Հայդուկավարի

28/05/2011

Մեր տեղեկություններով` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը, մտադիր է 2012թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը: Այդ գործում նրան օգնում է մարզպետն անձամբ: Ս.Սահակյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի հաստատել այդ ցանկությունը: «Ես ՀՀԿ անդամ եմ, իմ կուսակցությունն ում թեկնածությունն առաջադրեց` նրան էլ կպաշտպանեմ»,- ասել է մարզպետը: Մինչդեռ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի մեր աղբյուրները փոխանցում են, թե Ն.Սահակյանն արդեն սկսել է իր նախընտրական գործունեությունը, եւ դա առայժմ քողարկված կերպով տանում է իր հիմնադրած «Հայդուկ» կազմակերպության միջոցով: Ս.Սահակյանը հաստատեց, որ եղբայրը նման կազմակերպություն է հիմնադրել, բայց հերքեց, թե նա նախընտրական գործունեություն է ծավալում: Հիշեցնենք, որ Ս.Սահակյանը մարզպետ նշանակվեց 2 տարի առաջ` այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, եւ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրաժարական տվեց: Աշտարակում շատերը խոսում են, թե Ս.Սարգսյանն ու եղբայրը տարբեր շրջանակներում հաճախ հայտարարում են, թե մարզպետ դառնալու համար մի քանի հարյուր հազար դոլար կաշառք են տվել: Ընդ որում, այդ փողը եղբորը տվել է Ն.Սահակյանը: Աշտարակում նաեւ խոսում են, թե այդ փողը եղբորը վերադարձնելու համար Ս.Սարգսյանը յուրահատուկ ձեւ է գտել` մարզի բյուջետային կամ արտաբյուջետային բոլոր ծրագրերը, թեեւ մրցույթային կարգով, բայց տրամադրում է եղբոր ընկերություններին: Մեր թղթակցի հետ զրույցում Ս.Սարգսյանը հերքել է նաեւ այս լուրերը: