«Բացառիկ, գերակա հանրային շահ»

26/05/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեկ վաղ առավոտյան քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ընտանիքին պատկանող հողատարածքում (Նալբանդյան 104) հայտարարված էր «Չուբար» քանդակների այգու բացումը: Սակայն դա զուտ մշակութային իրադարձություն չէր, այլ` յուրահատուկ դեմո-ակցիա, որին մասնակցում էին տարբեր իրավապաշտպան, բնապահպան կազմակերպություններն ու Երեւանի ճակատագրով մտահոգ մարդիկ: Քանդակների այգու բացման գաղափարը լավ պատրվակ էր` հանրությանը ցուցադրելու համար, թե ինչպես են Երեւանից կամացուկ ջնջվում կանաչապատ բակային տարածքներն ու անհետանում քաղաքային մշակույթը (այդ հասկացության ամենալայն իմաստով)` տեղ բացելով կոմերցիոն մի նախագծի համար, որը մեր իշխանություններն անվանում են «բացառիկ` գերակա հանրային շահ»: Պարզ ասած` շահը տարածքն է, իսկ հանրային գործոնը` բազմահարկ բնակարանային համալիրը, որը որպես հերթական «հրեշավոր» կառույց` պետք է վեր խոյանա Երեւանի կենտրոնում: Իսկ վեր խոյանալու դեպքում` ապացուցի, որ քաղաքի տերը բնավ էլ հանրությունը չէ, այլ կամայականորեն քաղաքը վերաձեւել ցանկացող անձինք:

Սակայն այս դեպքում` պատկերը մի քիչ այլ էր, քանի որ Չուբարյանների ընտանիքին պատկանող տարածքը բուլդոզերներով «մաքրելու» ու ապագա «էլիտարի» համար տեղ բացելու որոշման դեմ դուրս եկավ Երեւանի էլիտան (իսկ ավելի ստույգ` երեւանցիների այն խումբը, որը «վերնախավ» կոչվելու բարոյական իրավունք ունի): Չէ՞ որ, եթե Երեւանին նայում ես ոչ թե որպես նորեկ (կամ նապոլեոնական նպատակներ ունեցող «նուվորիշ»), այլ ժառանգորեն ես կապված քո պապերի ջանքերով կառուցած քաղաքի հետ, ապա երբեք թույլ չես տա, որ քանդվի պատմությունը: Մանավանդ այն դեպքում, երբ պատմությունը «անտիկվար» համարվող ստեղծագործական մթնոլորտն է, մարդկային ներուժի հետքերը, որոնք պահպանվել են խնամքի կարիք ունեցող այգու, քանդակների, մարդկային հարաբերությունների, անգամ ծառերի մեջ:

«Չուբար» քանդակների այգին իրականում թանգարանային նմուշ է, որը միաժամանակ շատ իրական ու վերացական է, քանի որ նրա գլխավոր ցուցանմուշն օդն է, միջավայրն ու հուշը, որոնք, ի դեպ` հեշտությամբ վերածվում են վաճառքի ենթակա քառակուսի մետրերի: Եվ հենց այս կետից էլ բոլորովին այլ պատմություն է սկսվում:

Դեռ անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշել էր, որ Նալբանդյան 104 հասցեում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքին հարող տարածքը (ավտոտնակներով, ցախանոցներով, այգով), ինչպես նաեւ` Նալբանդյան 106/1 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզն ու մանկական խաղահրապարակը շրջապատող բակային տարածքը պետք է իրենց տեղը զիջեին 16-հարկանի բազմաբնակարանային շենքի: Փաստաթղթերում այն նշվում է` որպես «բազմաֆունկցիոնալ կառույց` իր ստորգետնյա ավտոկայանատեղիով»: Մանկապարտեզն արդեն չկա, ինչպես նաեւ` չկան շենքերի բակում ապրող հաստաբուն ծառերն ու խաղողի որթերը, արդեն փորվել է հիմնափոսը, սակայն հարակից տարածքները քանդելու մտադրությունը որոշակի բարդություններ է առաջացրել, քանի որ պարզվել է, որ չկա ոչ միայն հաստատված շինարարական նախագիծ, այլեւ` չկան սեփականատերերի հետ կնքված փոխհատուցման պայմանագրեր:

2010 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը որոշել է. «Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: «Կենտրոն» վարչական շրջանի համաձայնեցված գոտիավորման նախագծով եւ դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգով տվյալ թաղամասի համար նախատեսված է բակային տարածքներում գտնվող մանկապարտեզի եւ խարխուլ շինությունների իրացում` տեղում նոր բազմահարկ շենքի եւ ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցմամբ»: Սույն որոշման մեջ նշվում է, որ այսպիսով կվերականգնվի բակային տարածքը, կկանաչապատվի շրջակայքը, կկառուցվեն խաղահրապարակներ: Եվ այդ ամենը կարվի նոր սեփականատերի գումարներով, ինչը թույլ է տալիս մեր կառավարությանը պնդել` բակերը կբարեկարգվեն, իսկ պետությունը կտնտեսի բյուջետային միջոցները: Ուշագրավն այն է, որ եթե Երեւանի այդ գողտրիկ ու հանգիստ հատվածում կառուցվելու է 16-հարկանի շենք եւ կատարվելու են ստորգետնյա ծավալուն աշխատանքներ, ապա բարեկարգելու ու կանաչապատելու տեղ պարզապես չի մնա:

Նալբանդյան 104 շենքի բնակիչներն, օրինակ, մտահոգված են այն փաստով, որ իրացման գոտին իրենց շենքից գտնվում է ընդամենը 1,5 մետր հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ հսկա «բազմաֆունկցիոնալ» կառույցը ոչ միայն կփակի իրենց բնակարաններ ներթափանցող արեւի ճամփան, այլեւ` իրենց կկանգնեցնի լրջագույն սեյսմիկ վտանգի առջեւ: Բոլոր բնակիչները վստահ են, որ վաղ թե ուշ (թերեւս` շատ վաղ) հերթը կհասնի նաեւ իրենց բնակարաններին, որոնք կհամարվեն վթարային եւ պարզապես կքանդվեն: «Մենք կարծես կատարում ենք Լաչինի նրբանցքի դերը, որը կառուցվող բազմահարկի տերերը դեպի Նալբանդյան փողոց դուրս գալու միջանցք են համարում: Եվ պարզից էլ պարզ է, որ նրանք նաեւ այդ միջանցքը յուրացնելու նպատակ ունեն»,- նեղսրտեց բնակիչներից մեկը: Հարկ է նշել նաեւ, որ շենքի բնակիչները կարող են իրենց բնակարաններ մուտք գործել միայն բակից, այսինքն` հենց իրացվող հողատարածքի սահմանագծից: Իսկ Չուբարյանների ընտանիքն ընդհանրապես հայտնվում է ուղիղ այդ գծի վրա, քանի որ ներբակային տարածքը նաեւ նրանց տան մուտքն է:

Ընդհանրապես այս պատմությունը լի է չհստակեցված, խճճված, նաեւ` անօրեն որոշումներով: Կարծես աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը: Նշված տարածքում, օրինակ, խարխուլ շենքեր պարզապես չկան: Միակ շենքը մանկապարտեզի եւ դրա մասը կազմող լողավազանի շենքն է, որը 30 տարի շարունակ համարվել է օրինակելի ու ինչպես ընդունված է ասել` էլիտար մանկապարտեզ: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ 2005 թվականին արգելվել է պետության բալանսից օտարել նախադպրոցական հաստատությունները, ապա պարզ է դառնում, որ թիվ 1 մանկապարտեզը քանդելու որոշումը հակասում է օրենքին: Եվ այս պարագայում շատ տարօրինակ դերակատարություն է ստանձնում ՀՀ ոստիկանությունը, քանի որ թիվ 1 մանկապարտեզը պատկանում էր այդ գերատեսչությանը:

Կան ավելի լուրջ օրենսդրական խախտումներ: ՀՀ կառավարության որոշմամբ` «գործադիրը Երեւանի քաղաքապետին լիազորել է պետության անունից «Ավագշին» ՍՊԸ հետ կնքել նշված տարածքում գտնվող սեփականատերերին եւ պետությանը պատկանող հողամասերի եւ դրանց վրա գտնվող անշարժ գույքի օտարման պայմանագիր»: Սակայն ոչ մի պայմանագիր մինչ այսօր կնքված չէ: Նալբանդյան 104 շենքի բնակիչները տարակուսած են, քանի որ նրանցից ոչ մեկի հետ իրենց սեփականությունը օտարելու մասին պայմանագիր չի կնքվել: Յուրի Հովսեփյանն, օրինակ, նշում է, որ իրեն պատկանող ավտոտնակը որոշվել է քանդել, սակայն ինքն այդ մասին միայն մի քանի օր առաջ է տեղեկացել: «Մեզ բոլորիս փաստի առջեւ են կանգնեցնում ու չեն էլ նշում փոխհատուցման մասին»,- ասաց նա:

Կան նաեւ տարօրինակ փաստեր. «Ավագշինին» տրվել է ոչ թե կառուցապատելու, այլ ընդամենը քանդելու թույլտվություն, ինչը ենթադրում է, որ կառուցվող «բազմաֆունկցիոնալ կառույցն ու ստորգետնյա կայանատեղին» դեռ հաստատված չեն Երեւանի գոտիավորման ծրագրում: Եվ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե կառուցելու ծրագիր դեռ չկա, ապա քանդման թույլտվությունն անօրինական է:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով կտրականապես դեմ է նմանօրինակ քանդման սխեմային, նշում է, որ Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր ունի կառուցապատողի հետ, սակայն չի շտապում պայմանագրեր կնքել բնակիչների հետ: «Դա պարզապես հանցագործություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կառուցապատման ծրագիրը հաստատված չէ: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է տարածքն օտարել մի կազմակերպության, որը շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չունի»,- ասաց նա եւ ավելացրեց, որ բոլոր բնակիչների եւ հատկապես Չուբարյանների ընտանիքի համար լավագույն ելքը կլինի դատարանին դիմելը, քանի որ բոլոր փաստաթղթերը վկայում են այն մասին, որ բակն ու այգին նրանց սեփականությունն են: Մինչդեռ արդեն մի քանի անգամ Չուբարյանների ընտանիքին զգուշացվել է, որ գալու են բակ եւ քանդելու են այն: Լավության կարգով նույնիսկ խորհուրդ են տվել նրանց` ազատել բակն ավելորդ քանդակներից:

Ի դեպ` «Ավագշինի» ներկայացուցիչները դա արել են այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը մայիսի 18-ին որոշում է ընդունել` ստեղծել հատուկ միջգերատեսչական հանձնաժողով` խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու համար: Այսինքն` ստացվում է, որ կառավարությունը կասեցրել է քանդման պրոցեսը, իսկ քանդողներին այդ մասին տեղյակ չի՞ պահել:

Վերադառնալով Չուբարյանների ընտանիքին, հարկ է նշել, որ իրենց տունն արդեն 90-ամյա պատմություն ունի: Հայաստանի առաջին Սահմանադրության հեղինակ, իրավագետ, հետագայում` նաեւ Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանն անձամբ (ոսկով վճարելով) գնել է Նալբանդյան փողոցի վրա գտնվող հողատարածքը, առանձնատուն կառուցել ու ծառեր տնկել բակում: Ի դեպ` հողատարածքի գնման փաստաթղթերը պահպանված են ոչ միայն ընտանիքի անդամների մոտ, այլեւ պետական արխիվներում: Սակայն, երբ խորհրդային իշխանությունները 1937 թվականին Գ.Չուբարյանին որպես «ազգի դավաճան» աքսորեցին, նրանց սեփականության զգալի մասը կոնֆիսկացվեց եւ պետական կամքի համաձայն` որոշվեց այդ վայրում մանկապարտեզ կառուցել: Իսկ առանձնատունը համալրվեց եւս 2 հարկով, սակայն ընտանիքին պատկանող ներբակային հատվածը տասնամյակներ շարունակ հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ղուկաս Չուբարյանին ծառայում էր որպես արվեստանոց: Ղ.Չուբարյանի դուստրը` Անուշ Չուբարյանը, պատմում է, որ արդեն տեւական ժամանակ է` փորձ էր արվում բակային հատվածը պաշտոնապես ձեւակերպել որպես բացօթյա արվեստի կենտրոն, որի մուտքն ազատ կլինի բոլոր երիտասարդ ստեղծագործողների համար: Անգամ Նկարիչների միությունն էր այդ գաղափարով դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը, բայց այդ գաղափարը իշխանությունների հավանությանը չարժանացավ: Սակայն բախտի տաօրինակ զուգադիպությամբ` մշակութային կենտրոնն ինքնաբուխ ստեղծվեց: Համենայնդեպս, այս օրերին Նալբանդյան 104 շենքի բակը դարձել է իրական կենտրոն, ուր մարդիկ գալիս են զրուցելու, քննարկելու ու փորձելու օրինական ճանապարհներով պահպանել քաղաքի այս յուրահատուկ բեկորը:

Անուշ Չուբարյանը նշում է, որ այս ողջ պատմությունը դրդում է իրեն լրջորեն զբաղվել ոչ միայն տան ճակատագրով, այլեւ` հեղինակային իրավունքների պաշտպանությամբ: Ղուկաս Չուբարյանի հայտնի քանդակները` Մատենադարանի առջեւ տեղադրված Մեսրոպ Մաշտոցի, Մխիթար Գոշի, ինչպես նաեւ` մեր գլխավոր գրապահոցում պահվող Գրիգոր Նարեկացու քանդակները շատ հաճախ տարբեր կազմակերպություններ օգտագործում են առեւտրային նպատակներով` դրա դիմաց չվճարելով ժառանգներին:

Ի դեպ` արվեստի, մշակույթի, մարդկանց ճակատագրի եւ քաղաքի դիմանկարի հետ առնչվող այս դրաման նաեւ զավեշտալի կողմ ունի: Երբ 3 տարի առաջ (Ղուկաս Չուբարյանի մահից հետո) Ա.Չուբարյանը փորձեց վերաձեւակերպել փաստաթղթերը, պարզվեց, որ այդ չարաբաստիկ հասցեն` Նալբանդյան 104-ը, Ազգային Անվտանգության ծառայության հասցեն է: Ստացվում է, որ տարիներ շարունակ ԱԱԾ ու քանդակագործի տունը նույն հասցեն են ունեցել: Ինչը, թերեւս, շատ սիմվոլիկ է. անվտանգությունը (եւ ազգային, եւ վերազգային) սկսվում է արվեստի մարդկանց տարբեր վտանգներից զերծ պահելու մղումից:

Հ.Գ.
Երեւանն արդեն նոր գլխավոր ճարտարապետ ունի: Ու թեեւ Նարեկ Սարգսյանին դժվար է նոր պաշտոնյա անվանել, քանի որ նա արդեն երկրորդ անգամ է նույն գետը մուտք գործում, սակայն զարմանալի զուգադիպությամբ` հենց նրա նշանակման հետ են զուգակցվում Երեւանի կենտրոնի շտապ ու անհասկանալի քանդում-ձեւափոխումները: