Հստակություն է մտցվում

27/05/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մայիսի 26-ին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ) հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հայտարարությամբ, որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին կրկին կոչ էր արվում համաձայնեցնել Հիմնական սկզբունքները, քաղաքական կամք դրսեւորել՝ հունիսին Ռուսաստանում կայանալիք գագաթաժողովի ընթացքում ավարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: «Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասված է այդ հայտարարության մեջ: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները այդ հայտարարության մեջ նաեւ ընդգծել են, որ դիմակայության եւ անկայունության ներկա իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը, որի կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ եւ սնանկություն կբերի, եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: «Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- հայտարարել են նախագահները՝ կրկին ընդգծելով, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության եւ հաշտության հանգեցնել: Ինչն էլ, ըստ նախագահների, կնպաստի տարածաշրջանային զարգացմանն ու համագործակցությանը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սէֆիլյանի կարծիքով՝ Դովիլում ընդունված այս հայտարարությունը բխում է տարածաշրջանում իրենց շահերից: «Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրենց շահերն ունեն տարածաշրջանում: Նրանք երբեք Արցախի հարցի լուծմամբ չեն զբաղվել, այլ օգտագործել են այդ խաղաքարտը իրենց շահերը սպասարկելու նպատակով: Ուստի, միամտություն կլինի կարծել, թե նրանք փորձեն ըստ էության լուծում գտնել,- ասաց Ժ. Սէֆիլյանը՝ ընդգծելով,- Այդ փաստաթղթի միակ վտանգավոր հուշումն այն է, թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որոնք մրցակցում են միմյանց հետ, որ մեկի զորքերը կտեղակայվեն տարածաշրջանում՝ կոնֆլիկտի առկայությունն օգտագործելով, համաձայնություն կա: Այս իմաստով վտանգավոր պահ կա, սակայն ես կարծում եմ՝ Միջինարեւելյան տարածաշրջանի համեմատ մեր տարածաշրջանն ավելի նուրբ է՝ հանձինս Չինաստանի եւ Իրանի, կհավասարակշռվի, եւ ոչ մի օտար զորքեր չեն տեղակայվի Արցախում»: Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի գնահատմամբ՝ եռանախագահների համատեղ հայտարարությունն, այսպես ասած՝ հող է նախապատրաստում հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպման համար: Մ. Սարգսյանը կարծում է, որ հայտարարությունը հստակեցում է մտցրել: «Տեւական ժամանակ է, որ անհամաձայնություն կա կոնֆլիկտի կողմերի մոտ այն փաստաթղթի շուրջ, որը քննարկվում է, որովհետեւ Ադրբեջանը համարյա մի տարի է՝ խոսում է մի պրոյեկտի մասին, այսինքն՝ նորացված մադրիդյան սկզբունքների մասին, հայտարարելով, որ համաձայն է դրան: Հայաստանը ոչ մի կերպ չի արձագանքում կամ խոսում է լրիվ ուրիշ փաստաթղթի մասին՝ 2007թ. մադրիդյան սկզբունքների մասին, որն ընդունել է որպես բանակցային հիմք: Ըստ էության, այդ սկզբունքների շուրջ որեւէ բանակցային պրոցես չկա, եւ մարտի 5-ին Սոչիում վերջին հանդիպման հայտարարությունն ավելի շատ շփման գծում խնդիրների վերաբերյալ էր, գերիների, դիակների փոխանակման մասին, բայց ընդհանրապես որեւէ բան չխոսվեց, թե ինչ վիճակ էր այդ սկզբունքների շուրջ: Եվ հատկանշական է, որ համանախագահները հստակեցնում են մի փաստաթուղթ Սոչիում ներկայացված, որը, վերջին տարբերակ են ասում, կարծես թե հստակեցում է մտցնում` ինչ տարբերակի մասին է խոսքը, եւ կարելի է ասել, որ նրանք հավանություն են տալիս Սոչիի տարբերակին, եւ ինչ-որ տեղ զարմանալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես չեն խոսել դրա մասին, եւ անգամ չեն խոսել, որ նման բան է առաջարկված, կամ էլ այնպես են խոսել, որ որեւէ մեկը բան չի հասկացել, իրենց վերաբերմունքը ցույց չեն տվել: Ադրբեջանի ռեակցիաները նայելով՝ որեւէ կոնկրետություն չկա, անգամ չեն խոսում` նման առաջարկ գոյություն ունի՞, ինչո՞ւ է այն վերջին առաջարկ կոչվում, ի՞նչ սկզբունքներ կան այդտեղ»,- նշեց Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով, որ այդ հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ մարտի 5-ին Սոչիում քննարկված հիմնարար սկզբունքներին: «Հիմա արդեն կախված է այն հանգամանքից, թե բանակցող կողմերն ինչպես կգնահատեն առաջարկը, եւ իրենք ինչ կասեն բանակցային սեղանին դրված այդ փաստաթղթի մասին»,- հավելեց Մ. Սարգսյանը: Ի դեպ, նշենք, որ մարտի 5-ին Սոչիում քննարկված հիմնարար սկզբունքների մասին եռանախագահները հայտարարել էին, թե այդ սկզբունքների վերջին տարբերակն արդար եւ հավասարակշռված հիմք է դնում համապարփակ հաշտության պայմանագիր պատրաստելու համար: Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի գնահատմամբ՝ Դովիլում արված հայտարարությունը տարբերվում է նախորդ տարիներին՝ 2009 եւ 2010թթ., նախագահների կողմից ընդունված հայտարարություններից: «Այստեղ արդեն կոնկրետ ժամկետ է նշվում, երբ իրենք ակնկալում են համաձայնագրի հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրում: Հայտնի է, որ այդ փաստաթուղթն առանցքային է, եւ դրա ընդունումով ճանապարհը բացվում է դեպի կարգավորում: Միեւնույն ժամանակ հայտնի է նաեւ, որ հիմնական կետերից մեկը Ղարաբաղի կարգավիճակն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն 1997թ. փաստաթղթի, որտեղ հստակ ամրագրված էր Ղարաբաղի մասնակցությունը բոլոր գործողություններում, եւ Ղարաբաղը պետք է իր ստորագրությունը դներ փաստաթղթի տակ եւ որպես լիարժեք կողմ հանդես գար ապագա բանակցություններում, ապա հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթում Ղարաբաղը չկա: Այդ առումով՝ կարծում եմ՝ շատ կարեւոր է ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշմանը, թե ԼՂ-ն ինչպես է վերաբերվում համանախագահ երկրների կոչին, ընդունել մի փաստաթուղթ, ուր չկա ԼՂ-ի ստորագրությունը: Մանավանդ, որ դա պետք է արվի կարճ ժամկետներում՝ մինչ հունիսի 25-ը: Մեզ մնում է պարզապես զարգացումներին հետեւել՝ հասկանալով նաեւ, որ եթե հունիսի 25-ին առաջընթաց չգրանցվի, ապա համանախագահ երկրների եւ ամենաազդեցիկ երկրների նախագահները համապատասխան վերաբերմունք պետք է ունենան իշխանությունների նկատմամբ՝ մեր պարագայում Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը պարզապես կապացուցի, որ կամք չունի կարգավորելու խնդիրը: Դա իր հերթին վստահաբար կունենա նաեւ ներքաղաքական որոշակի կոնտեքստ»,- ասաց Վ. Կարապետյանը: «Դովիլյան հայտարարության մեջ խոսվում է փոխզիջումների հիման վրա կամավոր եւ փոխընդունելի փոխզիջման գալու անհրաժեշտության մասին, եւ դա կարեւոր կետ է: Փաստորեն, նախագահները նշել են, որ խնդիրը պետք է լուծվի կողմերի ջանքերի եւ վճռականության շնորհիվ»,- «Մեդիամաքսին» ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Ըստ Դ. Բաբայանի՝ եռանախագահների հայտարարությունը վկայում է այն մասին, որ արտաքին ճնշման ներգործությունը հակամարտության կողմերի վրա քիչ հավանական է: Ի դեպ, երեկ մենք փորձեցինք խոսել նաեւ ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ, ով հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ նշելով, որ ՀՀ Արտգործնախարարն իր գնահատականն արդեն տվել է: