Գյուղ Ծաղկունք. հոգսերի ու երազանքների միջեւ

30/05/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գյուղի հարուստները նպաստառուներն ու թոշակառուներն են

Մինչ Երեւանի բնակիչների մի մասը պատրաստվում էր մասնակցել մայիսի 28-ի` Հանրապետության տոնի հանդիսավոր համերգին, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչները դույլերն էին պատրաստում՝ աղբյուր գնալու համար:

«Գյուղացու համար ի՞նչ տոն, աղջիկ ջան: Գյուղացին ամեն օր պիտի չարչարվի, որ կարողանա ապրի: Առաջ ասում էին՝ ով աշխատի, նա կուտի, հիմի ինչքան էլ աշխատում ենք, ապրելն ա դժվարացել»,- կիսափուլ մշակույթի տան մոտ ասաց գյուղի բնակչուհի Ջուլիկ տատը: Նրա խոսքով՝ սոցիալական վիճակն օրեցօր վատանում է գյուղում, եւ իրենք այլեւս որեւէ հույս որեւէ մեկի հետ չեն կապում: Առավել եւս` իշխանությունների: «Գյուղում մատների վրա կարաս հաշվես՝ քանի հոգի ա հող մշակում, քանի հոգի ա անասուն պահում: Հողերի կեսը խոպան ա դառել: Անցած տարի գոնե ցորեն, գարի ցանողներ կային, բայց անձրեւների պատճառով մարդիկ պարտքի տակ ընկան: Բերքը փչացավ, պարտքը՝ շատացավ»,- պատմում էր Ջուլիկ տատը՝ նայելով գյուղի կանաչ տարածություններին: «Առաջ ա՜յ էն դաշտերը ծաղիկներով լիքն էին, դրա համար էլ գյուղի անունը Ծաղկունք դրեցին: Հիմի շատ բան ա փոխվել՝ շա՜տ-շատ… Հա, ասում են` էսօր տոն ա, ի՞նչ տոն ա, մեզ ի՞նչ: Էդ տոներն իշխանությունների համար ա»,- ասաց տատը՝ հայացքը հառելով Մշակույթի տան շենքին: «Վերջին անգամ էս Մշակույթի տանը գիտե՞ս որ կինոն եմ նայել՝ «Լոբին», էնքան էլ լավ հնդկական կինո էր»,- հիշեց տատը: Հարեւանուհին մեր խոսակցությանը միջամտելով` ուղղեց. «Ջուլիկ տատ, լոբի չի, «Բոբի» ա, «Բո-բի»: «Գյուղում վիճակն օր օրի վատանում ա: Գյուղում ո՛չ խմելու, ո՛չ էլ ոռոգման ջուր կա: Ահավոր վիճակ է: Դե ֆաբրիկաներն էլ սովխոզ-կոլխոզի տարիներից հետո փակվեցին: Գյուղի ժողովրդի կեսը դաժե մի սանտիմ հող չի մշակում: Ինչո՞վ մշակի: Տրակտորը` թանկ, սերմացուն` թանկ, պարարտանյութը` թանկ, ջուր էլ չկա: Կարճ ասած՝ գյուղի մենակ 5%-ն ա հող մշակում, բայց վա՛յ են մշակելուն»,- ասացին գյուղի խանութի պատի մոտ հավաքված տղամարդիկ:

«Գյուղում տենց ընտանիք չկա, որ խոպանում մարդ չունենա: Սաղ երիտասարդները գնում են խոպան, առաջ մեկ-մեկ էին գնում, հիմի` ընտանիքներով: Կամաց-կամաց գյուղը դատարկվում ա: Առավոտից տնից փախնում ենք, գալիս ենք էս պատին նստում: Բա ի՞նչ անենք»,- ասում էին նրանք: «Օրինակ, ես անցած տարի ցորեն էի ցանել, բայց սաղ բերքս եղանակներից փչացավ: 1 հա ցորենի համար ամենաքիչը 150.000 դրամ ա պետք: Հիմի էլ մտածում եմ, թե մի հնարավորություն լինի` թողնեմ-գնամ էս երկրից»,- ասաց տղամարդկանցից մեկը: «Հես ա՝ էս էլ պարտքացուցակն ա: Մի ամսվա մեջ ծերից ծեր լցվում ա: Գյուղի ամենալավ ապրողները դառել են «Փարոս» ու թոշակ ստացողները»,- ասաց գյուղի ամենահին խանութի վաճառողուհի տիկին Գայանեն՝ սեւ մատիտով ընդգծելով կոպերը: «Գայուշը մեր փրկությունն ա: Գյուղի փրկությունն ա»,- ինձ դառնալով՝ ասաց գյուղի բնակչուհիներից մեկը, որն այդ ընթացքում կարմիր շրթներկն էր թարմացնում: «Գյուղում էսօր մեծ միջոցառում կա: Քաղաքից մարդիկ են եկել: Գնանք, գոնե սենց մեկ-մեկ ուրախանում ենք»,- ասաց կինը՝ շտապելով դեպի գյուղի եկեղեցի:

Գյուղի նախկին բաղնիքի շենքն այսօր աղբանոցի է վերածվել, իսկ դրա դիմաց գտնվող Մշակույթի տան շենքը դարձել է գյուղի երեխաների թաքստոցը: «Մենք մեր գյուղը շատ ենք սիրում: Որ քաղաք եմ գնում, չէ՞, ուզում եմ շուտ գյուղ գալ: Մեզ մոտ ամեն ինչ ուրիշ ա: Օդը մաքուր ա, ամեն ինչ թարմ»,- ասաց երեխաներից Արսենը: «Գիտեք՝ գյուղում ապրելը իսկապես դժվար ա: Էստեղ պիտի շատ աշխատես: Ի՞նչ եմ դառնալու: Չգիտեմ՝ դե հող կմշակեմ, կամ էլ անասուն կպահեմ»,- ընկերոջն ընդհատելով՝ նշեց մյուս տղան` Կարենը: «Կարեն, եթե անասուն պահելու լինես, մենակ տավար պիտի պահես: Ոչխարը ահավոր դժվար է պահելը: Պիտի հա ընկնես հետեւից, իսկ տավարն իրա համար արածում ա, խելոք-խելոք տուն ա գալիս»,- ավելացրեց Արսենը: Հոգու աներեւակայելի մաքրության այս երեխաների զրույցն, իսկապես, առանց հուզմունքի հնարավոր չէր լսել: Նրանք նույնպես շտապում էին եկեղեցու մոտ կազմակերպված տոնակատարությանը:

Ծաղկունքը կդառնա ամենածաղկուն համայնքը

Ծաղկունքը զարմանալի տրամադրություն պարգեւող գյուղ է: Կանաչ գորգերի նմանվող տարածությունների եւ երկնքի միջեւ հեռավորությունը չափելի է թվում: Գյուղի սոցիալական ծանր պայմանների, ավերված վիճակի հակապատկերն է, սակայն, դպրոցի շենքը, որը հիմնանորոգվել է 2007թ.: «Գյուղի դպրոցը վերանորոգվել է «Դար» հիմնադրամի կողմից` ի դեմս Աղաջանյան եղբայրների»,- ասաց դպրոցի տնօրեն Սուրիկ Թադեւոսյանը: Դպրոցն այսօր ունի 128 աշակերտ:

Մայիսի 28-ին «Դար» հիմնադրամը Ծաղկունքում միջոցառումների շարք էր կազմակերպել: Մեկնարկը տրվեց գյուղի Սբ. Սարգիս եկեղեցում: Պատարագին ներկա էին գյուղի բնակիչներն ու Երեւանից ժամանած հյուրերը: Պատարագից հետո հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան պատերազմում զոհված գյուղացիների հիշատակին:

Չնայած Ծաղկունք գյուղի դպրոցի բարեկարգ վիճակին, սանհանգույցները ջուր չլինելու պատճառով չէին գործում: Մայիսի 28-ին` «Դար» հիմնադրամի շնորհիվ, գյուղում տրվեց խմելու ջրի մեկնարկը: «Ջուրը գալիս է» ժողովրդական ծեսին հաջորդեցին ելույթները, երգ ու պարը, ու-շուի ցուցադրական ելույթները, ավանդական գաթայի համտեսը, դպրոցի աշակերտների արվեստի եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Դպրոցի դաշտում ֆուտբոլի ընկերական հանդիպում էր կազմակերպվել, որտեղ խաղում էին գյուղի երիտասարդներն ու մեծահասակները: «Ջրի խնդիրը շատ մեծ է գյուղում, եւ այդ հարցն արդեն սկսել ենք լուծել: Վաղվանից սկսելու ենք 7 կմ սարի ջուր իջեցնել գյուղ եւ այն մշտական դարձնել»,- նշեց գյուղապետ Պետիկ Աղաջանյանը:

«Դար» հիմնադրամի գործունեության շրջանակներում նախատեսված է Ծաղկունք գյուղը ամենածաղկուն համայնքը դարձնել Հայաստանում: «Դար» հիմնադրամի հիմնադիրները Ծաղկունք գյուղի բնակիչներ, Ռուսաստանում հայտնի գործարարներ Արսեն, Հրաչյա, Կարեն Աղաջանյաններն են ու նրանց մայրը՝ Սվետլանա Հակոբյանը: Մեր օրերում սա եզակի երեւույթ է, երբ արտերկրում կայացած, հաջողակ գործարարներն առանց բարեգործական շոուների-թամաշաների` խոշոր ծրագրեր են իրականացնում հայրենի գյուղում: Նրանց միջոցով գյուղում կառուցվել է նաեւ եկեղեցին (կառուցվել է 2004թ., իսկ օծվել է 2006թ.), դպրոցի շենքը, բարեկարգել են գյուղի ճանապարհները, գյուղի գիշերային լուսավորությունը, յուրաքանչյուր նորածնի համար ընտանիքին ամսական 30.000 դրամ են հատկացնում (տարվա կտրվածքով` 1000 դոլար), գյուղի բնակիչներին անասուն եւ փեթակներ են բաժանում` կոնկրետ ժամկետով, որպեսզի այդ ընթացքում հասցնեն դրանք բազմացնել: «Տարիներ շարունակ գյուղը եկեղեցի չուներ: Եկեղեցին, որ նախկինում կար, խորդանոց էին դարձրել: Միակ տեղը, որ աղոթում էինք,

7-րդ դարում կառուցած փոքրիկ մատուռն էր, որի կողքին էլ կառուցեցին եկեղեցին»,- եկեղեցու աստիճանների մոտ ասաց գյուղացիներից մեկը:

Բավական հետաքրքիր է նաեւ «Դար» հիմնադրամի` գյուղում Վարպետաց փողոց կառուցելու նախագիծը, որի շրջանակներում կներկայացվեն հնագույն արհեստները` Ծաղկունքը զբոսաշրջիկների համար հետաքրքրաշարժ վայր դարձնելու նպատակով: Ջրամատակարարման աշխատանքների, ոռոգման, խմելու ջրերի համակարգերի, գյուղի ճարտարապետական տեսքի համար նախատեսված է շուրջ 146 միլիոն դրամ, որի միայն փոքրիկ մասն է հոգում Գեղարքունիքի մարզպետարանը: Ի դեպ, ըստ ծրագրի` դպրոցը վերածվելու է համայնքաստեղծ օջախի, որտեղ կգործի գյուղի գրադարանը, ինտերնետային ակումբը, կինոդիտումների սրահը, մշակութային ակումբը: Նախատեսված է դպրոցի տանիքում հյուրատուն ստեղծել: Աղաջանյանների եւ նրանց մոր նպատակն է` իրենց հայրենի գյուղը դարձնել կենսական մի համայնք, որտեղ մարդիկ կապրեն բարեկեցիկ, մշակութային եւ հոգեւոր կյանքով:

Այսօր քաղաքացին չի վստահում իշխանություններին: Գործարարներն ու անհատ բարերարները ոչ միայն չեն վստահում պետական կառույցներին, այլեւ բարեգործական որեւէ հիմնադրամի: Պատճառներ ունեն չվստահելու: Որքան բարերարներ են հրաժարվել իրենց հովանավորչական ծրագրերից` նկատելով, թե ինչպես են մսխվում իրենց հատկացրած միջոցները: Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից շատ-շատերը հրաժարվել են Հայաստանում բարեգործական որեւէ ծրագիր իրականացնելուց: Ծաղկունք գյուղի օրինակը միգուցե վարակիչ երեւույթ դառնա: Եթե արտերկրում ապրող մեր հայրենակիցների գոնե մի մասը իր ծննդավայրի` գյուղի նկատմամբ նման հոգատարություն ցուցաբերի, ապա այդ գյուղը կապրի: Թշվառության եզրին են բոլոր գյուղերը, մարդիկ ընտանիքներով, գյուղ առ գյուղ հեռանում են Հայաստանից: Այսօր, թերեւս, միայն նման ծրագրերը կարող են գյուղացուն պահել գյուղում` հույս ներշնչելով ապագայի, վաղվա օրվա նկատմամբ: