Մայիսի 27-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները, կաշառք վերցնելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանին: Պարզվել է, որ Միքայելյանը Երեւանի մի բնակչից Էմինի փողոցի ապօրինի շինությունն օրինականացնելու համար պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Նյութերն ուղարկվել են Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն: Կ. Միքայելյանը ձերբակալված է: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է քաղաքապետարանում: Դեռեւս ապրիլին կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր քաղաքապետարանի աշխատակազմի եւ Ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը: