«Քիլլեր» ֆիլմեր՝ «Կորիզում»

27/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը` արդեն 8-րդ անգամ հնարավորություն տալով հայաստանցիներին` հարուստ կինոամառի մասնակիցը դառնալ: «Ոսկե ծիրանն» ընդհանրապես մեր հանրապետության միակ փառատոնն է, որը մեկնարկելով սոսկ որպես արվեստի ստուգատես` հետագայում կարողացավ լրջագույն հետք թողնել հասարակական կյանքում: Կինոն սպասված հյուր է մեր հանրապետությունում, որտեղ չկան ոչ հստակ գործող կինոօրենքներ, ոչ կինոցանցը զարգացնելու ծրագիր, ոչ էլ կոմպետենտ մարդկանցով համալրված կինոպատասխանատուների բանակ: Փոխարենը` տանջալի, անհասկանալի ու խնդրահարույց կերպով ծնվող ֆիլմեր, օրեցօր պակասող կինոթատրոնների քանակ միմյանց հաջողություններն ու տապալումները հիվանդագին ընդունող կինոգործիչներ ու որակյալ լայնէկրան կինո դիտելու մեծ ցանկություն ունենք: «Ոսկե ծիրանը» մեր հայրենական կինոդաշտում իրապես ունիկալ դեր է կատարում. այն ֆիլմեր է առաջարկում ու ցուցադրում` միաժամանակ պահանջարկ ձեւավորելով: Եվ տարօրինակ զուգադիպությամբ` որքան մեծանում է պահանջարկը, այնքան կրճատվում են կինոհարթակները: Փառատոնի նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նկատում է, որ որքան մեծանում է «Ոսկե ծիրանի» հեղինակությունը, այնքան պակասում է կինոթատրոնների թիվը: Այսօր միայն «Մոսկվա» կինոթատրոնը կարող է ապահովել ֆիլմերի ձայնային, հնչյունային ու վիզուալ անհրաժեշտ որակը: Մեր երկրորդ կինոթատրոնը` «Նաիրին», այժմ անհասկանալի դեր ունի: Սակայն, ըստ Հ. Խաչատրյանի` կինոփառատոնի օրերին դահլիճը կրկին վերագործարկելու շուրջ իրենք բանակցում են «Նաիրիի» սեփականատերերի հետ: Այս տարվա «ծիրանային» նորություններից է լինելու «Կորիզ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագիրը, որի ֆիլմերի ընտրությունը վստահված է կինոռեժիսոր Արամ Շահբազյանին: Եվ այն փաստը, որ «Կորիզի» ֆիլմերի պատասխանատուն սկզբունքային, նյարդային ու կինոյից շատ լավ հասկացող մարդ է, վկայում է այն մասին, որ «Ոսկե ծիրանը» ներքին տրամաբանության համաձայն` ընդլայնվում է: Կինոպրոֆեսիոնալները մեզ մոտ այնքան էլ շատ չեն, եւ փառատոնի աշխատանքի մեջ նրանց ներգրավելու ցանկությունը հույս է ներշնչում, որ կինոյի «կորիզը», վերջիվերջո, պարարտ հողի մեջ կհայտնվի: Ըստ Ա. Շահբազյանի` կինոյի «կորիզը» մտածողությունն է:

Հարցազրույց Արամ Շահբազյանի հետ

– Ինչո՞ւ որոշվեց ստեղծել «Կորիզը»:

– «Կորիզի» ստեղծումը երկար աշխատանքի արդյունք է: Հարություն Խաչատրյանն ինձ ու իմ սերնդակիցներին կանչեց ու առաջարկեց նոր, ստանդարտից դուրս մի պրոյեկտ ստեղծել, որը հնարավորություն կտա նորովի նայել կինոյին: Շատ առաջարկներ եղան, որոնք երկար քննարկվելուց հետո` մաղվեցին: Ասեմ, որ մաղվեցին նաեւ մարդիկ, քանի որ շատերը զբաղված էին ու այս գործին ժամանակ տրամադրել չէին կարող: Ես վստահ եմ, որ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթը շատ հետաքրքիր է լինելու: Վստահեցնում եմ, որ մեզ հաջողվել է մրցույթի մեջ ներգրավել ուղղակի ցնցող, թարմ ֆիլմեր, որոնք արտադրված են 2010-11 թվականներին: Ճիշտն ասած, ես մի քիչ էգոիստաբար եմ ընկալում այս մրցույթը, քանի որ նոր կինոբաժին հիմնելով` մենք փորձել ենք առաջին հերթին օգուտ տալ մեր ռեժիսորներին: Իսկ ամենալավ օգուտը հենց կոնկրետ օրինակներն են:

– Իսկ հայաստանյան արտադրության ֆիլմեր կա՞ն:

– Ցավոք, այս պահի դրությամբ` մենք «Կորիզում» հայկական ֆիլմեր դեռ չունենք:

– Հայտեր չե՞ն եղել:

– Հայտեր շատ են եղել, սակայն բոլորը մերժվել են: Խնդիրը նրանում է, որ հայկական կարճամետրաժ ֆիլմերը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէր ընդգրկել մրցույթում, քանի որ նրանց մակարդակը շատ է զիջում այն 15 ֆիլմերի մակարդակին, որոնք արդեն ընտրված են: Իհարկե, հայկական ֆիլմերը գտնելու համար դեռ ժամանակ ունենք: Եվ անձամբ ես թաքուն հույս եմ փայփայում, որ, վերջիվերջո, հայկական ֆիլմեր «Կորիզում» կհայտնվեն: Հասկանո՞ւմ եք, մեր ընտրած կարճ ֆիլմերը շատ բարձր որակ ունեն: Եվ շատ լավ կլինի, եթե երիտասարդ ռեժիսորները մեծ ուշադրություն դարձնեն հատկապես այս մրցույթին, քանի որ կարճամետրաժ ֆիլմը, նախեւառաջ, մտածողություն է: Իսկ նման կոնկրետ կինոմտածողությունը մեզ շատ է պակասում:

– Լինելով Կաննի կինոփառատոն մեկնած հայաստանյան պատվիրակության կազմում` ինչպե՞ս ես գնահատում մեր ներկայությունը:

– Ես Կանն էի գնացել` որպես «Ոսկե ծիրանի» ներկայացուցիչ, եւ շատ գոհ եմ իմ աշխատանքից: Հենց այս կինոփառատոնի շուկայի շնորհիվ մեզ հաջողվեց Երեւան բերել այնպիսի ֆիլմեր, որոնք կինոգործիչների լեզվով ասած` իսկական «քիլլերներ» են: Կա ֆիլմերի մի տեսակ, որոնք շշմեցնող` մահացու ներգործություն են թողնում հանդիսատեսի վրա, իսկ ցանկացած խոշոր կինոփառատոնի ծրագրում հայտնվելու դեպքում` անպայման գրան-պրի են շահում: Այդ ֆիլմերի ազդեցությունն այնքան մեծ է, որ նույնիսկ ավարտից հետո երկար ժամանակ չես կարող ուշքի գալ: Ես շատ կուզենայի, որ այդ ֆիլմերը դիտեն հատկապես այն մարդիկ, ում ֆիլմերը «Կորիզում» չեն հայտնվել: Թող գան ու տեսնեն, թե ինչպես կարելի է ընդամենը 15 րոպեների ընթացքում այդպիսի ամբողջական պատմություններ ստեղծել: Ցավոք, ես համոզվել եմ, որ մեր հեղինակները չեն ուզում դիտումների մասնակցել ու չեն հասկանում, թե ո՞րն է թարմ կինոհայացքը: Եթե գան ու տեսնեն այդ ֆիլմերը, միանգամից պարզ կլինի, թե ինչո՞ւ ենք նրանց հայտերը մերժել: Կարող եմ ասել, որ «Կորիզը» բավականին ամբիցիոզ ծրագիր է, քանի որ մենք իրոք հավակնում ենք միայն սեղմ, որակյալ խաղարկային ֆիլմեր ցուցադրել:

– Կարելի՞ է ասել, որ կարճամետրաժ ֆիլմը խտացված լիամետրաժն է:

– Կարճամետրաժ ֆիլմն առաջին հերթին էքսպերիմենտ է: Եվ եթե կարողանաս արտահայտել ասելիքդ այս ստանդարտ մետրաժի մեջ (մինչեւ 30 րոպե), ուրեմն իսկական ռեժիսոր ես: Մեզ շատ է պակասում այդ խտացված մտածողությունը:

Մենք հիմա անում ենք ֆիլմեր, որոնք ոչ թե թույլ կամ ուժեղ են, այլ պարզապես ասելիք չունեն: Եվ հենց դա է մեր ժամանակակից կինոյի մեծագույն ցավը: Կարծես ասելիքի բացակայությունը տրադիցիա ենք դարձրել ու ոչ մի կերպ չենք ուզում դրանից ազատվել եւ տեղից շարժվել: Կա նաեւ մեկ այլ միտում. եթե հանկարծ հայտնվում են հետաքրքիր կինոնախագծեր, ապա բոլոր ռեժիսորները (նաեւ ես) միանգամից ուզում են իրենց ասելիքը լիամետրաժ ֆիլմի մեջ արտահայտել: Շատ դեպքերում` մենք չենք կարողանում ինքներս մեզ կանգնեցնել ու ասել` մեր գաղափարն ավելի լավ է կարճ ֆիլմ դարձնել, քանի որ այդպես ավելի ճիշտ է: Ընդհակառակը` բոլորս սկսում ենք լիամետրաժի ֆորմատում մտածել եւ դրանով իսկ արժեզրկում ենք այն նախագծերը, որոնք իրականում շատ լավ կարճ ֆիլմեր կարող էին դառնալ: «Կորիզում», օրինակ, ուղղակի ֆանտաստիկ գործեր են ընդգրկված, որոնց ռեժիսորները կարողացել են 13 կամ 14 րոպեների ընթացքում մի ողջ աշխարհ ներկայացնել, ստիպել հանդիսատեսին մտածել, հուզվել, ցնցվել, «սպանել»: Կարճամետրաժ կինոն իրականում մի առանձին ու շատ հետաքրքիր աշխարհ է: Այնպես որ, հարգելի կոլեգաներ, սիրելի հայաստանցիներ, եկեք միասին դիտենք այդ ֆիլմերն ու հասկանանք` ի՞նչն է մեզ պակասում: Ի դեպ` «ռումբի» էֆեկտ ունեցող այս կարճ ֆիլմերը դիտելիս` համոզվում ես, որ նրանք բնավ էլ ծախսատար չեն: Այսինքն` դրանք մոտավորապես այնքան արժեն, որքան հայաստանյան ֆիլմերը (անգամ ավելի էժան են), սակայն նրանց ուժը հենց ասելիքն է: Եվ այդ ասելիքը սկսվում է հենց կարճ ֆիլմերից: