Երեկ վերջապես խորհրդարանը քննարկեց համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունն ու Ազգային որոշման նախագիծը:
Նախագիծը, սակայն, երեկ չընդունվեց: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջարկեց քվեարկությունը տեղափոխել այսօր, որպեսզի հասցնեն պատգամավորների կողմից հնչեցված որոշ առաջարկություններ եւս ներառել որոշման նախագծում:
Այդքան սպասված համաներման նախագծի հիմնական դրույթները հայտնի են, ամենակարեւորը` այն տարածվելու է Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների` Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արա Հովհաննիսյանի նկատմամբ: Չի տարածվելու Շմավոն Գալստյանի դեպքում: Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 262-րդ` պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելու հոդվածով եւ դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման: Նա ձերբակալվել է մինչեւ Մարտի 1-ի իրադարձությունները` 2008թ. փետրվարին: Շ.Գալստյանը նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի «Ոգու փորձություն» կազմակերպության անդամ էր:
Երեկվա քննարկման սկզբում կասկածներ առաջացան, թե համաներումը չի տարածվելու նաեւ Ն.Փաշինյանի նկատմամբ, քանի որ նախագծում կար մի կետ, թե այդ ակտը չի տարածվելու այն դատապարտյալների վրա, ում նկատմամբ վերջին 10 տարիներին արդեն կիրառվել է համաներում: 2009թ. համաներման արդյունքում Ն.Փաշինյանի պատժաչափը կրճատվել էր: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ն.Փաշինյանը եւս ազատ կարձակվի, պարզապես շփոթություն էին առաջացրել նախագծի ոչ հստակ ձեւակերպումները:
Եվ երեկ այդ նախագիծը քննարկելու ժամանակ թե Հ.Թովմասյանը, թե կոալիցիոն պատգամավորները համաներումը համարեցին որպես Ս.Սարգսյանի բարի կամքի դրսեւորում: Դեռ ավելին` Հ.Թովմասյանը հատուկ ընդգծեց, թե համաներում կիրառելը չի նշանակում, որ այդ դատապարտվածներին իշխանությունն արդարացնում է: Նախարարը նաեւ խուսափեց պատասխանել պատգամավորների եւ լրագրողների հարցին, թե համաներումը տարածվելո՞ւ է ընդդիմադիր գործիչների վրա: Եվ միայն պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էր, որ հայտարարեց, թե համաներումն ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ եւ տարածվելու է նաեւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքով մեկուսարաններում հայտնված անձանց վրա: Եվ գնահատեց, թե այս համաներման կարեւոր քաղաքական նշանակությունը հենց դա է: «Պատկերավոր ասած` 2009 եւ 2011 թվականների համաներումներով Ս.Սարգսյանը կատարում է սրբագրումներ եւ կատարում է քայլ 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ»,- հայտարարեց պատգամավորը: Այս առումով հասարակական-քաղաքական շրջանակներում այսօր տրվող հիմնական հարցադրումն այն է, թե ում ճնշմամբ է կատարվել այս համաներումը: Իշխանությունների գթասրտությա՞ն, ընդդիմությա՞ն, թե՞ միջազգային հանրության ճնշման արդյունքում: Վ.Դալլաքյանի կարծիքով` այս 3 գործոններից որեւէ մեկի բացարձակացումը տանում է դեպի փակուղի: Նրա խոսքերով` դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր նշանակությունը: «Եթե Հայաստանում չլիներ կազմակերպված եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն, եթե միջազգային հանրությունն անտարբեր վերաբերմունք դրսեւորեր Մարտի 1-ի ողբերգության նկատմամբ, եւ եթե ՀՀ երրորդ նախագահը նախորդի նման քինախնդիր լիներ, մենք այս համաներումը չէինք ունենա»,- ավելացրեց Վ.Դալլաքյանը:
Հիշեցնենք, սակայն, որ Հայաստանի ընդդիմությունն ու հասարակությունը դեռ 3 տարի առաջ ու 3 տարի շարունակ պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նույն պահանջը գրեթե յուրաքանչյուր ամիս հնչում էր միջազգային կառույցների փաստաթղթերից ու պաշտոնյաների կողմից: Սակայն գործող իշխանությունները չդրսեւորեցին այդ բարի կամքը: Նույնիսկ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներից մի մասին ազատ արձակելու համար 2009թ. կիրառված համաներման արդյունքում էլ ընդդիմադիր ոչ բոլոր գործիչներին ազատ արձակեցին: Այդ բարի կամքի դրսեւորումը չգործադրեցին անգամ այս 3 տարիներին անընդհատ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող եւ այդ ընթացքում մի քանի վիրահատություններ տարած Սասուն Միքայելյանի նկատմամբ: Հասկանալի էր, որ ՀՀ անկախության 20-ամյակի նման իրադարձության առիթով իշխանությունները համաներում պետք է հայտարարեին: Եվ քաղբանտարկյալների ազատ արձակումը ձգեցին մինչեւ այդ պահը: Այնպես որ, այս անգամ բարի կամքի դրսեւորման մասին մեծ վերապահումով կարելի է խոսել: Սակայն կարելի է հիշեցնել, որ Ս.Սարգսյանն իր նախագահության 3 տարիների ընթացքում 2 համաներում է հայտարարել, 2-ն էլ կապված են նախագահական ընտրությունների եւ մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում կալանավայրերում հայտնված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու հետ:
Ինչեւէ: Հ.Թովմասյանը երեկ տեղեկացրեց, թե նախնական տվյալներով` համաներման ակտի կիրառման արդյունքում ազատ կարձակվի 396 դատապարտյալ, կկրճատվի 379 դատապարտյալների պատժաչափերը: Բացի այդ, նախօրեին Քրեական դատավարության օրենսգրքում ընդունված փոփոխության արդյունքում, եթե տուժողին պատճառված վնասը փոխհատուցվի, ապա հնարավոր պատժի կրումից կազատվի եւս 153 դատապարտյալ, մասամբ կկրճատվեն 195 դատապարտյալի պատժաչափերը: Նախարարի խոսքերով` այս դատապարտյալների շարքում ներառված չեն նախնական կալանքի տակ գտնվող անձինք: Եվ նրա ներկայացմամբ` այս դեպքում արդեն վերը նշված թվերը կարող են մեծանալ եւս 20 տոկոսով: Համաներումը որոշակի տարածում կունենա նաեւ նախաքննության փուլում գտնվող անձանց վրա: Այս վերջին երկու դեպքերը չհաշվարկելով` մոտավոր հաշվարկներով համաներման արդյունքում ազատ կարձակվի 550 դատապարտյալ, իսկ 570-ի պատժաչափերը կկրճատվեն: Եվ մասշտաբային առումով, այս համաներումն, իսկապես, աննախադեպ է նախորդների համեմատ: Պատասխանատուներն այս փաստը բացատրում են այն հանգամանքով, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բավականին ծանր վիճակ է, կալանավայրերը գերբեռնված են: Կալանավայրերում այսօր իրենց պատիժն են կրում մոտ 4000 դատապարտյալներ, իսկ եւս 1000 հոգի գտնվում են նախնական կալանքի տակ:
Համաներման որոշումը կընդունվի այսօր, ամենայն հավանականությամբ, այն վաղը կհրապարակվի` կտպագրվի «Պաշտոնական տեղեկագրում» եւ անմիջապես ուժի մեջ կմտնի: ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դ.Հարությունյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, թե համաներման որոշման ուժի մեջ մտնելու հաջորդ օրն իսկ կարող են ազատ արձակվել առաջին դատապարտյալները: Համաներման նախագծում ակտի կիրառման վերջնաժամկետ է նշված սեպտեմբերի 21-ը: Ակտը կիրառելու պարտականությունը դրված է դատարանների, հետաքննության եւ նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի եւ մի քանի այլ պատասխանատուների վրա: Այս հատվածն իր մեջ որոշակի սուբյեկտիվիզմ եւ մտահոգություն է պարունակում այն առումով, որ դատապարտյալների ազատ արձակումը թե բացարձակ եւ թե ժամանակային առումով կախված է այս մարմիններից: Նախ` նրանց քմահաճույքից է կախված, թե այս 4 ամիսների ընթացքում որ դատապարտյալին երբ ազատ կարձակեն: Կարող են հաջորդ շաբաթը արձակել, կարող են, ասենք, սեպտեմբերի 20-ին արձակել: Շուտ ազատելու դեպքում էլ կարող են կոռուպցիոն դրսեւորումներ տեղի ունենալ` ազատել որոշակի գումարի դիմաց: Նման մտահոգություններ երեկ հնչեցին նաեւ ԱԺ-ում: Իսկ քաղբանտարկյալների դեպքում արդեն ժամկետը կախված է իշխանությունների քմահաճույքից: Նրանց ազատ կարող են արձակել մինչեւ մայիսի 31-ը, ինչպես պահանջում էր ընդդիմությունը, կարող են դա անել այս 4 ամսվա ընթացքում: Բացի այդ, համաներումը կարող է չկիրառվել այն անձանց նկատմամբ, ում վրա թեեւ արդեն տարածվում է այդ ակտը, բայց մինչեւ ազատության մեջ հայտնվելը կալանավայրերում որեւէ կարգապահական խախտում են կատարել: Չի բացառվում, որ քրեակատարողական հիմնարկներում պատասխանատուները նման սադրիչ գործողությունների մղեն որոշ դատապարտյալների, այդ թվում` քաղբանտարկյալներին: Բայց եթե քաղբանտարկյալներին ազատեն իրենց նշած ժամկետից` մայիսի 31-ից ուշ, եւ նրանց շարքում չլինի Շ.Գալստյանը, ՀԱԿ-ը դա կհամարի՞ իր պահանջների կատարումը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսպես պատասխանեց. «Մեզ հետաքրքրում է վերջնական արդյունքը, այլ ոչ թե դրա իրականացման տեխնիկական դետալներն ու ընթացակարգերը: Վերջնական արդյունք ասելով` նկատի ունեմ քաղբանտարկյալների ազատ արձակումը մինչեւ մայիսի 31-ը: Երբ վերջնական արդյունքը կլինի, այդ ժամանակ կխոսենք»: