Այս հինգշաբթին Վրաստանում հերթական հեղափոխություն անելու մասին վրացական ընդդիմության հայտարարած վերջին օրն է: Պլանի համաձայն, այս հինգշաբթի պետք է խափանվի Վրաստանի անկախության օրվան նվիրված զինվորական շքերթի անցկացումը, եւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պետք է հրաժարական տա:
Այս մասին երդումներն ընդհանուր առմամբ վաղուց են հնչում: Բայց այդ մասին ամբողջ աշխարհով մեկ հայտարարվեց մայիսի 21-ին: Այնպես հայտարարվեց, որ դա ստիպեց աշխարհին ավելի մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ հերթական անգամ տեղի է ունենում Վրաստանում: Ուշադիր դիտելիս պարզվեց, որ` առանձնապես ոչ մի բան: Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մոտ 10.000 մարդ դուրս բերեց Թբիլիսիի կենտրոնական` Ազատության հրապարակ, եւ հայտարարեց, որ Սահակաշվիլիի օրերը հաշված են: Այնտեղից Բուրջանաձեն մարդկանց, չգիտես ինչու, տարավ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության (ՎՀՀ) շենքի մոտ եւ այնտեղ եւս մի քանի անգամ կրկնեց խոստումը: Այդ նույն ժամանակ նույն բանն էին ասում նաեւ մոտ մեկուկես հազար մարդկանց ամբոխի առաջնորդները, որոնց հաջողվել էր այդ մարդկանց դուրս բերել Բաթումի գլխավոր հրապարակ:
Ակնհայտ էր, որ Սահակաշվիլիին իշխանությունից հեռացնելու համար արմատական ընդդիմությունը բավարար ուժեր չէր կարողացել հավաքել: Բայց Բուրջանաձեն եւ նրա մերձավոր աջակիցներն այնքան վստահ էին հայտարարում իրենց մոտալուտ հաղթանակի եւ Սահակաշվիլիի անխուսափելի վերջի մասին, այնքան խորամանկորեն էին ակնարկում գործողությունների ինչ-որ պլանի մասին, որ կարողացան կասկածներ սերմանել, թե ներկայիս իշխանությունը կկարողանա դիմագրավել: Կասկածներն ավելի ամրապնդվեցին Ոստիկանության հետ թեթեւ բախումից հետո, ինչին արձագանքեց մեկ այլ արմատական կազմակերպություն` «Վրացական կուսակցությունը», որը ողջ ձմռան ու գարնան ընթացքում դաժան հակամարտության մեջ էր Բուրջանաձեի հետ: Կուսակցության առաջնորդները հայտնվեցին հանրահավաքի վայրում եւ իբրեւ հաշտության նշան` ողջագուրվեցին նախկին խոսնակի հետ, իբր` վերջ, վճռական պահին մոռանում ենք թշնամանքի մասին: Հենց այդ ժամանակ էլ թվաց, թե ահա, խորամանկ պլանը գործի է դրվել. իշխանությունները սպասում էին, թե միայն Բուրջանաձեն է պայքարի ելնելու, այնինչ նրան միացավ նաեւ «Վրացական կուսակցությունը»: Ասել է թե` ընդդիմությունը միավորվում է, եւ կարող է ինչ-որ բան տեղի ունենալ: Փարիզից էլ իր ձայնը բարձրացրեց պաշտպանության նախկին նախարար, կիսաէմիգրանտ Իրակլի Օքրուաշվիլին: Նա խոստացավ մայիսի 25-ին գալ Վրաստան եւ վերջակետ դնել Սահակաշվիլիի իշխանափոխության գործում: Մի այլ ընդդիմադիր` նախագահի նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն, ներկայիս իշխանություններին առանց այլեւայլության առաջարկեց «հաց չորացնել». իբր` դատի ենք տալու բոլորիդ: Սրանով էլ ամեն ինչ ավարտվեց:
Երեքշաբթի օրը ակցիան «փուքսը թողեց»: Ընդդիմադիրները դարձյալ չկարողացան իրար մեջ բաժանել դեռ չսպանված արջի մորթին: Պարզվեց, որ Օքրուաշվիլին դարձյալ չի կատարի խոստումը եւ Վրաստան չի գա, «Վրացական կուսակցությունը» որոշեց Բուրջանաձեի հետ չմիանալ` զինվորական շքերթը խափանելու գործում, իսկ Սահակաշվիլիին գահընկեց անել մի ուրիշ անգամ, բայց ոչ հիմա: Բայց մինչ այդ էլ` մինչեւ արմատական ընդդիմության բաժանվելն էլ բողոքի ակցիաներին ամենաթեժ պահերին միանում էր 1000-ից էլ պակաս մարդ: Չորեքշաբթի օրը մնացել էին ընդամենը երկու-երեք հարյուր հոգի: Ասում են, որ նրանք օրը մոտ 40 լարի են ստանում (մոտ 30 դոլար): Բուրջանաձեն համառորեն շարունակում է կրկնել, որ Սահակաշվիլիի վերջը եկել է:
Սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ ֆարս: Տարօրինակ է, որ Վրաստանում դեռ գլխի չեն ընկել համակարգչային խաղ հորինել`«Գահընկեց անել Սահակաշվիլիին», որտեղ հաղթող կճանաչվի նա, ում «ընդդիմադիրի» վարկանիշը նվազագույնս կիջնի, եթե նա չկարողանա հաղթել նախագահին: Սակայն այսօրվա իրական, ոչ համակարգչային խաղում, որ այդքան անտաղանդ կերպով խաղացին վրացական արմատականները, նրանց վարկանիշը հավասարվեց զրոյի: Նրանք բարեհաջող կերպով քաղաքական խարակիրի արեցին: Ընդ որում` հերթական անգամ: Եվ շատ հնարավոր է` ոչ վերջին: Սովորաբար նրանք Սահակաշվիլիին հեռացնելու անհաջող փորձից որոշ ժամանակ անց, առանց անհարմար զգալու, կրկին սկսում են հանդես գալ ռազմատենչ կոչերով եւ խոստանում պատմության գիրկն ուղարկել ներկայիս ռեժիմը:
Եվ այս ամենն այնքան է նման համակարգչային խաղի, որտեղ խաղացողին մի քանի կյանք է տրվում` իր առջեւ դրված խնդիրը լուծելու համար: Վրացական իրականության տարբերությունն այս համակարգչային խաղից այն է, որ իրականում, ինչպես երեւում է, արդեն տարբերություն չկա, թե քանի այդպիսի «կյանք» ունեն արմատականները. միեւնույն է` հայտարարված նպատակին նրանք հասնել չեն կարող: Գոնե տեսանելի ապագայում: «Ֆորս-մաժորներ»` արտաքին ուժերի կոպիտ միջամտության տեսքով, չեն քննարկվում:
Իսկ իշխանություննե՞րը: Սահակաշվի՞լին: Փիղը ասեղի ծակոցն ավելի սուր կզգար, քան իշխանությունները` ընդդիմության ներկայիս ելույթները: Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Սահակաշվիլին, վերադառնալով Վրաստան, գնաց մասնակցելու նոր կառուցված ինչ-որ շինությունների հանդիսավոր բացման արարողությանը: Եվ դա ավելի ճիշտ է` կառուցել, քան թե դատարկախոսել` շարժելով ամբողջ աշխարհի ծիծաղը: