Մայիսյան մասրենի
Մասուրի բազմաթիվ տեսակները հնագույն ժամանակներից աճել են պատմական Հայաստանում եւ Այսրկովկասում, դրանք բազմաթերթիկ վարդի նախահայրն են։ Հին Հայաստանում հավատացել են, որ փշոտ մասրենու պտուղներից պատրաստված վզնոցը ունի մարդու մտքերը պարզեցնող, ուժ եւ եռանդ հաղորդող, հոգու արիությունն ամրացնող հատկություն։ Պտուղներից վզնոց են պատրաստել, 3 օր կրելուց հետո կախել են այն որեւիցե բարձր թփից կամ պտղատու ծառից։ Դա պետք է արվեր հնարավորինս աննկատ եւ գաղտնի ձեւով։
Հայաստանի պայմաններում մեծ տարածում ունի մասրենի սովորականը, որն աճում է գերազանցապես Սյունիքի միջին լեռնային գոտում, անտառների եզրերին, թփուտներում։ Ծաղկաթերթերը եւ պտուղներն օգտագործվում են թեյի մեջ։ Պտուղներից պատրաստում են հյութեր, լիմոնադ, մածուկ, դոնդող, մուրաբա եւ այլն։ Ծաղիկների մզվածքը բժշկության մեջ օգտագործվում է որպես հականեխիչ միջոց։ Ժողովրդական բժշկության մեջ մեծ կիրառում ունի մասուր մայիսյանը կամ նույն ինքը` մասուր շագանակագույն տեսակը։ Մասուրից մեղուները հավաքում են մեծ քանակությամբ ծաղկափոշի եւ համեմատաբար փոքր քանակությամբ ծաղկահյութ։ Մեկ ծաղիկը օրվա ընթացքում ծաղկահյութի մեջ արտազատում է 1,23 մգ շաքար։ Մեղուները մեկ հա-ից կարող են մթերել 20-30 կգ մեղր։ Մասրենու մեղրը թափանցիկ է, անգույն, երկար ժամանակ չի բյուրեղանում։ Ունի վարդի յուղի բուրմունք, տարբերվում է բարձր որակով։ Մասուրը համարվում է վիտամինային անբավարարության դեպքում ամենաօգտակարը, ինչպես նաեւ` չիչխանը եւ սեւ հաղարջենին։ Բացի վիտամիններից, բույսը պարունակում է այլ կարեւոր նյութեր։ Չոր պտուղներում C վիտամինի պարունակությունը կազմում է մեկ տոկոս, այսինքն` 1000 մգ` 100 գրամ հումքի մեջ, ավելի փոքր քանակություններով` կարոտին, ռուտին, որը ուժեղացնում է վիտամին C-ի ազդեցությունը, նաեւ B1, B2, B5, K եւ E վիտամիններ, շաքար, պեկտինային նյութեր, օրգանական թթուներ, ֆոսֆորի, կալիումի, մագնիումի, կալցիումի աղեր։
Այսպիսի հարուստ բաղադրության շնորհիվ մասուրը համարվում է կարեւորագույն` բուժիչ եւ կանխարգելիչ հատկություններ ունեցող բույս։ Մասուրի թուրմը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակների, թունավորումների, եղանակային անբարենպաստ ազդեցության դեմ։ Բարձրացնում է մարդու աշխատունակությունը, վերականգնում ուժերը ֆիզիկական աշխատանքից հետո։ Մասուրի պտուղները պետք է հավաքել, երբ դրանք արդեն կարմրել են, դեռ պինդ են. այդ ժամանակ օգտակար նյութերի քանակություններն առավելագույնն են։ Կարելի է չորացնել նաեւ ջեռոցում` 60-70 աստիճանի տակ։ Ժողովրդական բժշկության մեջ մասուրի պտուղները թուրմի ձեւով օգտակար են որպես լեղամուղ, օրգանիզմն ամրապնդող, հակաինֆեկցիոն միջոց։ Թուրմը ունի նաեւ արյունը մաքրող հատկություն, օգնում է այրվածքների, ցրտահարման, ստամոքսաբորբի, լյարդի, երիկամների, միզապարկի հիվանդությունների, թոքախտի դեպքում։ Եփուկն օգտակար է մրսածության, լեղաքարային հիվանդության, գլխացավի դեպքում։ Հնագույն ժամանակներից մասուրի ծաղիկներն օգտագործվել են սրտի հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ է տրվում հետեւյալ թուրմը` մասուրի ծաղկման շրջանում.
– 1 բաժակ (200մլ) հումքը մեկ ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք, բաժանեք 3-5 մասի, խմեք օրվա ընթացքում։ Տարվա մնացած ժամանակի համար չորացրեք ծաղիկները մութ տեղում, որպեսզի լույսի ճառագայթները չքայքայեն ծաղկի գույնը եւ բուժիչ հատկությունները։ Չորացրած հումքը պահեք փայտե տարայի կամ թղթե պարկիկի մեջ։ Այսպիսի թուրմը կարող եք խմեք երկար ժամանակ` կարճատեւ ընդմիջումներով։
Ոգեթուրմ թարմ ծաղիկներից
Ապակե տարան մինչեւ վերջ լցրեք ծաղիկներով, ավելացրեք օղի այնպես, որ կափարիչի տակ մնա 1 սմ տարածություն, եւ ամուր փակեք։ Թրմեք մութ տեղում 20 օր։ Քամեք։ Թուրմն ընդունեք 30-40 կաթիլ` օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ Բուժման ժամկետը 1 ամիս է, որից հետո ընդմիջեք եւ շարունակեք` կախված առողջական վիճակից։
Սրտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց օգտակար է նաեւ մասրենու արմատներից պատրաստված եփուկը. 1ճ/գ մանրացրած արմատը լցրեք 200 մլ եռջրի մեջ, դրեք թույլ կրակին եւ եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Եթե ջերմաստիճանը դառնա այնպիսին, որ հնարավոր լինի օգտագործել, ապա քամեք, խմեք` ինչպես թեյը։ Մեկ օրվա չափաբաժինը 2-3 բաժակ է։
Չզարմանաք, բայց պտուղների թուրմն առանձին վերցրած գրեթե չի օգնում հիվանդ սրտին, այն օգտագործեք միայն այլ բույսերի հետ համատեղ։ Լավագույնն է համարվում հետեւյալ խառնուրդը. Խառնեք հավասար քանակությամբ վերցրած մասուրի չոր, արոսի (Sorbus), ալոճի, բռնչի (Viburnum) պտուղները, չամիչը եւ ծիրանի չիրը, 1 բաժակ (200 մլ) խառնուրդը թրմեք ջերմապահում 1 լ եռջրի մեջ, 8-10 ժամ։ Խմեք օրվա ընթացքում այնքան, որքան կցանկանաք։ Բացի հարուստ վիտամինային բաղադրությունից, այս թուրմն ունի նաեւ բուժիչ հատկություններ։ Բույսի մեջ մտնող արոսն եւ բռինչը թարմ վիճակում եւ շաքարի հետ եփված օգտակար են սրտային անբավարարության, սրտխփոցի դեպքում։
Այտուցի դեպքում խառնեք հավասար քանակությամբ վերցրած եղինջի, արջախաղողի, եզնալեզվի տերեւները, մասուրի պտուղները, սրոհունդի խոտը։ Խառնուրդի 1 ճ/գ-ն թրմեք 8 ժամ 200 մլ եռջրի մեջ, այնուհետեւ եփեք 10 րոպե մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք), քամեք, խմեք օրը չորս անգամ։
Զգուշացում։ Հնարավոր է, մասուրից պատրաստուկները առաջացնեն փքվածություն եւ փորի գռգռոց։
Սառը մուրաբա մասուրից. Մասուրի պտուղները համբերատար մաքրեք սերմերից եւ մազիկներից, 1 կգ-ին խառնեք 1,5-2 կգ շաքարավազ։ Տեղավորեք մանրէազերծված ապակե տարայի մեջ։
Գինի մասուրից. Կտրատեք մասուրի գլխիկները, հանեք սերմերը, լցրեք 5 լիտրանոց տարայի մեջ, վրայից լցրեք 1 կգ շաքարով եւ 3 լ ջրով պատրաստված, եփված եւ սառեցրած օշարակը։ Տարան ծածկեք մի քանի տակ ծալված թանզիֆով, 3 ամիս պահեք տաք տեղում, պարբերաբար թափահարեք։ Քամեք, լցրեք շշերի մեջ, զմռսեք, եւս 3-6 ամիս պահեք սառը տեղում։ Հիշեք, որքան գինին հին է, այնքան ավելի համեղ է եւ օգտակար։
Գեղարարություն
Թարմացնող դիմակ. Քսեք ձեր դեմքին հարմար քսուք, վրայից` «Հոլոսաս» կոչվող, rosa canina (սակավ վիտամինային) տեսակից ստացված թունդ ջրային օշարակը։ Պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով։
«Հոլոսասը» վաճառվում է դեղատներում, այն խմում են օրը 2-3 անգամ, 1-ական թ/գ, լեղուղիների եւ լյարդի հիվանդությունների դեպքում։
Պարանոցի խնամքի համար. Պատրաստեք եփուկ մասուրի պտուղներից (1ճ/գ-200 մլ եռջուր)։ Տաք վիճակում լցրեք 1-ական ճ/գ երիցուկի (դեղատնային) եւ վաղենակի ծաղիկների խառնուրդի վրա։ Դրեք մարմանդ կրակին (ջրային բաղնիք), հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Հովանալուց հետո քամեք, պահեք սառնարանում մինչեւ հինգ օր։ Շփեք պարանոցը (չլվանալ) առավոտյան եւ երեկոյան։