Այս տարվա մայիս ամիսն առանձնահատուկ է: Ոչ միայն եղանակային պայմանների եւ գյուղմթերքների աննախադեպ գների պատճառով: Վերջին տարիների մայիսին բնորոշ «Միասնական քննություն» կոչվածը չկա: Իր թերհաս թեստ-քննություններով ու դրանց շուրջ բորբոքվող կրքերով: Կրքերն այս անգամ ավելի ուշ են շիկանալու: Ուսումնական տարվա շեմին: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են մեր կառավարության աշխատաոճին, չեն զարմանա: Որովհետեւ մենք արտակարգ կառավարություն ունենք: Այսինքն` արտակարգ ռեժիմով աշխատող կառավարություն: Մի քանի տարի առաջ, երբ մեր հանրակրթության ոլորտը ներքաշվեց բոլոնյան շարժման գործընթաց, պարզ էր, որ 2011-ին շրջանավարտ չի լինելու: Այս փաստն, իհարկե, ՀՀ կրթության ու գիտության նախարարությունում գիտեին: Բայց այն, որ 2011թ. հանրապետության բուհական համակարգը դիմորդ չի ունենալու` հավանաբար չգիտեին: Վերջին տարիներին հայաստանյան մոտ 80 բուհեր տարեկան 26-27,5 հազար ուսանող էր ընդունվում: Անկախ կրթության որակից: Ավելի ճիշտ` որակի անկման տեմպից: Մեր բարձրագույն դպրոցի որակի ցուցանիշ կարելի է համարել արտասահմանյան ուսանողների քանակը: 2007թ. Հայաստանում սովորում էր 4 հազար 230 արտասահմանցի: 2009-10թթ. ուստարում նրանց թիվն արդեն 3 հազար 89 էր: Երկու-երեք տարում 4 անգամ պակասել է սիրիացի ուսանողների քանակը: Հնդիկ ուսանողների թիվը պակասել է 6 անգամ, իրանցիներինը` 2 անգամ: Նույնիսկ Վրաստանից եկած ուսանողների թիվն է 20 տոկոսով կրճատվել: Չնայած այն փաստին, որ նրանք ազգությամբ հիմնականում հայեր են: Պատճառը պարզ է` արտերկրում հայաստանյան բուհերի ավարտական վկայականը հարգի չէ: Նաեւ այն պատճառով, որ կրթության որակը, բուհերի խնդիրները մեր կառավարությանը, մեղմ ասած, նվազ են հետաքրքրում: Լրագրության ոլորտում 20 տարվա ոչ շարքային աշխատողի փորձից ելնելով` կարող եմ պնդել, որ հանրապետության բուհերի ժուռնալիստիկայի բոլոր ֆակուլտետները մեծամասամբ դիպլոմ-վկայականների տիրաժավորմամբ են զբաղված: Անձամբ գիտեմ մի գլխավոր խմբագրի, ում համար ժուռնալիստի կրթության վկայականը բավարար պայման է, որ այն ներկայացնողին աշխատանքի չընդունի: Բայց այս տարվանից սկսած կրթության որակի անկման գործընթացը նոր թափ է ստանալու: Հայաստանյան բուհերի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի քանակը 8 հազար 400 է:
Այսօր ամենեւին էլ պարզ չէ, թե նրանց ինչ հեռանկար է սպասվում առաջիկա չորս տարվա ընթացքում: Ուսանողների քանակի մոտ 20-25 տոկոսանոց անկումը նշանակում է, որ մուծվող կրթավարձերը կպակասեն նույն արագությամբ: Իսկ դա նշանակում է, որ բուհերը կրճատելու են դասավանդողների կամ հաստիքները, կամ աշխատավարձերը: Աշխատավարձի չափը, բացառությամբ մեկ-երկու բուհի կամ որոշ ֆակուլտետների, ի սկզբանե բարձր չեն: Հետեւաբար` հիմնականում հաստիքներն են կրճատվելու: Որովհետեւ կրթության բարեփոխումների ծրագիր սկսած ոչ կառավարությունը, ոչ էլ Կրթության ու գիտության նախարարությունը ծրագիր չեն կազմել առաջիկա չորս տարիների համար: Ավելին, կարելի է ենթադրել, որ բուհերի ղեկավարներն իրենք չգիտեն` ինչ են անելու: Երեւանի բժշկական համալսարանի պաշտոնական կարծիքը հնչեցրած պաշտոնյայի խոսքերով իրենք «պարզապես կամ ավելի վատատես են եղել, կամ լավատես` նախօրոք մտածել են, որ նման իրավիճակի առջեւ են կանգնելու: Ինստիտուտը, կարելի է ասել, ունի պահուստային ֆոնդ եւ, համենայն դեպս, մի տարի կարող է պահել իր կոնտինգենտը»: Իսկապես հիմա սա «հոռետեսակա՞ն», թե՞ «լավատեսական» կարծիք է: Դժվար է ասելը: Այն, որ պահուստային ֆոնդ ունեն` դա լավ է: Բայց վատ է այն, որ նման ֆոնդ ժամանակին չի կուտակել կրթության նախարարությունը, ում անմիջական գործն է կրթության որակին հետեւելը: Մյուս վատ կողմն այն է, որ այս բուհում կարծում են, թե «նման իրավիճակը» կարելի է հաղթահարել մեկ տարվա գումար պահուստավորելով: Որովհետեւ «իրավիճակը» չորս տարի է տեւելու: Առնվազն: Այս ուսումնական տարում բուհերը չեն ունենալու լիարժեք համալրված առաջին կուրս: Եկող տարի` երկրորդ, մինչեւ այդ չհամալրված կուրսն ավարտի բուհը: Ծրագրի բացակայության պարագային բոլորի համար է ակնհայտ, թե ինչ է կատարվելու 8 հազար 400-անոց պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ: Կրճատվելու է առավել խոցելի` երիտասարդ մասնագետների քանակը: Առավել բանիմաց կադրերը նոր աշխատատեղ են փնտրելու: Փնտրելու են եւ մեծամասամբ չգտնեն: Չգտնեն ու հիշեն պապենական պանդուխտի ցուպը: Բայց դա ոչինչ` Հայաստանում վաղուց չի կիրառվում «ուղեղների արտահոսք» արտահայտությունը: Կսկսի կիրառվել, ու մենք նոր մխիթարանք կգտնենք, թե «դեռ արտահոսքի արժանի ուղեղ ունենք»:
Որքան տարօրինակ, նույնքան էլ վնասակար զուգադիպությամբ` բուհերին սպառնացող տնտեսական ճգնաժամի նախօրեին Գիտության կոմիտեն կրճատեց ֆինանսավորվող գիտական թեմաների քանակը: «Դժվա՞ր էր այս ամենը պատկերացնել կրթական համակարգի բարեփոխումները մշակելիս» հարցն ինքնին հռետորական է: Որովհետեւ մենք արտակարգ կառավարություն ունենք: Եվ քանի դեռ արտակարգ իրավիճակ չի ստեղծվել, ոչ մի կերպ հնարավոր չէ մեր կառավարությանը ստիպել, որ ծրագրեր կազմի ու աշխատի: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ: Մինչեւ տեղական կարտոֆիլի 1 կգ-ն, 400-500 դրամ, իսկ խնձորի 1 կգ-ն` 1500 դրամ չդարձավ, մեր կառավարությունը գյուղի ու գյուղատնտեսության տեղը չիմացավ: