Մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ համերգ, որը զարմանալի տպավորություն թողեց: Սփյուռքահայերին քաջ ծանոթ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը Հայաստանի անկախության տոնի առիթով ներկայացրեցին «KOHAR-ն ու հայ աստղերը» խորագիրը կրող համերգային շոուն: Այդ շոուի մանրամասները չէին ներկայացվել հանրությանը (թերեւս գործի էր դրվել «անակնկալի» ֆորմատը), ինչն էլ դրդեց բոլորին կարծել, որ սա հերթական միջոցառումային համերգն է լինելու, մանավանդ, երբ պարզ դարձավ, որ համերգին մասնակցելու է երգիչների այն տասնյակը, որոնց կերպարներն անընդհատ շրջանառվում են եթերում ու պետական կորպորատիվ հավաքույթներում: Իհարկե, բուն համերգային «միջուկը» անփոփոխ, քաջածանոթ ու բավական անգույն էր, սակայն այս համերգի «մեխը» ոչ թե երգերն էին, այլ տեխնիկական մակարդակը: Հատուկ մայիսի 28-ի կապակցությամբ` Օպերայի եւ բալետի շենքին հարող հրապարակում հին հունական ոճի ամֆիթատրոն էր կառուցվել, բերվել էր այնպիսի լուսային ու ձայնային տեխնիկա, որը բարձր որակի հնչողություն ու լուսային էֆեկտներ էր ապահովել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան նվիրված համերգին: Ամենացնցողը հենց սպասարկման թափն ու որակն էր (կոնստրուկցիաները, աթոռները, պրոյեկցիաները), նաեւ այդ բոլոր սարքավորումների մոնտաժման (եւ հետագա ապամոնտաժման) կուլտուրան: Այդ աշխատանքների համար Եվրոպայից մասնագետներ էին հրավիրվել: Սակայն ամենաուշագրավն, իհարկե, մի քանի րոպեանոց եռաչափ անիմացիոն աշխատանքն էր, որը պրոյեկցվում էր Օպերայի շենքի ճակատին` համահունչ զուգակցվելով հենց Օպերայի շենքի հետ: Աշխարհի արարման, Նոյան տապանի թեմաները, կենդանիների, բույսերի ու բնության տարերքների, ինչպես նաեւ` հայկական այբուբենի հայտնությունը շինության վրա տպավորիչ էին: Եվ հենց այդ հոլովակն արդեն կարելի է ինտերնետային ռեկորդակիր անվանել, քանի որ այս 2 օրերի ընթացքում բազմաթիվ մարդիկ են հասցրել դիտել այն: Բուն համերգը (մանավանդ` մեր հայրենական «աստղերը») ընդամենը այս տեխնիկապես անթերի ու շատ մանրակրկիտ մշակված աշխատանքի «կցորդներն» էին: Եվ առավել կարեւորն այն է, որ տեխնիկական բարձր մակարդակ ունեցող այս անիմացիոն գրաֆիկան նաեւ շատ էմոցիոնալ էր: Ձայնը, պատկերը, գաղափարը մեկ ամբողջություն էին կազմում եւ դիտողին ուղարկում անցյալ: Այն պահը, երբ ամեն բան արարման փուլում էր (օրինակ` ազատությունը): Եվ քանի որ մինչ մայիսի 28-ը հանրությանը չէին տեղեկացրել նման շրջադարձային տեխնիկական նորույթի մասին, Օպերայի շենքի վրա քարտեզագրված անիմացիոն հատվածը շատերի համար իսկական բացահայտում եղավ` հաճելիորեն զարմացնելով ներկաներին: Այդ եռաչափ անիմացիոն հոլովակը պատրաստվել է հատուկ «Գոհար» երաժշտական կոլեկտիվի ելույթների համար, եւ ըստ մասնագետների` արժեցել է մոտ 3 մլն դոլար: «Գոհար» նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են 1997 թվականին` բեյրութահայ բարերար Հարութ Խաչատրյանի եւ նրա եղբայրների նախաձեռնությամբ: 150 երաժիշտներից բաղկացած խումբը շրջագայում է աշխարհով մեկ` տարածելով հայկական երգն ու երաժշտությունը: Հայաստանի պատմության մեջ «Գոհարը» կմնա որպես գրաֆիկական մեծ աշխատանք ներկայացրած խումբ: Որպես երեւանյան համերգի կազմակերպիչներ` հիշատակվում են «HAYASA Productions lmd» կիպրոսյան ընկերությունը (որը պատրաստել է այս պատմական 3D անիմացիոն դրվագը) ու «Domino Production» ընկերությունը: Սակայն հիմնական բարերարի անունը չի հիշատակվում, հայտնի է միայն, որ նա բեյրութահայ գործարար է: