդիմադիր զանգվածն ընդհանրապես: Եվ այսպես ավազակապետության թրի տակից անցնելու առաջին քայլը «կալանավայրը ուրիշ աշխարհ ա» աքսիոմայի ընդունելն էր, այսինքն` ապրել կալանավայրի կյանքով` անջատվել դրսի աշխարհից եւ ընկղմվել գողական կյանքի մեջ: Սրա առաջին ատրիբուտն էր` մասնակցել «օբշչակին», վճարել ամսական նալոգ ոչ կանոնադրական հարաբերությունները կազմակերպելու համար, առաջին իսկ քայլով ստանձնել որոշակի հանցագործություն իրականացնելու պատրաստակամություն: Այսինքն` օրենքի խախտմամբ գումար մտցնել կալանավայր` օբշչակին վճարելու, կաշառելու, ինչո՞ւ չէ` նաեւ ղումար անելու համար: Բախում առաջին- Ես ի սկզբանե հրաժարվեցի օրենքի խախտում թույլ տալ եւ գումարը զարտուղի մտցնել կալանավայր, նաեւ նշեցի, որ չեմ պատրաստվում կոպեկ կաշառել որեւէ բանի համար: Այնուամենայնիվ, 1-2 ամիս փաստացի տեղի տվեցի հարկադրանքին, եւ գույքի տեսքով (ծխախոտ) մասնակցեցի օբշչակին: Իսկ նրանից հետո այլեւս հրաժարվեցի դրանից, ինչը խցի բնակիչները իրավամբ գնահատեցին անհնազանդություն գողական բերդի կարգերին: Իսկ գողական կարգերին հակադրվելու առիթները քիչ չէին: Դեռ մինչ այդ կատեգորիկ հրաժարվել էի բջջային հեռախոսից օգտվելուց, եւ դրա փոխարեն համառ պահանջներ էի ներկայացնում կալանավայրի հեռախոսից օգտվելու իմ իրավունքը իրացնելու համար, ինչը այնքան էլ ճիշտ չէր ընկալվում: Բախում երկրորդը հիերարխիկ հարաբերություններին հակադրվելն էր. թույլ չտալ այլոց ճնշելը: Բախում երրորդը` խցում թմրանյութի օգտագործմանը խիստ հակադրվելը: Բախում չորրորդը` խցում գիշերային քնի ռեժիմի պահպանումն էր (կալանավայրում ցերեկը քնում, գիշերն են արթուն մնում` խոսում, վիճում, ֆիլմեր նայում, ղումար անում եւ այլն): Եվ այսպես բախումների առիթները քիչ չէին, սակայն, հաշվի առնելով խցի բնակիչների համամասնությունը, դրանք ծայրահեղ դրսեւորումներ չէին ունենում: Մարտի մեկի գործով կալանավորները երկու կողմից բուֆերացնում էին իրավիճակը: Սակայն ժամանակի ընթացքում մեր խցի համամասնությունը փոխվեց հոգուտ գողականների: Այդ ժամանակ խուցը նայողն էր ոմն Արայիկ Հովհաննիսյանը` նարկոման, գող- ավազակ, բառացիորեն փալաս էակ (ի դեպ, ընդգրկված քաղբանտարկյալների ցուցակում), որը ավելի ճղճիմ եւ անմարդկային էակ էր, քան իմ տեսած այլ խուց նայողները: Կալանավորին նվաստացնելիս սահման չէր ճանաչում: Վերջերս անցել էր ամենաստոր տարբերակին` մի կալանավորի տղամարդու արժանապատվությունը նվաստացնելու տարբերակին: Այսպիսի իրավիճակում նրա համար ամենամեծ պրոբլեմը ես էի, որի պատճառով էլ հաճախակի էր դարձել մեր ընդհարումը»,- գրում է Վարդգես Գասպարին: