ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչեւ այս ամսվա վերջ կվերադառնա Հայաստան: Նա Գերմանիայի կլինիկաներից մեկում բուժման կուրս է անցնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանն, ասել է, որ ամուսինը սրտի հետ կապված խնդիրներ ունի: Եվ քանի որ դրանք նրա մոտ վերջին շրջանում պարբերաբար կրկնվել են, նա կնոջ հորդորով որոշել է բուժում ստանալ արտասահմանում: Սրտի հետ կապված խնդիրները, ըստ Լ.Ասատրյանի, Խաչիկյանի մոտ ի հայտ են եկել անցած աշնանը, կրկնվել են նաեւ գարնանը, ինչը բժիշկները կապել են եղանակի, լարվածության, սթրեսի հետ: «Ուստի, նպատակահարմար գտանք, որ նա եւս մեկ անգամ լրացուցիչ ստուգում անցնի եւ բուժման կուրս անցնի: Ես էլ անհամբեր սպասում եմ, թե երբ այս ամենը կվերջանա, որ նա առողջ վերադառնա: Մեզ համար էլ, որպես ընտանիք, շատ դժվար է»,- ասել է Խաչիկյանի կինը: Նա, սակայն, չի ասել, թե Գերմանիայի ո՞ր քաղաքում եւ ո՞ր բուժհաստատությունում է ամուսինը բուժում ստանում: Լ. Ասատրյանն ընդամենն ասել է, որ ամուսինը` Վ. Խաչիկյանը, խնդրել է կլինիկայի անունը գաղտնի պահել:
Նշենք, որ ժամանակ առաջ պաշտոնից հեռացված Վազգեն Խաչիկյանը մարտ ամսին բուժման կուրս է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, քանի որ ճնշման տատանումների արդյունքում կտրուկ վատթարացել էր նրա ինքնազգացողությունը: Այդ ժամանակ նույնիսկ լուրեր տարածվեցին, թե նրան ռեստորաններից մեկում փորձել են թունավորել:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա: Ըստ այդմ` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս է գրվել եւ վճարվել առանձնապես խոշոր չափերի` 113.181.900 դրամ գումար: Այն յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս: