Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ տեղի է ունեցել բողոքի ակցիա` նվիրված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ դատավարությանը: Նշենք, որ արդեն 21-րդ օրն է, ինչ Տ. Փոստանջյանը հացադուլ է հայտարարել: Նա այդպիսով իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» քկհ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից եւ իր դեմ կիրառվող ապօրինի կալանքից: Ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը եւ ազատ արձակել քաղաքական պատանդ Տ. Փոստանջյանին:
Երեկ Զ. Փոստանջյանը նամակ է հղել եվրոպական կառույցներին` իր եղբոր ազատազրկման առնչությամբ, որտեղ ասված է. «Ցավով պետք է նշեմ, որ Ձեր ուղերձները եւ ողջույնները միշտ չէ, որ նպաստում են որակական փոփոխություններին: Առ այսօր ՀՀ քաղաքացիները ապրում են 21-րդ դարի հակաժողովրդական եւ հակաժողովրդավարական ավտորիտար ռեժիմներից մեկի ներքո: ՀՀ քաղաքացիների անունից այս պահին հանդես են գալիս այնպիսի անձինք, ովքեր հանրային իշխանության լիազորություններ են ձեռք բերել ոչ թե արդար, թափանցիկ եւ հավասար պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, այլ 2008թ. մարտի 1-ի ողբերգությունից հետո, ապօրինի արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում»: Նաեւ նշել է. «Հուսով եմ, որ տարիներ շարունակ քաղաքական բանտարկյալներ պահող, Մարտի 1-ի մեղավորներին չբացահայտող, ներկայումս քաղաքական պատանդներ վերցնող, մարդկանց իրավունքներն ու Հայաստանի եւ միջազգային օրենսդրությունը մշտապես ոտնահարող իշխանության հետ բանակցությունների հաջորդ փուլը կվերաբերի իրական համակարգային բարեփոխումների իրականացմանը, որոնց արդյունքում կունենանք օրինական ճանապարհով ձեւավորված իշխանություն»: