«Մենք խաղաղ ժողովուրդ ենք»

30/05/2011

Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նախ տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմն ընդլայնել է եւ «Գալուստ Գյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանն ու Հայ օգնության միության Կենտրոնական վարչության ատենապետուհի, տիկին Վիկի Մարաշլյանը եւս ընդգրկվել են հանձնաժողովում: Ս. Սարգսյանն իր ելույթի խոսքում ասել է. «Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար: Բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել եւ հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված եւ իրականացված բնաջնջման քաղաքականությունը: Բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետեւանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակներին: Բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ եղեռնը իրականացնողների ուրացող հետեւորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սեւ էջը խեղաթյուրելու համար, եւ բաց է, քանի որ Մեծ եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երեւույթ եւ չեն ընկալում իրենց ապաշխարանքով հատուցելու անհրաժեշտությունը»: Նաեւ հավելել է. «Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որ պատրաստ է` որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, քննարկել եւ համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաեւ` իր հարեւանների հետ: Սակայն, անկախ որեւէ բանից, մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը եւ անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ: Մենք պատասխանատու ժողովուրդ ենք, որ վերապրելով Հայոց ցեղասպանությունը եւ անցնելով 20-րդ դարի բազմաթիվ արհավիրքներ` անկախ, հպարտ ու հաղթանակած մուտք գործեց 21-րդ դար: Դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ` մենք երբեք չկուրացանք մեր վշտից, երբեք երես չթեքեցինք այլ ժողովուրդների տառապանքներից, այլ հետեւողականորեն պնդեցինք ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ անխուսափելի պատժման անհրաժեշտությունը»: