«ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության բացառիկ հարցազրույցը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի ԱԺ-ի որոշումը:
– Ուզում եմ միանալ ԵԽ ԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին ու Ալեքս Ֆիշերին եւ ողջունել Հայաստանի նախագահի եւ Ազգային ժողովի որոշումը: Համաներման արդյունքում ազատ կարձակվեն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով վերջին բանտարկյալները, եւ, այսպիսով, կիրականանա ԵՄ-ի առանցքային ցանկություններից մեկը, որը ձեւակերպվել էր անմիջապես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո եւ հետագայում բազմիցս կրկնվել էր:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի քաղաքական կյանքի վերջին զարգացումները:
– ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում արված վերջին հայտարարության մեջ Եվրամիությունը նշել էր վերջին դրական քաղաքական զարգացումները Հայաստանում` կապված հավաքների ազատության եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ազատազրկված անձանց ազատ արձակման իրավունքի ապահովման հետ: ԵՄ-ն ողջունել է այն փաստը, որ ընդդիմադիր ուժերին հնարավորություն է ընձեռվել ապրիլի 28-ին եւ մայիսի 31-ին հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում: ԵՄ-ն ողջունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, որում նա կոչ էր արել ավելի մանրազնին հետաքննել 2008-ի մարտի 1-ի դեպքերը եւ համոզմունք հայտնել, որ հիմնավոր հետաքննությունը կնպաստի Հայաստանի առաջխաղացմանը: Ես ոգեշնչված եմ նաեւ իշխանությունների հետ քաղաքական երկխոսություն սկսելու` ՀԱԿ-ի մտադրությամբ:
Ընդհանուր առմամբ, այս բոլորը վկայում է քաղաքական մրցակցության ավելի հանգիստ եւ կառուցողական փուլի մեկնարկի մասին: Դա հատկապես կարեւոր է 2012 եւ 2013 թվականներին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները:
– Ցավոք, իշխող կոալիցիան եւ ընդդիմությունը չկարողացան կառուցողական փոխզիջման գալ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցում: Կոնսենսուսը շատ կարեւոր կլիներ ընտրական գործընթացի հանդեպ վստահություն ստեղծելու տեսակետից` բոլոր առանցքային խաղացողների եւ ընտրազանգվածի մոտ:
Չնայած դրան, օրենսգիրքը պարունակում է լուրջ փոփոխություններ: Միաժամանակ, բարեփոխված օրենսդրության հետագա կիրառումն ավելի կարեւոր է լինելու:
ԵՄ-ը մեծ նշանակություն է տալիս գալիք ընտրությունների արդար անցկացմանը: Հայաստան կատարած վերջին այցերի ընթացքում Հանձնակատար Ֆյուլեն եւ Եվրախորհրդարանի նախագահ Բուզեկը հստակ ասացին այդ մասին եւ կոչ արեցին լիարժեք իրականացնել ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺԻՄԻԳ) եւ Եվրոպական խորհրդի` Հայաստանում 2007-2008 թվականների ընտրություններին վերաբերող համատեղ զեկույցում տեղ գտած բոլոր առաջարկությունները:
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին` բարելավելու ընտրությունների անցկացումը եւ մենք, ԵԱՀԿ-ի եւ ԺԻՄԻԳ-ի հետ միասին, պատրաստել ենք համատեղ նախագիծ, որը կմեկնարկի մոտ ապագայում:
– Պարոն դեսպան, եթե ավելի լայն նայենք, ինչպե՞ս եք գնահատում վերջին ամիսներին Հայաստանում իրականացված բարեփոխումները:
– Վերջին տարիների ընթացքում, քաղաքական երկխոսության միջոցով եւ ԵՄ Խորհրդատվական խմբի շնորհիվ, մենք աջակցել ենք Հայաստանին` բարեփոխումների անցկացման ջանքերում: Ես, մասնավորապես, ոգեւորված եմ Արդարադատության նախարարությունում, Ոստիկանությունում, սննդամթերքի անվտանգության եւ էլեկտրոնային կառավարման բնագավառներում ընթացող փոփոխություններից:
Լուրջ փոփոխությունները նոտարական համակարգում, արդարադատության վարչարարությունում եւ ոստիկանական մարմիններում կարեւոր են դեպի Հայաստան ԵՄ-ի ուղիղ ներդրումների ներգրավման համար, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի եւ ռեադմիսիայի հեշտացման վերաբերյալ ապագա պայմանագրերի համատեքստում: Հայաստանում սննդամթերքի անվտանգության վերահսկողության հուսալի համակարգը, որը զերծ կլինի կոռուպցիայից եւ քաղաքական ազդեցությունից, կարեւոր նշանակություն ունի հայ սպառողների առողջության եւ ԵՄ ներքին շուկա հայկական սննդամթերքը դուրս հանելու համար:
Էլեկտրոնային կառավարման ընդարձակ համակարգի հիմնումը կարեւոր է քաղաքացիների եւ պետական կառավարման մարմինների միջեւ կապի ապահովման համար, եւ դա շատ մեծ նշանակություն ունի կոռուպցիայի նվազեցման գործում: Այս համատեքստում ես կնշեի շահերի բախման մասին օրենսդրության կարեւորությունը, որը մշակվել է ԵՄ Խորհրդատվական խմբի աջակցությամբ` թափանցիկության բարելավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի համար: Անհրաժեշտ է, որ այդ օրինագիծն ընդունվի, եւ նմանատիպ դրույթները տարածվեն նաեւ ԱԺ պատգամավորների վրա: Ընդհանուր առմամբ, դեռ շատ անելու բան կա, եւ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին առաջ շարժվել` անկախ ընտրական գործընթացներից: Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է թույլ տալ իրեն ձգձգել բարեփոխումների իրականացումը մինչեւ ընտրական ցիկլի ավարտը: Նրանից, թե ինչ եմ ես տեսնում եւ լսում ձեր հասարակության բոլոր մակարդակներում իմ հաճախակի շփումների ժամանակ, ես կարող եմ եզրակացնել, որ մարդիկ իրական բարեփոխումներ են ուզում: