ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` Հայաստանում քաղաքական գարունը թեժ էր եւ կառուցողական: Նրա խոսքով` նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը երկրում անցնցում զարգացում են ապահովում, ինչին դրական է արձագանքել նաեւ ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ «գնում է բաց երկխոսություն իշխանությունների հետ, որը չպետք է ընդհատվի»: «2011-ի գարունը շահեկանորեն տարբերվեց վերջին շրջանի քաղաքական գարուններից նրանով, որ այստեղ եւ՛ ընդդիմությունը (լինի խորհրդարանական թե արտախորհրդարանական), եւ՛ իշխանությունը մեծ ջանքեր գործադրեցին Հայաստանում երկխոսության, համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ,- ասել է նա` հավելելով,- Պատմությունը ցույց է տվել, որ հաջողության են հասնում այն երկրներն ու պետությունները, որտեղ քաղաքական պայքարն ու մրցակցությունը բացառապես իրականացվում են երկխոսության եւ քաղաքական կոռեկտության ճանապարհով»: Նա երեկ եւս մեկ անգամ բացառել է արտահերթ նախագահական եւ խորհրդարանի ընտրությունների անցկացման հնարավորությունը: Նրա խոսքով` արտահերթ ընտրություններ տեղի են ունենում քաղաքական ճգնաժամային իրավիճակներում։ «Գոնե ես կարող եմ բազմաթիվ փաստեր ներկայացնել, որ մեր երկրում ոչ միայն չկա քաղաքական ճգնաժամ, այլեւ մեր երկիրը նախագահի եւ քաղաքական իշխանության հետեւողական ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հետեւանքով աստիճանաբար թեւակոխում է դեպի զարգացում»,- ասել է ՀՀԿ խոսնակը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե իշխանությունների հետ երկխոսությունը կարող է ծավալվել միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ապա Է. Շարմազանովն ասել է, թե իշխանության կողմից առաջարկվող երկխոսության թեմաները կլինեն այլ կարեւոր խնդիրների շուրջ. «Ինչպես խորհրդարանական ընդդիմության, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերի հետ լինելու է այն խնդիրների շուրջ, որոնք կընթանան քաղաքական, տնտեսական, արտաքին քաղաքականության ճակատներով»: Ի դեպ, երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից հասարակությանն անընդհատ վստահեցնելը, որ շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, «ուղղակի հանրահավաքին մարդաշատություն ապահովելու համար է արվում»: «Բայց պետք է ասել, որ այդ հանրահավաքներին մեր հայրենակիցների մի զգալի հատվածը սոցիալական դրությունից ելնելով է գնում, այլ ոչ թե այս կամ այն ընդդիմադիր թեւը ներկայացնող առաջնորդին որպես կուռք աջակցելու համար: Իսկ երբեմն վայ ընդդիմադիր գործիչները կուրծք ծեծելով ասում են` քանի հազարանոց հանրահավաք ապահովեցինք, եւ այս ժողովուրդը, ինչպես հավատացյալները, երկրպագում են իրենց առաջնորդներին»,- ասել է Սահակյանը: Նրա խոսքով` ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերը միայն «սեւ գույներով, իշխանության հրաժարականը պահանջելով են փորձում ցույց տալ իրենց ընդգծված ընդդիմադիր լինելը, որը ես համարում եմ` ճիշտ չէ, որովհետեւ, եթե կա արտահերթ ընտրությունների պահանջ, ուրեմն պետք է լինեն նաեւ դրանց փաստարկները»: Նաեւ հավելել է. «Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքական դաշտում այն լարված մթնոլորտը կամ արտահերթ ընտրությունների տրամադրությունը չկա, եւ ժամանակի առումով էլ ճիշտ չէ, որովհետեւ մեկ տարուց էլ պակաս է մնացել հերթական ընտրություններին»: