Թմրամիջոցի «ցեխ» են հայտնաբերել

30/05/2011

Մայիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողները, թմրամիջոցներ ապօրինի պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւան-Աշտարակ խճուղուց բերման են ենթարկել Երեւանի բնակիչներ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի 3-րդ բաժնի վարիչ, 1973թ. ծնված Հովհաննես Սիմոնյանին եւ 1967 թ. ծնված Վահրամ Ռուշանյանին: Խուզարկությամբ Հ. Սիմոնյանի մոտից հայտնաբերվել է արտասահմանյան ծագման մոտ 8.5 գրամ մարիխուանա թմրամիջոց: Պարզվել է, որ նա թմրամիջոցը 100.000 դրամով ձեռք է բերել 1979թ. ծնված Նինելլա Իգիթյանից, որը նույն օրը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Նինելլա Իգիթյանը 2010 թ. սեպտեմբերից մինչեւ 2011թ. մայիսը, պարբերաբար, մոտ 80 գրամ (գրամը` 10.000 դրամով) մարիխուանա թմրամիջոցը ձեռք է բերել ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի Ավանի մասնաճյուղի հաշվառման բաժնի պետ, 1976թ. ծնված Սերգեյ Տոնոյանից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տոնոյանը պատրաստվում է լքել ՀՀ տարածքը, եւ նա մայիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Պարզվել է նաեւ, որ Սերգեյ Տոնոյանն իր ընկերների` 1961թ. ծնված Արմեն Մարտիրոսյանի եւ ԱՄՆ քաղաքացի, 1977թ. ծնված Սուրեն Խուդավերդյանի հետ Երեւանի Պռոշյան փողոցի 18 հասցեում գտնվող առանձնատան նկուղում կազմակերպել է մարիխուանա թմրամիջոցի բույսերի աճեցում եւ վերամշակում, ապա` պատրաստի թմրամիջոցի իրացում, որին 2010 թ. դեկտեմբեր ամսից օժանդակել է Սերգեյ Տոնոյանի եղբայրը` Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ օպերլիազոր, 1979թ. ծնված Ստեփան Տոնոյանը: Ի դեպ, Տոնոյան եղբայրները Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ազգականներն են, իսկ նրանց հայրն աշխատում է Արագածոտնի մարզի ՀՔԲ պետ: Նինելլա Իգիթյանը հայտնել է, որ Սերգեյ Տոնոյանի հետ բնակվել է հիշյալ առանձնատանը, ուր այցելել է նաեւ Ստեփան Տոնոյանը: Նա նշել է նաեւ, որ Ստեփան Տոնոյանը 2010թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին այցելել է իր եւ Սերգեյ Տոնոյանի վարձակալած Մաշտոցի պողոտայի 45ա շենքի թիվ 9 բնակարան, որտեղ երկու անգամ հյուրասիրելով իրեն` իրացրել է մարիխուանա թմրամիջոց, որը գործածել են միասին: 2011 թ. հունվար կամ փետրվար ամսին Նինելլա Իգիթյանը, Ստեփան Տոնոյանը եւ վերջինիս ընկերուհի ոմն Նելլի գնացել են «Ծղոտներ» կոչվող հյուրանոցային համալիր, որտեղ Ստեփան Տոնոյանը նրանց հյուրասիրել է 4 հաբ էքստազի թմրամիջոց: Օգտագործել են մեկական հաբ, իսկ վերջին հաբը Ն. Իգիթյանն օգտագործել է Ստեփան Տոնոյանի հետ: Ստեփան եւ Սերգեյ Տոնոյաններն ու Հովհաննես Սիմոնյանը ձերբակալված են: Պարզվել է, որ 2011թ. մայիսի 22-ին նրանք Երեւան քաղաքի Պռոշյան 18 հասցեում գտնվող մարիխուանա թմրամիջոցի ապօրինի արտադրամասի պարագաները տեղափոխել են Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին շնաբուծական տնտեսություն` հետագա հանցավոր գործունեությունն այնտեղ շարունակելու նպատակով: Մայիսի 27-ին խուզարկություններ են կատարվել Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 18 տանն ու Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի նշված տարածքում: Պռոշյան փողոցի հիշյալ տան նկուղում հայտնաբերվել է ապամոնտաժված լաբորատորիա։ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղին հարակից հողատարածքում գտնվող նախկին շնաբուծարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ծաղկամաններ, փայտեր, լամպեր, դույլերում` կանեփանման զանգվածներ, որոնք առգրավվել եւ ուղարկվել են Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն:

Գործով վկա Լեւոն Մարտիրոսյանը նշել է, որ 2011թ. ապրիլից աշխատում է Ստեփան Տոնոյանին պատկանող, իր անվամբ վարձակալած նախկին շնաբուծարանում, որտեղ խնամել է Տոնոյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունները: 2011թ. մայիսի կեսերին Ս. Տոնոյանը զանգահարել է նրան եւ խնդրել տեղավորել վերոնշյալ իրերը, որոնք, ըստ Տոնոյանի, օգտագործվելու էին ջերմոց պատրաստելիս: Մինչ օրս, սակայն, այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարվել: Մայիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Ի դեպ, բավական ուշագրավ է վերնագրված այս տեղեկատվությունը Ոստիկանության պաշտոնական կայքէջում` «Թմրամիջոցի ապօրինի արտադրամաս Երեւանում»: Այսինքն` կարելի է ենթադրել, որ Երեւանում կա թմրամիջոցների օրինական արտադրամաս: