ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանալու է: Մեր աղբյուրների հավաստմամբ` այդ պաշտոնի հավանական թեկնածու է համարվում արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Մուկուչյանը: Նշենք, որ այդ պաշտոնին նշանակվելու համար Տ. Մուկուչյանը պետք է ընդգրկված լինի դատավորների պաշտոնեական պիտանելիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակում: Դրա համար տարին մեկ անգամ համապատասխան քննություն է կազմակերպվում: Մեր տեղեկություններով` այս տարի քննությունն արդեն եղել է, ցուցակը թարմացվել է, բայց Տ. Մուկուչյանի անունն այնտեղ չկա: Այս նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ նա «արտահերթ» ներկայացվել է այդ ցուցակում ընդգրկվելու համար: «Միայն կարող եմ ասել, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր լիազորությունների շրջանակներում հանդես է եկել միջնորդությամբ նախարարի տեղակալ Տիգրան Մուկուչյանին ընդգրկել դատավորների պաշտոնեական պիտանելիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակում»,- այս մասին մեզ ասաց արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը:
Ուշ երեկոյան մեր աղբյուրները հաստատեցին Տ. Մուկուչյանի՝ ցուցակում ընգրկվելու փաստը:
Ա. Ա.