Դեռ հայտնի չէ

26/05/2011

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է հետաձգվում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: «Մի քանի անգամ կարծես թե մեր կողմից հայտարարվել է ժամկետներ օդանավակայանի բացման, բայց այդ ժամկետներում չէինք տեղավորվում, որովհետեւ առաջին անգամ ենք օդանավակայան կառուցում: Սկզբնական փուլում մեզ մասնագետներն ասել են, որ այդ վազքուղին, ասֆալտը կարծես թե համապատասխանում է, բայց հետո, որ արդեն մասնագետները եկել են եւ ուսումնասիրել` պարզվել է, որ այդ վազքուղու լայնությունը չի բավարարում` պետք է լայնացնել»,- ասել է Ա. Հարությունյանը` խուսափելով նշել, թե, այնուամենայնիվ, երբ է բացվելու օդանավակայանը: Ըստ նրա` բացի վազքուղու շինարարական աշխատանքներից` կան նաեւ այլ աշխատանքներ, որոնք եւս պետք է իրականացվեն: «Երեւի մի երկու-երեք ամսվա մեջ կավարտվեն վազքուղու ամբողջ ասֆալտապատման աշխատանքները, եւ նման այլ աշխատանքներ կան իրականացնելու` անվտանգության ուղղությամբ, ամբողջ օդանավակայանի տարածքի, եւ այլն: Դրա համար չենք ուզում այսօր ժամկետ ասել, բայց ինչքան հնարավոր է արագ տեմպերով կատարվում են աշխատանքները: Հավանական է, որ, այո, սեպտեմբերին նաեւ վազքուղին պատրաստ կլինի, նաեւ մասնագետների ենք հրավիրել` ավելի արդեն բարձրակարգ, որոնք հուշում են մեզ բոլոր այն անելիքները, որը թույլ է տալու դա կատարել»,- ասել է նա: Միաժամանակ նա հայտարարել է. «Մեր նախագահի կողմից հստակ որոշում էր կայացվել, հանձնարարական էր տրվել, որ օդանավակայանը կաշխատի միայն այն դեպքում, երբ ապահովվի բոլոր անվտանգության պայմանները: Թող մի վեց ամիս էլ ուշանա, բայց բոլոր անվտանգության անհրաժեշտ պայմանները կատարվեն: Հույս ունենք, որ սեպտեմբերին երեւի ավարտման փուլում կլինի»:

Ի դեպ, առաջիկայում Ստեփանակերտում օդանավակայանի բացման նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկում է կազմակերպվելու, որի ընթացքում խոսվելու է նաեւ տոմսերի գների, անվտանգության եւ այլ հարցերի մասին: