Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել է, թե քրեակատարողական հիմնարկների ղեկավարները կամ աշխատողները համաներման շնորհիվ ազատվող ազատազրկվածների վրա դրված տույժերը հանելու համար գումար են պահանջում, ինչը կանխելու համար միջոցներ են ձեռնարկվել: «Պետք է կանխել նման արատավոր երեւույթը, քանի որ համաներմամբ նման դրական քայլը կարող է լրիվ հեղինակազրկվել»,- ասել է նա: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի խոսքով` «համաներումը արվում է հիմա, որովհետեւ իշխանությունները քաղաքական իրավիճակը պարպելու խնդիր ունեն: Սրա հետ են կապված Ազատության հրապարակի զիջելը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, ընտրությունների հետ կապված խնդիրները»: Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններին, Ռ. Պետրոսյանն ասել է, թե արտահերթ ընտրությունները բացառված են, որովհետեւ դրա համար Սահմանադրությամբ նախատեսված հիմքեր պետք է լինեն, որոնք, ըստ նրա` այս պահին չկան: «Այսօր չկա որեւէ հիմք, որի հիման վրա ԱԺ-ն լուծարվի կամ հանրապետության նախագահը հրաժարական տա: Բացի այդ, նպատակահարմար էլ չէ արտահերթ ընտրություններ պահանջել, որովհետեւ մնացել է ընդամենը 11 ամիս»,- ասել է նա` նկատելով, թե ԱԺ-ն ընդունել է «շատ հիանալի, գեղեցիկ»` ընդդիմության բոլոր առաջարկները ներառած Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա ընդդիմությանը պատրաստվելու ընտրություններին եւ հաղթելու: ՆԺԿ նախագահ Ա. Կարապետյանն էլ` խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին, ասել է. «Դա երկխոսություն է երկու մարդկանց միջեւ, երբ մեկը մյուսին չի լսում: Այսինքն, այնտեղից ասվում է` անպայման արտահերթ ընտրություններ, այստեղից ասվում է, որ արտահերթ ընտրությունները հնարավոր չեն: Ես կարծում եմ, որ այս իրավիճակով գնալու ենք մինչեւ աշուն, եւ 2 կողմից էլ հռետորաբանությունը դառնալու է ավելի զգայուն, քանի որ իշխանությունները պատրաստվում են հերթական ընտրություններին: Աշնանը միանշանակ լարվածություն պետք է սպասել»: