Եվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի զեկույցի համաձայն, որը հրապարակվել է երեկ, ԵՄ-ն դրական է գնահատում Հայաստանում սկսված քաղաքական երկխոսությունը: «Դրական քայլեր են ձեռնարկվել ներքաղաքական ճգնաժամը հարթելու եւ 2008թ. մարտի 1-ից հետո կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասված է զեկույցում: Հիշեցնենք, որ այս զեկույցը կարեւոր է նրանով, որ արձանագրված բարեփոխումներից է կախված, թե որքան ֆինանսական աջակցություն կստանա Հայաստանը Եվրամիությունից: Երեկ արդեն ԵՄ-ն որոշել է առաջիկա երկու տարիների ընթացքում հավելյալ ավելի քան 1 միլիարդ եվրո տրամադրել արեւելյան հարեւաններին: Իսկ այդ գումարը բաժանվելու է` կատարված բարեփոխումներին համապատասխան: