ասում է մաթեմատիկոս, Սիլիկոնային հովտում գործող «Անթել» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Չանչանյանը
– Հատկապես վերջին տարիներին շատ է խոսվում Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման մասին: Դուք որեւէ տեղաշարժ նկատո՞ւմ եք այս ոլորտում:
– Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը սկզբնական, այսպես ասած` ձեւավորման փուլում է: Հսկայական աշխատանք պետք է տարվի: Այսօրվա դրությամբ մեր երկիրն ի՞նչ կարող է արտադրել կամ մրցակցության դաշտ հանել` իբրեւ տեղեկատվական տեխնոլոգիայի համակարգ: Իրապես մրցակցություն ունեցող որեւէ պլատա, համակարգ չունենք: Հայաստանում նոր ձեւավորված փոքր ընկերությունները պետք է իրենց IP-ն ունենան: Ընդհանրապես, ցանկացած ընկերության հարստությունն իր արտադրած IP-ն է, իսկ դա չկա Հայաստանում:
– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ՀՀ Կառավարությանն ու մասնավորապես վարչապետին, երբ անվերջ հայտարարում են ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ դարձնելու մասին, այն դեպքում, երբ մեր երկիրը դրա զարգացման նվազագույն պայմանները չունի:
– Հարցին չեմ կարող հստակ պատասխանել, քանի որ Կառավարության հետ ուղղակիորեն կապ չունեմ, չնայած մի անգամ հանդիպել եմ վարչապետին: Հայաստանում ՏՏ ոլորտում բացարձակ մրցակցություն չկա: Միակ ընկերությունը, որ ՏՏ ոլորտում իր ասելիքն ունի Հայաստանում, «Սինոփսիսն» է, որն, այսպես ասած` միայն աշխատողներ է պահում, դրամ է տալիս, աշխատեցնում եւ իր լավագույն մասնագետներին ուղարկում է Սիլիկոնային հովիտ: Վերջին տարիներին 7 հայ ինժեներներ իրենց ընտանիքներով տեղափոխվեցին Սիլիկոնային հովիտ: Ցավոք, այդ երեխաներն արդեն իրենց մայրենի լեզուն են մոռանում: Մինչ օրս Սիլիկոնային հովտում Հայաստանը ներկայացուցչություն չունի, թեեւ դրա համար փորձեր արվեցին: Մեր երկիրը պետք է հետաքրքրված լինի ուղեղների ներհոսքով, լավագույն մասնագետներին աշխատանքի հրավերներ անելով, մինչդեռ մեզանում այդ ամենի հակառակ պատկերն է: Տարեցտարի ուղեղների արտահոսքը Հայաստանից շատանում է: Մենք հրաշալի հայ մասնագետներ ունենք դրսում, որոնցից միայն մեկը վերադարձավ Հայաստան` այն էլ հսկայական դժվարություններով: Հարկային դաշտի առկայությունը հատկապես նոր ձեւավորված կամ, ինչպես ասում են` «ստարտ ափ», ընկերությունների դեպքում բավական զգալի է: «Ստարտ ափ» ընկերությունը գործունեության առաջին տարիներին բացառապես առանց շահույթի է աշխատում, եւ հարկային նման պարտավորություններն ուղղակի ստիպում են նույն ընկերությունը հիմնել ոչ թե Հայաստանում, այլ, ասենք, Սինգապուրում, Կորեայում, Իսրայելում, որտեղ կառավարությունները ցանկացած հարցում ընդառաջում են` անվճար տրամադրելով համապատասխան սարքավորումներ, 4 տարի ազատելով հարկային պարտավորություններից եւ այլն: Տարիներ առաջ գործնական առաջարկներով, փաստերով, գրություններով Հայաստան եկա` գրեցի այն ամենն, ինչ պետք է արվեր ՀՀ ՏՏ ոլորտը զարգացնելու համար: Ավելին` իմ առաջարկներին իրենց աջակցությունը հայտնեցին այլ երկրների լավագույն մասնագետները, նույնիսկ Սինգապուրից աջակցություն հայտնեցին: Իսկ մեր Կառավարությունն ուղղակի երես դարձրեց: Աբսուրդն այն է, երբ թերթերի մեջ գրում են, թե մենք ՏՏ բիզնես ռեսուրսներ ունենք: Թույլ տվեք ասել, որ մենք պարզապես չունենք այդ ամենը:
– Լավ, եթե չունենք` ինչո՞ւ ենք անընդհատ խոսում այդ ոլորտը զարգացնելու մասին:
– Հայաստանը հրաշալի ուղեղներ ունի: Երիտասարդներ կան, որոնք հիմնավոր գիտելիքներ ունեն այս ոլորտում, բայց դրա կիրառման համար նախատեսված սարքավորումներն են բացակայում: Համալսարաններում մասնագետներ են պատրաստվում` առանց ժամանակակից համապատասխան լաբորատորիաներ ունենալու: Այն, ինչ էլ կա համալսարաններում, Խորհրդային Միության ժառանգությունն է: Այս ոլորտի զարգացումը պետք է սկսվի հենց համալսարաններից: Իհարկե, դա պայմանավորված է հսկայական գումարներով: Հայաստանի աշակերտների IQ-ն, հմտություններն ու գիտելիքներն ավելին են, քան այլ երկրներում: Սակայն, ինչպես արդեն նշեցի, դրսեւորման միջոցներ չկան: Ամերիկյան հայտնի համալսարաններում ուսանողը նախեւառաջ սովորում է անկախ մտածել եւ, ավարտելուց հետո, անկախ աշխատել, իր ուղին ընտրել ՏՏ ոլորտում: Ամերիկայում դա քաջալերում են:
– Բայց Հայաստանում համակարգչային մասնագետները կամ, ինչպես ընդունված է մեզանում` ծրագրավորող մասնագետները, մեծ պահանջարկ ունեն:
– Գիտեք, երբ «ծրագրավորող» բառն եմ լսում, իսկապես նեղանում եմ: Ծրագրավորումը գիտական ճյուղ չէ, դա արվեստ է: Ռադիոֆիզիկայի մասնագետները մեծամասամբ այլընտրանք չունենալով` ստիպված ծրագրավորող են դառնում: Անշուշտ, ծրագրավորման ոլորտը եկամտաբեր է, բայց գիտնականներն այլեւս կորչում են այդտեղ: Հայաստանում հաճախ հրաժարվում են գիտությունից, որովհետեւ այն, մեղմ ասած` ոչ եկամտաբեր է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար երկիրը պետք է արտադրող լինի: Լիտվայի, Էստոնիայի պես փոքր երկրներն իրենց սեփական արտադրությունն ունեն, մինչդեռ մենք արտադրություն չունենք: Ի՞նչ ենք արտադրում:
– Իսկ Դուք նորամուծություններ ունե՞ք ՏՏ ոլորտում:
– Մենք աշխատում ենք ՏՏ համակարգերի վրա: Օրինակ, հեռախոսը, որ թվում է` պարզ կառուցվածք ունի, իրականում ունի բավական բարդ կառուցվածք` ալգորիթմներ, պլատա եւ այլն: Այդ ամենը համադրելով, ծրագրավորելով եւ մեկ ընդհանուր համակարգի բերելով` մտնում է արտադրության ոլորտ: Կարեւոր նախապայման է արտադրած համակարգը մրցակցության ասպարեզ բերելը: Այդ իմաստով, ցավոք, թերահավատ մոտեցում կա մեր երկրում` մտածելով, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է Ամերիկայի պես երկրի հետ մրցել: Մենք ստեղծեցինք հեռավոր անթելային հաղորդակցության ռադիոներ, որոնք շուտով արտադրության մեջ կլինեն: Եթե մեր բջջային հեռախոսներն ունեն` մինչեւ 3 կմ, ապա մեր պատրաստած ռադիոներն ունեն մինչեւ 100 կմ հեռավորության վրա խոսելու հնարավորություն: Իհարկե, չեմ կարող ասել, թե ինչպես ենք պատրաստել, որովհետեւ այդ ամենը գիտություն է: Ահա հենց դա է IP-ն: Դժբախտաբար, մեր նորամուծության վրա չկարողացանք գրել` «Պատրաստված է Հայաստանում»` հաշվի առնելով հարկային մեծ տուրքերը:
– Իսկ Սիլիկոնային հովտում հարկային պարտավորություններ չունե՞ք:
– Իհարկե, ամեն տեղ էլ հարկային պարտավորություններ կան, բայց Հայաստանում այն ահռելի չափերի է հասնում: Եթե Սիլիկոնային հովտում նոր ընկերություն հիմնելու համար չնչին գումար է պետք, ապա Հայաստանում այն պայմանավորված է հսկայական ֆինանսներով: Հայաստանում մեր ընկերության մասնաճյուղը դեռ չհիմնած` այնպիսի հսկայական գումարներ են պահանջում, ավելին` հարկային մարմինները նախապես պահանջում են նաեւ 3 ամսվա կանխավճար: Այս իրավիճակը բնութագրում է անգլիական ասացվածքը` մեկ դրամ շահելու համար 1 միլիոն կորցնում ենք: Այլ կերպ ասած` կամ հայրենասեր, կամ էլ խենթ պետք է լինել այս պայմաններում աշխատելու համար: Իհարկե, այս մասին չեմ գանգատվում օտարերկրացիների մոտ, բայց սա է իրականությունը: Շատ դրամ ունեցող գործարարը Հայաստան չի գա, քանի որ իր գործը չի հաջողի: Եթե պետությունն առանց սուտ խոսելու, առանց չափազանցնելու` իր ջանքերն ուղղի վերքերի դարմանմանը, ՏՏ ոլորտն իրապես զարգացնելուն, ապա գուցե 5 տարի անց կարելի է նկատել որոշակի տեղաշարժեր:
– Այսինքն` ժամանակն է ինքնախաբեությամբ չզբաղվելու:
– Զարմանալի է, երբ ասում են, թե Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատող 100 ընկերություն ունենք: Դրանք կոչվում են քոնսալտ ընկերություններ, որոնք դրսից ապրանք են առնում: Մենք դեռ պետք է բարելավենք մեր ինտերնետային կապի որակը: Հայաստանն ամենաթանկ ու ամենադանդաղ ինտերնետային կապն ունի տարածաշրջանում: Մենք ունենք հսկայական սփյուռք, որին պետք է հրապուրել: Կառավարությունը պետք է ուղղակի հրապուրի մեր լավագույն մասնագետներին, որոնք դրսում են: Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն ՏՏ, այլեւ մյուս ոլորտներին: Ես, իսկապես, մեծ ցանկություն ունեի, որ մեր պատրաստած անթել ռադիոների վրա նշվեր «Պատրաստված է Հայաստանում» արտահայտությունը: Ընդ որում` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն իրենց ռազմական օդանավերի համար արդեն գնել է մեր ընկերության պատրաստած անթել հաղորդակցության ռադիոները: Աշխարհում դա միակ համակարգն է, որը կարող է ապահովել 100 կմ հաղորդակցություն: Մյուս համակարգերը հաղորդակցությունն ապահովում են առավելագույնը 40 կմ հեռավորության վրա: Ես մտահոգ եմ մեր երկրի ճակատագրով, եւ կցանկանայի, որ հենց մեր երկիրն այդ համակարգը գներ: Նոյեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հանդիպեցի: Նա ուշադիր, քաղաքավարի կարող է լսել, կարող ես անգամ սուրճ խմել նրանց հետ, բայց դրանից որեւէ բան չի փոխվում: