Երեկ Երեւանի պատմության թանգարանում բացվեց նկարչուհի Նաիրա Աղախանյանի նկարների` «Ժպտացող գույներ» անունը կրող, թվով` երկրորդ ցուցահանդեսը: Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է 2009թ. եւ կրել է բարեգործական բնույթ: Այդ ցուցահանդեսի վաճառքից գոյացած գումարներով հաշմանդամների «Փյունիկ» միության մասնաշենքում հաշմանդամ երեխաների համար համակարգչային լսարան բացվեց: Մեզ հետ զրույցում Նաիրան ասաց, որ ընդամենը 3 տարի է, ինչ զբաղվում է նկարչությամբ: Մեր հարցին, թե ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ հանկարծ որոշեց վրձինն իր ձեռքը վերցնել, Նաիրան երեխայի անկեղծությամբ ուսերը վեր բարձրացրեց եւ պատասխանեց. «Ախր, չգիտեմ: Կարելի է ասել, որ մի օր արթնացա եւ հասկացա, որ չեմ կարող չնկարել: 3 տարի առաջ վերցրեցի վրձինն, ու մինչ օրս այն իմ ձեռքում է»: Մեր դիտարկմանը, որ նման ժպտացող գույների պատճառ կարող է միայն սերը հանդիսանալ, Նաիրան նշեց. «Լիովին համաձայն եմ, որ սերը կնոջը թեւեր է տալիս: Սակայն այդ սերն իմ կողքին է շատ վաղուց` իմ ամուսնու` Հովիկ Մուսայելյանի կերպարով: Ի դեպ, նա է այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչը, եւ ես նրան անչափ շնորհակալ եմ»: «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հ. Մուսայելյանը մեր հարցին, թե` ինչպե՞ս իր կնոջ մեջ հայտնաբերեց նկարչուհու ձիրքը, կատակով պատասխանեց. «Շատ զարմացա: Սակայն, անկեղծ ասեմ, ես միշտ եմ զգացել նրա մեջ` սերն արվեստի, նկարչության հանդեպ: Իսկ եթե այդ սերը կա, այն վաղ թե ուշ պետք է գտնի իր արտահայտչամիջոցը»: