Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը 2011թ. մայիսի 26-ին հրապարակել են «Հարեւանության փաթեթը», որը ներառում է վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մասին հաղորդագրությունը, 2010թ. զարգացումների վերաբերյալ 12 երկրների զեկույցները, ներառյալ Հայաստանի մասին, ոլորտային զեկույց, ինչպես նաեւ` զեկույց Արեւելյան գործընկերության մասին: Ըստ զեկույցի` ընդհանուր առմամբ, Հայաստանը 2010թ. որոշ առաջընթաց է արձանագրել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտում: Դրական քայլեր են ձեռնարկվել հաղթահարելու քաղաքական ճգնաժամը` աստիճանաբար ազատ արձակելով մի շարք անձանց, որոնք կալանավորվել են 2008թ. մարտի դեպքերից հետո: «Լավ առաջընթաց է արձանագրվել զրպարտության ապաքրեականացման, ինչպես նաեւ` մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ամրապնդման առումով: Որոշ առաջընթաց է գրանցվել դատական համակարգի թափանցիկությունն ավելացնելու ուղղությամբ, սակայն ոչ մի առաջընթաց չկա դատական համակարգի անկախության առումով: Լրատվամիջոցների բազմակարծության առումով առաջընթացը շարունակում է սահմանափակված մնալ. խոսքի եւ տեղեկատվության ազատության ոլորտում փոքր առաջընթաց կա, սակայն հետագա քայլերն անհրաժեշտ են»: Ըստ զեկույցի` 2010թ. առաջընթաց չի գրանցվել բանտային պայմանների բարելավման առումով: «Կալանավայրերում, ոստիկանական բաժանմունքներում եւ բանակում զորակոչիկների շրջանում խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել, որոնք պատշաճ հետաքննության չեն ենթարկվել: Գլոբալ տնտեսական ճգնաժամով պայմանավորված խիստ անկման պայմաններում 2010թ. նոյեմբերին ԵՄ-ն եւ Հայաստանը համաձայնություն կնքեցին 100 միլիոն եվրո ֆինանսական օժանդակության փաթեթի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ճգնաժամը խոչընդոտեց տնտեսական բարեփոխումների, աղքատության նվազեցման եւ շրջակա միջավայրի պահպանման հարցերի առաջընթացին: Ընդհանուր առմամբ, Հայաստանը վարել է խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն եւ որոշ քայլեր ձեռնարկել տնտեսական անկման ազդեցությունը մեղմելու համար»,- ասված է «Հարեւանության փաթեթում»: Նաեւ նշված է, թե 2010թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվել են «ամենաբարձր մակարդակներում», որի արդյունքում, ի թիվս այլոց, համաձայնություն է ձեռք բերվել գերիների փոխանակման շուրջ: «Որոշ քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ներառյալ` պետական սեկտորի թափանցիկության ավելացման ուղղությամբ: Բարելավվել է խոսքի եւ տեղեկատվության ազատությունը, սակայն հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի լրացումները քննադատության են ենթարկվել ԵԱՀԿ կողմից, քանի որ չեն ապահովում լրատվամիջոցների բազմակարծությունը: Բարելավում է արձանագրվել հավաքների ազատության հարցում»,- ասված է զեկույցում: