100 տոկոսանոց ջանք

02/06/2011

Հունիս 4-ին Սանկտ Պետերբուրգում «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալելու է Հայաստանի հավաքականին: Երեւանյան ոչ-ոքիից հետո այժմ Ռուսաստանի հավաքականին անհրաժեշտ է միայն հաղթանակ, սակայն ռուսաստանյան մամուլը գրում է իրենց հավաքականում սկիզբ առած անառողջ խմորումների մասին: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, այնուհանդերձ, պնդում է, թե իրավիճակը թիմում «այնքան վատ չէ, որքան ներկայացնում են»: «Մեր թիմը Հայաստանի հետ խաղի ընթացքում 100 տոկոսից ավելի ջանք պետք է գործադրի` հաղթանակի հասնելու համար»,- հայտարարել է Ադվոկատը նախօրեին կայացած ասուլիսում: Ռուսաստանցի մարզական լրագրողները մի շարք ոչ այնքան հաճելի հարցեր են ուղղել Ադվոկատին` կասկածի տակ առնելով Ռուսաստանի հավաքականի կարողությունները: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի հավաքականում ստեղծված հոգեբանական մթնոլորտի մասին է, որի յուրատեսակ դրսեւորումը դարձավ թիմի առաջատարներից մեկի` անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի օրերս հրապարակված հարցազրույցը: Ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում Պավլյուչենկոն հայտարարել էր, թե Ադվոկատը թիմում մերձավորների մի խումբ է ձեւավորել, որոնք էլ հայտնվում են հավաքականի հիմնական կազմում: Սրան ի պատասխան` Ադվոկատն ասել է. «Միանշանակ ասում եմ, որ Պավլյուչենկոյի հետ համաձայն չեմ: Մյուս կողմից, սակայն, չեմ կարող չնշել, որ այն, ինչ Ռոմանն ասում է հարցազրույցներում, նույն դժգոհությունները ես նրանից լսում եմ դեմ առ դեմ շփման ժամանակ»: Խոսելով Հայաստանի հետ Սանկտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա հանդիպման մասին` Դիկ Ադվոկատն ասել է. «Դա շատ կարեւոր հանդիպում է լինելու: Ես հուսով եմ, որ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, եւ մեր թիմի խաղացողները կզգան, որ դա իրոք սեփական հարկի տակ ընթացող խաղ է»: Ռոման Պավլյուչենկոն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հունիսի 4-ի խաղին` նշելով. «Հայաստանի հավաքականի նկատմամբ տածած իմ ողջ հարգանքով հանդերձ` ես, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք անպայման պետք է հաղթենք: Հայաստանում մենք չկարողացանք հաղթել, քանի որ հայերը սեփական հարկի տակ, որպես կանոն, լավ են խաղում: Բացի այդ, ես երեւանյան հանդիպմանը չէի մասնակցում: Իսկ Պետերբուրգում, ես կարծում եմ, լեփ-լեցուն ստադիոն եւ լավ մթնոլորտ կլինի: Կարեւոր չէ` որտեղ ես խաղում, կարեւորը լավ դաշտն է, լավ մթնոլորտն ու լավ մարզասերների բանակը»: Ի դեպ, ՈՒԵՖԱ-ն արդեն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր կսպասարկեն «Եվրո-2012»-ի առաջիկա ընտրական հանդիպումները: Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կվարի ֆրանսիացի Ստեֆան Լանուայի գլխավորած մրցավարական բրիգադը: Լանուան Ֆրանսիայում հայտնի մրցավար է եւ միջազգային հանդիպումների զգալի փորձ ունի: Նա Չեմպիոնների լիգայի 2010/11թթ. խաղարկությունում վարել է 4 հանդիպում: