Սահմանադրության դառը կորիզը

05/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի իշխանություններին ժողովրդավար լինելու, Ղարաբաղյան հիմնախնդրին հայանպաստ լուծում տալու, երկիրը զարգացնելու եւ նմանատիպ այլ խնդիրներ լուծելու ճանապարհին միակ խոչընդոտը, պարզվում է, ՀՀ գործող Սահմանադրությունն է: Իսկ հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանը կդառնա «երկիր դրախտավայր»:

Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստեղծվեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի ու ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի՝ երեկ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ հանդիպումից հետո: Իսկ ուսանողները որքանո՞վ են ծանոթ հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխությունների նախագծին: Երեկ մեր այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հանդիպմանը եկած ուսանողներից: Նկատենք, որ չնայած հայրենի հեռուստաեթերը առավոտից երեկո հեղեղված է «այո»-ի քարոզչական նյութերով, հասարակության զգալի մասը, սակայն, դեռեւս լիարժեքորեն տեղյակ չէ սահմանադրական փոփոխությունների նախագծին: Եվ այդ պատճառով, հարցված ուսանողների մեծամասնությունը դեռ չէր հստակեցրել իր դիրքորոշումը: «Չեմ կարող ասել, թե ամբողջովին ծանոթ եմ այդ նախագծին: Դե, իշխանության ներկայացուցիչներն իրենք խոսում են միայն դրական կետերի մասին, ոնց որ թե նախագծի մեջ ոչ մի բացասական բան չկա»,- ասում է 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը: Տաթեւիկի ընկերուհին՝ Լիանա Կարֆելյանն էլ ավելացնում է. «Այս բուկլետում 10 հարց է ներկայացված, կարդացի, տասը հարցն էլ բոլորն էլ դրական են, իսկ բացասականի մասին ոչ մի խոսք չկա»: Նախագծի թերություններին ուսանողները կարող են ծանոթանալ՝ ունկնդրելով ընդդիմության ելույթները: Բայց Լիանան գտնում է, որ ընդդիմության ասածներն էլ չարժե հալած յուղի տեղ դնել: «Ընդդիմությանն էլ միանշանակ վստահելը սխալ է, իրենք էլ ուզում են իրենց կարծիքը պնդել, ավելի լավ է, մենք ինքներս կարդանք, ծանոթանանք»,- ասում է նա: «Ինձ թվում է, որ իրենք իրենցն անելու են, կարծում եմ, պետք է մարդկանց կարծիքն էլ մի փոքր հաշվի առնեն»,- ընկերուհուն լրացնում է Տաթեւիկը: Զրուցակիցներիցս ոչ ոք ամբողջովին դեռ չէր կարդացել ու ծանոթացել նախագծին: Իսկ նմանատիպ հանդիպումները բավակա՞ն են ուսանողների համար, որպեսզի սահմանադրության նախագծի շուրջ կարծիք ձեւավորեն: «Ամեն դեպքում դրանք որոշ քայլեր են, որ կարող են օգուտ տալ: Այս ոճի միջոցառումներն ահագին օգուտ են: Մի քիչ էլ մեզանից է կախված, որ հետաքրքրվենք, ծանոթանանք»,- ասում է 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Խուդավերդյանը:

Չնայած ուսանողների այս հավաստիացումներին, դահլիճի մթնոլորտից զգացվում էր, որ խորհրդարանական այրերի հետ նրանք պարտադրված են եկել հանդիպման: Երբ Տիգրան Թորոսյանն ու Արմեն Ռուստամյանն ավարտեցին իրենց ներածական խոսքը, դահլիճը սկսեց կամաց-կամաց դատարկվել: Ուսանողների արտահոսքը կանխելու համար անմիջապես գործի անցան Տնտեսագիտական ինստիտուտի ուսխորհրդի անդամները (նրանցից շատերի կոստյումներին շողշողում էր ՀՀԿ-ի զինանշանը): Եվ սաստող հայացքներով «դասալիքներին» վերադարձրին իրենց տեղերն ու ընդհանրապես փակեցին դռները: Հետո հնչեցին մի քանի հարցեր՝ իրենց ստանդարտ պատասխաններով:

Իսկ հանուն ինչի՞ պետք է այսօր հայ հասարակությունը գնա ու «այո» ասի սահմանադրական բարեփոխումներին: «Ներկայիս Սահմանադրությունը ժամանակին իր դերակատարությունն ունեցել է, պարզապես այսօր այն կաշկանդում է երկրի հետագա զարգացմանը»,- հայտարարեց Տիգրան Թորոսյանն ու ուսանողներին բացատրեց, թե ինչ լավ բան է Եվրոպական ընտանիքի անդամ լինելը: Իսկ հայերիս Եվրոպական ընտանիքի անդամ լինել թույլ կտա սահմանադրական փոփոխությունների ընդունումը:

«ՀՀ գործող սահմանադրության սաղմերն արատավոր են: Այն դառը կորիզ ունի, եւ հիմա այդ դառնությունը պետք է հանենք, մենք հիմա նման խնդիր ունենք»,- ՀՀՇ-ի օրոք ընդունված Սահմանադրությունն այսպես որակեց դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Իհարկե, երեկվա հանդիպման ժամանակ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները չմոռացան նաեւ ընդդիմությանը: «Այս պարագայում եւ այս փուլում համոզված եմ, որ խնդիրը քաղաքական հարթություն չպետք է տեղափոխվի, քանի որ մենք ունենք բոլոր միջազգային հեղինակավոր կառույցների ակնհայտորեն դրական գնահատականը եւ որեւէ մեկը չունի լուրջ փաստարկում նախագծի թերությունների հետ կապված: Ու այդ պարագայում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների հարթություն տեղափոխել հարցը, կարծում եմ, հարիր չէ մեր երկրի ու հասարակության համար: Ի՞նչ կապ ունի այստեղ ընդդիմությունն ու իշխանությունը»,- հայտարարեց Տիգրան Թորոսյանն՝ ընդդիմությանը հիշեցնելով, որ միգուցե 2007 կամ 2008 թվականին նրանք գան իշխանության: Եվ այդ պարագայում նրանց էլ է ձեռնտու, որ լավ Սահմանադրություն ունենան: Իսկ դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ ճիշտ չի համարում սահմանադրական փոփոխությունների նախագիծը համարել միայն կոալիցիայինը, քանի որ դրա վրա ահագին աշխատանք են տարել նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: Ավելին, Արմեն Ռուստամյանը դժգոհեց, որ ընդդիմության առաջարկներն ավելի են հաշվի առնված, քան, օրինակ՝ ՀՅԴ-ինը: «Հանրաքվեի տապալման դեպքում երկրի հետագա ճակատագրի համար որքան «այո» քարոզողներն են պատասխանատու, նույնքան էլ պատասխանատու են ոչ քարոզողները»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով, որ հանրաքվեի ձախողման դեպքում պարտադիր չէ, որ իշխանությունները հրաժարական տան: