Հույսն ո՞ւմ վրա է

26/05/2011

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցին, թե ի՞նչ է լինելու Գյումրիում որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետ, որոնք ոչնչացման եզրին են, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանել է, որ կառավարության հետ քննարկվել եւ որոշում է կայացվել, որ որոշ որմնանկարներ կփրկվեն եւ կտեղափոխվեն կառավարության շենք, սակայն դեռ կան եւս 11 որմնանկարներ, որոնք փրկվելու կարիք ունեն: «Եթե կան անհատներ, որոնք ցանկանում են սեփական միջոցներով վերականգնել որմնանկարները, ապա մենք պատրաստ ենք համագործակցել»,- ասել է Պողոսյանը: Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան, թե` այն ծրագիրը, որով կառավարությունն ու Մշակույթի նախարարությունը փորձում են փրկել նկարչի որմնանկարները, կարո՞ղ է հանգեցնի նրան, որ Գյումրիում ոչ մի որմնանկար չմնա, ինչը բավական մեծ անհանգստություն է առաջացնում գյումրեցիների շրջանում, Հ. Պողոսյանն ասել է, որ որմնանկարները փրկելու ծրագիրը հնարավորություն է տալիս անհատներին եւս մասնակցել այդ գործընթացին, եւ առաջարկները սիրով կընդունվեն: