Սպիտակում պետք է ձիով երթեւեկել

26/05/2011

Թեեւ ՀՀ կառավարությունն ամեն տարի աղետի գոտու վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին հայտարարություններ է անում, այդուհանդերձ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անգամ փողոցների վերականգնման աշխատանքներն ընթանում են մի շարք թերություններով: Բնակարանաշինության վերաբերյալ սպիտակցիների դժգոհություններից բացի, կա նաեւ փողոցների անանցանելիության խնդիր: Սպիտակ քաղաքի մի շարք թաղամասերում մեքենա ունեցող վարորդները ստիպված են լինում երթեւեկությունից հետո հրաժեշտ տալ մեքենաներին: Օրինակ` Սպիտակի Այգեստան կոչվող թաղամասի նրբանցքներ հասնելու համար ոչ թե անհրաժեշտ է ավտոմեքենա, այլեւ` ձի: Բանն այն է, որ թեեւ անցյալ տարի Այգեստան փողոցում ասֆալտապատում է իրականացվել, այդուհանդերձ, անորակ ասֆալտով փակված փոսերն այս տարի վերածվել են անդունդների. «Դուք նայեք, փող են ծախսել, ասֆալտ են արել, բայց մի տարի չի գոյատեւել էս ասֆալտը: Սա անհանդուրժելի մի բան ա, մեքենա պահելն էստեղ ահավոր վտանգավոր ա, որովհետեւ մի քանի օրից ավելի չես կարող քշել, պիտի տանես «վիրահատարան»,- ասում են թաղամասի բնակիչները: Ի դեպ, նույն թաղամասի 2-րդ նրբանցքում է գտնվում Սպիտակ քաղաքի թիվ 4-րդ դպրոցը, որտեղ աշնանն ու ձմռանը կարելի է ահավոր տեսարանի ականատես լինել: Աշակերտների ծնողները դժգոհում են` ասելով, որ ստիպված են լինում երեխաներին ռեզինե «սապոգներով» ուղարկել դպրոց, հակառակ դեպքում` նրանք չեն կարող մինչեւ ծնկները ցեխի մեջ թաղված վիճակում նստել դասերին: «Ստեղից, ընդեղից փողեր են պոկում, իբր աղետի գոտու հարց են լուծում, բայց տեսե՛ք, թե ոնց: Սա փողո՞ց ա, սա ասֆալտապատո՞ւմ ա: Թող մեր ղեկավարներն իրենց թանկարժեք մեքենաներով մի օր գան ու էս փողոցներով անցնեն, տեսնենք, թե ոնց կզգան իրենց, կամ իրենց մեքենաները կկարողանա՞ն փրկել էս անդունդներից: Թող կամ չսարքեն ու ասեն` չենք սարքել, կամ էլ` մարդավարի սարքեն, էս ի՞նչ վիճակ ա»,- արդարացիորեն դժգոհում էին Սպիտակի բնակիչները: