Հայաստանի Ազգային ժողովը երեկ ձայների 10 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ մերժեց Հայաստանի կառավարությանը անվստահություն հայտնելու մասին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հարցապնդումը։
Որ դա մերժվելու էր, ի սկզբանե հայտնի էր ոչ միայն մերժողներին, այլ հենց ՀՅԴ-ին։ Պատահական չէ, որ մինչեւ քվեարկությունը կազմակերպելը, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, իրենք իրավունք ունեն չորս ամիս հետո կրկին ներկայացնել նույն հարցապնդումը: «Սա, հասկացեք, լուրջ պատասխանատվության հարց է, եւ մենք խոստանում ենք չորս ամիս հետո եւս ներկայացնել, եւ այն ժամանակ, կարծում եմ, որ շատ ավելի բարդ վիճակում ենք լինելու»,- հայտարարել է նա։
Հարցապնդման ներկայացման ժամանակ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասել էր. «Կառավարության ձախողումները բոլոր այս ուղղություններով մեր կողմից փաստելու համար հիմք են ծառայել կոալիցիոն հուշագրի 22 առաջնահերթությունները, կառավարության հաստատած ծրագրերը, նախանշած ծրագրերը եւ կատարած քայլերը: Իսկ ստացված պատասխանը կառավարության կողմից ոչ միայն չի փարատում մեր հարցապնդման մեջ արծարծված գնահատականներն ու մտահոգությունները, այլ ամրապնդում եւ հաստատում է դրանք, ավելին` առաջանում է լուրջ հակասություն: Տպավորությունն այն է, որ կառավարությունը այս երեք տարիների ընթացքում ասել է մի բան, արել է մի բան, իսկ մտածել է բոլորից թաքուն բոլորովին այլ բան»:
Խնդիրն այն չէ, որ կառավարությանը անվստահություն հայտնելու հիմքեր չկան. կան, եւ երեւի ավելի շատ, քան ներկայացնում է ՀՅԴ-ն։ Սակայն, երբ այսօրվա Հայաստանում, այսօրվա խորհրդարանում ընդամենը 16 պատգամավոր ունեցող խմբակցությունը նման հարցապնդում է անում՝ «էն գլխից» իմանալով, որ դա չի ընդունվելու, սա կարող է բացատրվել միայն սեփական վարկանիշը բարձրացնելու եւ ընդդիմադիր կեցվածք ընդունելու նպատակով։ Իհարկե, դրանում վատ բան չկա, շատ բնական է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ` պետք է կամաց-կամաց գրավել ընդդիմադիր ընտրազանգվածի սիրտը։ Բացի այդ, չնայած առաջարկությունը ոչ մի կոնկրետ խնդիր չի լուծում, սակայն աշխուժացնում է մթնոլորտը եւ որոշ չափով զգաստացնում իշխանություններին։
ՀՅԴ դիրքորոշման մեջ մի ավելի, շատ ավելի մեծ հակասություն եւ անհասկանալի բան կա։ Նախ` Արմեն Ռուստամյանի խոսքերից ստացվում է, որ կառավարությունը «բոլորից թաքուն բոլորովին այլ բաների» մասին սկսել է մտածել միայն վերջին երեք տարվա ընթացքում, իսկ մինչ այդ (երբ ՀՅԴ-ն իշխանության մաս էր կազմում) ամեն ինչ արել է թափանցիկ ու բաց։
Չէ, իրոք, հանուն արդարության` նշենք, որ նախկին իշխանությունները որոշ հարցերում բաց էին՝ բացահայտ թուլացնում էին տնտեսությունը՝ փոխարենը ներկայացնելով ՀՆԱ-ի աճի երկնիշ ու պլպլան ցուցանիշներ։ Ներկայացված աղյուսակում պարզ երեւում է, թե ինչ էր մտածում եւ ինչ էր անում նախկին իշխանությունը։
Նախ՝ նախանձելի հետեւողականությամբ շինարարության ոլորտը դարձնում էր տնտեսության հենասյունը։ Եթե 2002թ. շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում էր 11.7%, ապա 2008թ. հասել էր 23.6%-ի։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը 573.35 դրամից իջավ մինչեւ 305 դրամ՝ գերշահույթներ ապահովելով ներմուծող մոնոպոլիստների համար եւ զրոյականի մոտեցնելով տեղական արտադրողների մրցունակությունը։ Հայաստանը դրսից ստանում էր տրանսֆերտներ եւ այդ գումարով գնում դրսի արտադրանքը՝ բնակչության մոտ արմատավորելով այն համոզմունքը, որ այս երկրում ոչ մի լուրջ արտադրություն հարկավոր չէ դնել։ Այս ամենի (եւ ոչ միայն) արդյունքում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 483.8 միլիոն դոլարից հասավ 2.6 միլիարդ դոլարի։ Բացասական երեւույթների ցանկը կարելի է երկար շարունակել՝ խոսելով կոռուպցիայի, հովանավորչության, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման եւ այլ բաների մասին։ Սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ «օգտակար» տնտեսական քաղաքականություն է իրականացվել վերջին 9-10 տարիների ընթացքում։
Հիմա վերադառնանք ՀՅԴ-ին։ Այս կուսակցության կազմում կան լուրջ մասնագետներ, տնտեսագետներ, որոնք վերը նշվածի ու դրա բացասական հետեւանքների մասին մեզանից լավ գիտեին։ Իսկ ինչո՞ւ այն ժամանակ չէին պահանջում կառավարության հրաժարականը։ Կամ՝ ինչո՞ւ չէին նույն Տիգրան Սարգսյանին, ում այսօր մեղադրում են տնտեսությունը քայքայելու մեջ, մեղադրում եւ պաշտոնանկություն պահանջում այն ժամանակ, երբ դրամն արժեւորվում էր։ Չէ՞ որ Տ. Սարգսյանն այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահն էր, եւ տեղական արտադրողների՝ փոխարժեքի հետ կապված բողոքներին ընդգծված անտարբերությամբ պատասխանում էր, որ դա հենց իրենց՝ արտադրողների մեղքով է, եւ խորհուրդ էր տալիս արդիականացվել։ Որովհետեւ այդ ամբողջ ժամանակահատվածում նրանք իշխանության մեջ էին։
Ընդ որում՝ այն ոլորտներում, որտեղ այսօր ամենից շատ է խոսվում կոռուպցիայի մասշտաբների մասին (առողջապահություն, կրթություն, սոցիալական ոլորտ) «տիրություն էին անում» հենց դաշնակցականները։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենի մասին ձեզ հանգամանորեն եւ ապացույցներով կներկայացնի բակում նարդի խաղացող եւ թերթ կարդացող ցանկացած թոշակառու, այսինքն՝ ընդդիմադիր քայլեր անելու տպավորություն ստեղծելով՝ ՀՅԴ-ն դժվար թե շատ դիվիդենտներ շահի։
Եթե այսքանից հետո էլ հարց է առաջանում՝ լավ, բա ինչի՞ համար է այս ամենը, նշենք հնարավոր պատասխաններից եւս մեկը։ Կառավարությունը ուղղակի եւ անուղղակի կերպով ներկայիս տնտեսական դժվարությունները փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա։ Նախկին իշխանություններն էլ փորձում են պատասխանել թե՛ անմիջական, թե՛ միջնորդավորված ձեւերով։ Սա պարզապես հնարավոր տարբերակներից մեկն է։