Երկքաղաքացիություն. նպատակը հասկանալի չէ

05/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Միջազգային փորձը

Միջազգային փաստաթղթերում երկքաղաքացիության գաղափարն առաջին անգամ ի հայտ է եկել 1930 թվականին՝ Հաագայի կոնվենցիայում: Ընդ որում, այս կոնվենցիայի առաջին դրույթում նշվում է, որ «երկքաղաքացիությունն անցանկալի է»: Այնուամենայնիվ, դրանում նշվում են երկքաղաքացիությանը վերաբերող մի քանի դրույթներ: Ըստ այդմ, երկքաղաքացիության հետ կապված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն տվյալ երկրի օրենքներով եւ երկքաղաքացիությունն ընդունող այլ երկրի հետ պայմանագրերով: Վերոնշյալ կոնվենցիայում նշվում է նաեւ, որ 3-րդ երկրում գտնվող երկքաղաքացին այդ երկրում պետք է ներկայանա որպես մեկ կոնկրետ երկրի քաղաքացի: Կոնվենցիայի մեկ այլ դրույթի համաձայն, պետությունը, որի քաղաքացին է տվյալ անձը, կարող է եւ չպաշտպանել իր այդ քաղաքացու իրավունքները, եթե վերջիններս խախտվել են մի երկրի կողմից, որի քաղաքացի է նշված անձը: Երկքաղաքացիության մասին Հաագայի կոնվենցիան ընդունվել է այն ժամանակ, երբ ընդունված էր համարել, որ անձը կարող է լինել միայն մեկ երկրի քաղաքացի: Վերջին 10-15 տարիներին, սակայն, այս ընկալումը բավականին փոխվել է: Ժամանակակից աշխարհում երկքաղաքացիությունը բավականին մեծ տարածում ունի: Ձեւավորված կարծիք կա, որ երկքաղաքացիության օգուտներն ավելի շատ են, քան վնասները: Կարծիք կա նաեւ, որ երկքաղաքացիությունն ընդունող երկու դեմոկրատական երկրների միջեւ պատերազմի հավանականությունը բավականին փոքրանում է: Ներկայումս աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք ստիպում են իրենց քաղաքացուն` հրաժարվել տվյալ երկրի քաղաքացիությունից, եթե անձը ցանկանում է դառնալ այլ երկրի քաղաքացի: Այդ երկրների թվին այսօր պատկանում է նաեւ Հայաստանը: Սակայն կան նաեւ երկրներ, որոնք, հակառակը, նման դեպքերում իրենց քաղաքացուն ստիպում են չհրաժարվել տվյալ երկրի քաղաքացիությունից: Այդ երկրների շարքում է, օրինակ, Հունաստանը, որի քաղաքացիությունից հրաժարվելը շատ բարդ է: Վերջին տվյալներով` երկքաղաքացիությունն այս կամ այն չափով թույլատրվում է աշխարհի 74 երկրներում, որոնց թվին են պատկանում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Պորտուգալիան, եւ այլն: Սակայն այս երկրների շարքում կան երկրներ, որտեղ, թեեւ չկա երկքաղաքացիությունն արգելող որեւէ փաստաթուղթ, սակայն տվյալ երկիրը չունի երկքաղաքացիության մասին օրենք: Նման երկիր է, օրինակ, ԱՄՆ-ը, որի քաղաքացի դառնալու համար մարդիկ ստորագրում են «հնազանդության երդում», որտեղ նշված է, որ տվյալ անձը չի հանդիսանում որեւէ այլ երկրի քաղաքացի եւ ենթարկվում է ԱՄՆ օրենքներին: Սակայն սա ձեւական բնույթ է կրում, քանզի ԱՄՆ-ը «հանդուրժում է» երկքաղաքացիությունը: Ներկայումս աշխարհի մոտ 110 երկիր էլ է արգելում երկքաղաքացիությունը: Նման երկրներ են Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Մեքսիկան, Նորվեգիան, Հնդկաստանը, Չինաստանը, եւ այլն:

Հայաստանյան իրականությունը

Հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթով առաջարկվում է հանել գործող Սահմանադրությամբ ամրագրված երկքաղաքացիությունն արգելող դրույթը եւ երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները կարգավորել օրենքով: Այս փաստին ընդդիմացողների հիմնական մտահոգությունն այն է, որ երկքաղաքացիները կունենան ընտրելու եւ ընտրվելու իրավունք, եւ շատ հավանական է, որ Հայաստանի ապագա իշխանությունների ձեւավորման հարցում վճռորոշ լինի ՀՀ-ում չբնակվող ՀՀ քաղաքացի երկքաղաքացիների դերը: Նման կերպ մտածողներին ՀՅԴ ներկայացուցիչները, մասնավորապես` Սպարտակ Սեյրանյանը, հանգստացնում են նրանով, որ երկքաղաքացիության մասին ապագա օրենքով երկքաղաքացիները կօգտվեն ընտրական իրավունքից, եթե վերջին «X» (այն կհստակեցվի օրենքով) տարիներին մշտապես բնակվել են ՀՀ-ում: Նկատենք սակայն, որ օրենքով երկքաղաքացիների՝ ՀՀ նախագահ ընտրելու իրավունքը վերոնշյալ ձեւով սահմանափակել հնարավոր չէ, քանի որ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթում անփոփոխ է թողնված գործող Սահմանադրության 50-րդ հոդվածը, համաձայն որի` «ՀՀ նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով», իսկ Սահմանադրությանը հակասող օրենքներն իրավական ուժ չունեն: Ստացվում է, որ փոփոխությունների փաթեթի հեղինակ կոալիցիայի ներկայացուցիչներն անուղղակի ձեւով հայտարարում են, որ փոփոխությունների ընդունվելու դեպքում պատրաստվում են ոտնահարել արդեն փոփոխված Սահմանադրությունը, իսկ նման «մանրուքները», ցավոք, արդեն վաղուց զարմանալի չեն: Ինչեւէ, իսկ ի՞նչ նպատակով է առաջարկվում գործող Սահմանադրությունից հանել երկքաղաքացիությունն արգելող դրույթը, եւ ի՞նչ է շահելու դրանից մեր երկիրը: Այս հարցերին օրերս «Regnum»-ին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ Դատի Երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի պատասխանից պարզ է դառնում, որ գործող Սահմանադրությունից երկքաղաքացիությունն արգելող դրույթն առաջարկվում է հանել, քանի որ Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է, այլ ոչ թե` միայն Հայաստանում բնակվողների, բացի այդ, այն հնարավորություն կտա «համազգային խնդիրներ լուծել»: Կ. Մանոյանի խոսքերով՝ վերջին տարիներին Հայաստանը լքած ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է 1-1,5 մլն-ի: «Նրանք արդեն երկար ժամանակ ապրում են հանրապետությունից դուրս եւ հավանաբար տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու կարիք ունեն, իսկ օրենքը դա թույլ չի տալիս»,- ասում է նա եւ հավելում, որ վերջին տվյալներով միայն Մոսկվայում ՀՀ 5 հազար քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: «Կարծում եմ, որ սա առաջին խնդիրն է, որը պետք է լուծվի երկքաղաքացության ընդունմամբ, այսինքն՝ մենք կդադարենք քաղաքացիներ կորցնել»,- պարզաբանում է Հայ Դատի Երեւանյան գրասենյակի պատասխանատուն: Ավելին` նրա խոսքերով` ՀՀ քաղաքացիների թիվը կավելանա, եւ 3 մլն-ի փոխարեն` Հայաստանը կունենա 9 մլն քաղաքացի: Նկատենք սակայն, որ այս թիվը կարող է հասնել նույնիսկ մի քանի միլիարդի, քանի որ պարզ չէ, թե երկքաղաքացիությունն ընդունելու դեպքում ի՞նչ հիմքերով ենք մերժելու, ասենք, Պորտուգալիայում բնակվող Բարբադոսի քաղաքացի ուզբեկի՝ ՀՀ քաղաքացի դառնալու բուռն ցանկությունը: Այն պատճառով, որ նա հայ չէ՞: 21-րդ դարում պետության կողմից ազգային խտրականության նման դրսեւորումը կարող է վատ հետեւանքներ ունենալ:

Ինչեւէ, բանավեճերը շարունակվում են, եւ դեռեւս հստակ պատասխան չի տրվում այն հարցին, թե, ասենք, ո՞ր երկրում են ՀՀ քաղաքացի երկքաղաքացիները հարկեր մուծելու: Նմանօրինակ այլ հարցեր եւս դեռ հստակ պատասխաններ չունեն: