Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Մարտի 1-ի գործով քննչական խումբն այժմ հետազոտում է ինտերնետում վերջերս հայտնված կադրերը: Նա ասել է, թե անցած երեք տարիների ընթացքում քննչական խումբն այդ կադրերը չի ուսումնասիրել, քանի որ այդ դրվագն իր տրամադրության տակ չի ունեցել: Հիշեցնենք, որ այդ կադրերում երեւում է, թե ինչպես 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում հորիզոնական ուղղությամբ: Պատասխանելով հարցին` արդյոք քննչական խումբը պարզե՞լ է, թե ովքեր են կրակում ցուցարարների վրա, ի՞նչ զենքերից, եւ արդյոք այդ կրակոցներից մարդիկ սպանվե՞լ են, նա ասել է, թե տեսաերիզն այժմ հետազոտվում է, եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ստացված արդյունքները կներկայացնեն հանրությանը: Վահագն Հարությունյանը տեղեկացրել է, որ իրավապահ մարմիններին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո քննչական խումբը հարցաքննել է 50-ից ավելի մարդու, սակայն այդ հարցաքննությունները նույնպես բացահայտմանն ուղղված որեւէ դրական արդյունք դեռեւս չեն տվել, նոր փաստեր այդ վկաների ցուցմունքներով ի հայտ չեն եկել: «Չկա առաջընթաց, բայց ակնկալում ենք` հույս ունենալով, որ գոնե որեւէ մեկը ինչ-որ առարկայական հանգամանք կարող է վկայակոչել: Այդ կապակցությամբ նախատեսված է կատարել 600-ից ավելի հարցաքննություններ` հանցագործության դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ ստանալու ակնկալիքով»,- ասել է նա: