2008թ. «Նոր ալիք» երգի մրցույթում` արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, երգիչ Մհերը սկսեց ակտիվորեն մասնակցել տարբեր հայկական եւ ռուսական հեռուստանախագծերին: Իսկ վերջերս նա ռուս երգիչների հետ համատեղ, «Պարեր աստղերի հետ» ռուսական հեռուստանախագծի շրջանակներում, երգեր էր ձայնագրել: Հայ հանդիսատեսը Մհերին ընդունեց` որպես «Queen» ռոք խմբի երգերի լավ կատարող: Սակայն մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ երգիչը բոլորովին այլ ոճի մեջ երգելով է գումար վաստակում: «Երբեմն թվում է` չափից շատ եմ երեւում եթերով: Կարծում եմ` պետք է փոքր-ինչ նվազեցնել իմ ելույթները եթերով, որպեսզի հեռուստադիտողն ինձ տեսնելիս ալիքը չփոխի»,- խոստովանում է նա:
– Ի՞նչ ընթացքի մեջ է քո եւ Նունե Եսայանի համատեղ դուետը: Այդ նախագծի մասին դեռեւս անցյալ տարի էիր խոսում:
– Արդեն ձայնագրել ենք մեր համատեղ` «Սիրահարվել եմ» երգը, որի համար օրերս կնկարահանվի տեսահոլովակ, եւ այն շատ արագ կհայտնվի եթերում: Երգը 6/8 չափի մեջ է: Այդ երգով առաջին անգամ ինձ կփորձեմ նաեւ այդ ոճի մեջ:
– Դու եւս անցար 6/8-ի՞:
– Բա ի՞նչ անեմ: Ապրել է պետք:
– Բավականին անկեղծ ես:
– Այլ պատասխան չէր կարող լինել: 6/8-ը դա ռեստորանային երգ է եւ ոչ ավելին: Ամբողջ կյանքում մեր երաժիշտները փող են աշխատել հենց այդ ոճի երաժշտության շնորհիվ: Կարծում եմ` մարդ երբեք չպետք է ամաչի իր արածից: Եթե որեւէ բան ամաչելով ես անում, ավելի լավ է մի փոքր հարգես քո անձը եւ ետ կանգնես այդ քայլից: 6/8-ն ինձ համար ընդամենը գումար վաստակելու միջոց է եւ, բնականաբար, որեւէ առնչություն չունի արվեստի հետ:
– Փաստորեն, եթե ֆինանսական խնդիր չլիներ, երբեք չէիր անդրադառնա ռեստորանային երաժշտությանը:
– Միանշանակ` այո: Ինձ համար հարազատ երաժշտական ոճը` սոուլն ու ջազն է: Իսկ այդ երաժշտությունն այսօր ո՛չ մեր երկրում, ո՛չ Ռուսաստանում պահանջարկ չունի` գումար չի բերում: Ռուսաստանի ռաբիս երաժշտությունն էլ մեծ տարածում գտած ռեստորանային շանսոնն ու փոփն է:
– Բոլորը միաբերան ասում են, թե դա է հանրության ճաշակը: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր նախընտրում են լսել միայն որակյալ, մակարդակով երաժշտություն: Մարդկանց 24 ժամ աղբ են մատուցում եթերով, եւ, բնականաբար, շատերը թյուրիմացաբար կարծում են, թե դա է որակը, դա է երաժշտությունը: Ո՞վ է որոշել, որ հանրությունը միայն նման երաժշտություն է նախընտրում:
– Այդ նույն հանրությունը: Մեր ժողովուրդը նախընտրում է ուրախանալ` «շախով» երգեր լսելով, ռուսներին էլ փոփ երաժշտություն եւ մի բաժակ օղի է պետք` քեֆ անելու համար: Երբ մարդն ուրախանում է, քեֆը լավ է, ապա նրա համար միեւնույն է, թե ինչ որակի երգ է հնչում:
Երգիչն էլ մարդ է, նա եւս պետք է ապրի: Եվ նա` տեսնելով, որ երաժշտական այդ ժանրը ֆինանսական առումով շատ ավելի ճիշտ է, երգում է ռեստորանային երգեր: Երբ ինձ հրավիրում են կնունքի կամ հարսանիքի ժամանակ երգելու, ես չեմ կարող ներկայանալ այնտեղ «Հայաստան» երգով: Որպեսզի մարդիկ իմանան, որ ես եւս երգում եմ ռեստորանային երգեր, պետք է նմանատիպ երգ ձայնագրել եւ տեսահոլովակով ինքնագովազդ իրականացնել:
– Չէ՞ որ խնջույքներին քեզ հրավիրողը քո երգացանկը ճանաչելով է հրավիրում: Քեզ առանց 6/8-ի էլ են կանչում երգելու:
– Այո, սակայն 6/8 երգող իմ կոլեգաներին շատ ավելի հաճախ են կանչում: Իմ երգացանկը նախատեսված է համերգների համար: Ես ուզում եմ ունենալ նաեւ խնջույքների համար նախատեսված երգացանկ:
– Դրանով ինքդ քեզ չե՞ս դավաճանում:
– Բոլորովին: Իմ հայրն ամբողջ կյանքում հենց այդ տեսակի երաժշտությամբ է մեր տունը, ընտանիքը պահել: Հայրս` կլարնետ, դուդուկ, իսկ մայրս` քանոն էր նվագում «Հայհամերգում»: Սակայն, նա` որպես ընտանիքի հայր, հասկացել էր, որ գումար կարելի է վաստակել միայն խնջույքների ժամանակ նվագելով: Այդ գումարով նա մեզ մեծացրել է, մեր տունը միշտ ապահով է եղել: Ես միայն հպարտ եմ եւ շնորհակալ հորս, որ` լինելով բավականին երիտասարդ, սթափ է մոտեցել կյանքին` առանց ավելորդ եւ միայն խնդիրներ առաջացնող սկզբունքների: Դավաճանություն կլիներ, եթե ես անորակ աշխատանք ներկայացնեի:
– Երգիչները, ովքեր ժամանակին քարկոծում էին ռաբիս ոճի մեջ երգողներին, այժմ մեծ հաճույքով երգում են այդ նույն երաժշտությունը` թե՛ եթերով, թե՛ ռեստորաններում:
– Բացի ինձանից: Ես կյանքում չէի քարկոծի, որովհետեւ իմ հայրը ռաբիս երաժիշտ է: Ինչպե՞ս կարող եմ քար նետել հորս այգին:
– Չե՞ս վիրավորվում, երբ քեզ լսում են միայն ականջի ծայրով, քանի որ մեծամասամբ զբաղված են իրենց ստամոքսը լցնելով:
– Իհարկե դա ինձ չի կարող վիրավորել: Բնական է, որ մարդիկ հավաքվել են ուրախանալու, զրուցելու, իրար տեսնելու: Ես այնտեղ միայն բարձր տրամադրություն եմ ապահովում` իմ երգերով: Ասեմ նաեւ, որ նախքան Հայաստանի ռեստորաններում երգելը, ես երկար տարիներ աշխատել եմ Ռուսաստանում` տարբեր ակումբներում: Այնտեղ այնպիսի բաներ եմ տեսել, որ Հայաստանի ռեստորանի ամենահարբած այցելուն չի կարող ինձ զարմացնել կամ հունից հանել:
– Դու մասնակցել ես «Նոր ալիք» երաժշտական մրցույթին` արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Ինչպե՞ս ես մեկնաբանում 6 հայ երգիչների հանդեպ դրսեւորած վերաբերմունքը` ապրիլին Մոսկվայում կայացած «Նոր ալիքի» նախընտրական փուլի ժամանակ:
– Երբ 2007-ին առաջին անգամ փորձեցի իմ ուժերը «Նոր ալիք» երաժշտական մրցույթի նախընտրական փուլում` դուրս մնացի, չանցա: Բայց իմ դուրս մնալու պատճառները փորձեցի գտնել միայն իմ մեջ եւ ոչ թե մեղադրել պրոֆեսիոնալ ժյուրիին, որն այդ տարի համարեց, որ ես արժանի մասնակից չեմ, չունեմ լավ երգացանկ: Փորձելով հասկանալ սխալներս, հաջորդ տարի կրկին փորձեցի եւ անցա նախընտրական փուլ: Ավելին` հետագայում արժանացա նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: «Նոր ալիքի» բեմադրիչ ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն այնպիսի պրոֆեսիոնալ մարդ է ռուսական շոու-բիզնեսում, որ շատ հանգիստ կարող է նկատողություն անել անգամ կայացած արտիստներին: Սեփական սխալների համար պետք չէ մեղադրել դիմացինին: Դա թուլության նշան է միայն: