ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը երեկ հայտարարել է, թե ինքը որեւէ կապ չունի ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի ներկայացուցիչ` հայտնի «օրենքով գող» «Պզոյի»` Արմեն Ղազարյանի հետ:
«Ես ընդհանրապես նոտար չեմ, ով որ իմ մասին թերթերում գրում է, թե ես գլխավոր նոտար եմ` սխալվում է: Ես նոտարական գործունեություն չեմ իրականացնում: Ես 32 տարի աշխատել եմ նոտարներին ստուգող: Երբեք կնիք չեմ ունեցել, գործարքներ չեմ իրականացրել, նույնիսկ քաղաքացու ստորագրության իսկությունը հաստատելու իրավունք չունեմ: Հետեւապես, ես որեւէ քաղաքացի, կուզի` դատախազ լինի, կուզի` ՀՀ քաղաքացի կամ ԱՄՆ քաղաքացի լինի, չի կարող ինձ մոտենալ եւ խնդրել, որ գործարք կատարեմ իր համար»,- ասել է Մ. Գաբոյանը` հավելելով, թե իր առաքելությունն ընդամենը կատարված գործարքը ստուգելն է եղել: Ինչ վերաբերում է նրան, թե իբր ԱՄՆ դաշնային մարմիները կարող են «Պզոյի» կատարած գործարքների կապակցությամբ ստուգումներ իրականացնել նոտարական մարմիններում, ապա Մ. Գաբոյանն ասել է. «ԱՄՆ համապատասպան մարմինները ի՞նչ պիտի ստուգեին. պիտի ճշտեին` «Պզե» կամ «Պզո» կոչեցյալը եղե՞լ է նոտարական գրասենյակում, գույք գնե՞լ է, որքա՞ն գումար է վճարել դրա դիմաց: Այսինքն` նրանք պետք է պարզեի՞ն` ԱՄՆ-ում նրա կողմից յուրացված 163 միլիոն դոլարը որտե՞ղ է ներդրել»: Նրա խոսքով` ԱՄՆ պատկան մարմինները նոտարական մարմիններ ընդհանրապես չեն մտել, եւ հայտնի չէ` «Պզոն» Հայաստանում ընդհանրապես գույք գնե՞լ է, թե՞ ոչ: Մ.Գաբոյանի խոսքով` երբ «Պզոյի» նման հարուստ մարդիկ 50 միլիոն դրամն անցնող գույք են գնում, «Ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն` նոտարը, ինչպես նաեւ` Պետռեգիստրն այդ մասին պարտավոր է հայտնել Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին: «Եվ հետեւաբար, ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի ներկայացուցիչները սկի լայեղ էլ չէին անի գալ նոտարական գրասենյակներում նման հարցերը ստուգել, քանի որ էդ բաները ստուգվում են ԿԲ-ի նշված բաժնում: Հետեւաբար` ի՞նչ կապ ունի այստեղ Գաբոյանը կամ նոտարները»,- ասել է նա: Մ. Գաբոյանի խոսքով` նոտարի պարտականությունն ընդամենը գործարք կնքելն է, այլ ոչ թե ստուգելը, թե տվյալ «մարդու ճակատին «Պզո՞» է գրված, թե՞ մեկ այլ բան»:
Սկանդալ` ասուլիսի ժամանակ
Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանի երեկվա ասուլիսում սկանդալ է տեղի ունեցել: Մ. Գաբոյանը երեկ փորձել է համոզել, թե նոտարական համակարգում կոռուպցիա չկա, իսկ նոտարական ապօրինությունների մասին խոսում են մարդիկ, ովքեր «գնացել են դատարաններ, դատարանների բոլոր ատյաններով պարտվել են»: Մ. Գաբոյանի նման հայտարարությունից հետո ասուլիսին ներկա քաղաքացիներից մի քանիսը, ովքեր, իրենց ձեւակերպմամբ` «նոտարների կողմից քաշվել էին», զայրացել են ու Մ. Գաբոյանին մեղադրել են կեղծարարություններով զբաղվող «նոտարների կռիշը լինելու` նրանց կեղտոտ, ապօրինի գործարքները հովանավորելու մեջ»: «Հայաստանի բոլոր դատարանները համագործակցում են ձեզ հետ եւ իրենց վճիռները համաձայնեցնում են անձամբ ձեզ հետ»,- ասել է ժառանգության հետ կապված գործարքից դժգոհ քաղաքացի Վարդան Համբարձումյանը: Մեկ այլ քաղաքացի` Մանյա Արզումանյանն էլ Մ. Գաբոյանին մեղադրել է նոտարական գրասենյակների ապօրինությունները հովանավորելու մեջ` ասելով, թե նա իր ստորագրությունն է դրել ակնհայտ ապօրինի գործարքի տակ: «Դուք մի քանի տարի առաջ մահացած մարդուն ձեր գործարքով վերակենդանացրել եք, նրա անունով գործարք եք կնքել, ու նորից նրան թաղել եք»,- հայտարարել է տիկինը` ողջունելով արդարադատության նախարարության` ԱՆ նոտարական բաժինը վերակազմակերպելու որոշումը: Նրա խոսքով` այդպիսով փորձ է արվում համակարգը «մաքրել Գաբոյանի նման ծախու, կոռումպացված» պաշտոնյաներից: