Եվրամիությունը դրական է գնահատում Հայաստանում սկսված քաղաքական երկխոսությունը: Այդ է փաստում Եվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի` չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը հարեւան 12 երկրների վերաբերյալ: Դիտարկելով անցած տարի իրականացված քայլերը, փաստաթուղթն արձանագրում է, որ պաշտոնական Երեւանը առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում, այդ թվում` քաղաքական երկխոսության ու բարեփոխումների: «Դրական քայլեր են ձեռնարկվել ներքաղաքական ճգնաժամը հարթելու եւ 2008թ. մարտի 1-ից հետո կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասված է զեկույցում, որտեղ նաեւ ընդգծված է, որ դեռեւս ոչ բոլոր ընդդիմադիրներն են ազատ արձակվել: Դրական, սակայն ոչ լիարժեք են գնահատվել նաեւ հավաքների ու խոսքի ազատությունը ամրապնդելու ուղղությամբ կատարված քայլերը: Զեկույցի համաձայն, որոշ բարեփոխումներ են արվել նաեւ դատարանների թափանցիկությունը ապահովելու ուղղությամբ, չնայած, ըստ զեկույցի` «արդարադատության համակարգի անկախությունը շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ»: Անդրադարձ կա նաեւ ԶԼՄ-ներին, որտեղ ասվում է, թե` լրատվամիջոցների բազմակարծությունը մնում է սահմանափակ: Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսական իրավիճակին, ապա Եվրամիությունն արձանագրում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը խոչընդոտել է տնտեսական բարեփոխումների իրագործմանը, աղքատության հաղթահարմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը, այդուամենայնիվ, Հայաստանը կարողացել է «խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ որոշ քայլեր ձեռնարկել` տնտեսական անկման ազդեցությունը մեղմելու համար»: