«Կորել եւ գտնվել է Հայաստանում»

26/05/2011

2011թ. մարտին` ԱՄՆ-ում «Red Tie» Կինոստուդիայի կողմից սկսվել են «Կորել եւ գտնվել է Հայաստանում» կատակերգության նկարահանումները: Ամռանն արդեն կսկսվեն ֆիլմի նկարահանումները` Հայաստանում: Ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերերում են Ջեյմի Քենեդին եւ Անժելա Սարաֆյանը: Ռեժիսորն է ամերիկահայ Գոռ Կիրակոսյանը, որի առաջին լիամետրաժ ֆիլմը կոչվում էր` «Մեծ պատմություն` փոքր քաղաքում»: Ֆիլմի պրոդյուսերներն են` Վալերի Մաքքեֆրին եւ Մարալ Ջերեջյանը: «Red Tie»-ը Լոս Անջելեսում հիմնադրված անկախ կինոստուդիա է, եւ «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ֆիլմն այդ կինոստուդիայի երկլեզու առաջին լիամետրաժ ֆիլմն է: Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ֆիլմի ռեժիսոր Գ. Կիրակոսյանը համառոտ ներկայացրել է կատակերգության սյուժեն:

«Ամերիկացի մի երիտասարդ իր ընկերների հետ հանգստանում է Թուրքիայում: Սակայն նա ինքնակամ չի եկել հանգստանալու` նրան ընկերներն են բերել, որպեսզի ինչ-որ կերպ մոռանա իր տխրությունը. երիտասարդի ընկերուհին նրան լքել եւ թողել է խորը դեպրեսիայի մեջ: Ընկերները որոշում են նրան զվարճացնելու նպատակով մոտորանավակ նստեցնել եւ անկարգելով («պարաշյուտ») օդ բարձրացնել: Երբ երիտասարդը «ինքնամոռաց սավառնում» է, հանկարծակի պոկվում է անկարգելը մոտորանավին կապող պարանը, եւ նա հայտնվում է օդում: Երկար-բարակ օդում ճախրելուց հետո նա տեսնում է, որ իր վրա է թռչում փոքրիկ մի ինքնաթիռ: Անկարգելի պարանը փաթաթվում է ինքնաթիռի անիվին, եւ մեր հերոսը ուշագնաց է լինում: Ուշքի է գալիս մի գոմի մեջ, որը, պարզվում է, գտնվում է Հայաստանում: Գոմից դուրս գալով` հանդիպում է գյուղացիներին եւ կարծելով, որ դեռեւս Թուրքիայում է, սկսում է խոսել թուրքերեն: Գյուղացիներն իրենց հերթին ենթադրում են, որ երիտասարդը թուրք լրտես է, ով Հայաստան է եկել անկարգելով: Այսպես սկսվում է ֆիլմը, որում խոսում են եւ՛ հայերեն, եւ՛ անգլերեն»: Մեր կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչո՞ւ են որոշել հերոսի ծանոթությունը Հայաստանի հետ սկսել գոմից, Գոռը պատասխանեց. «Բնականաբար, որեւէ լուրջ միտում պետք չէ այստեղ դիտարկել: Պարզապես ընտրել ենք մի փափուկ վայր, որտեղ կարող էր վայրէջք կատարել մեր հերոսը»: Ֆիլմի պրոդյուսերները մտադիր են այս ֆիլմը ներկայացնել նաեւ Կաննի փառատոնին: Նրանք նշում են, որ կատակերգության լեզվով շատ անգամ հասկանալի են դառնում անգամ ամենալուրջ թեմաները: Սակայն նշեցին, որ պետք չէ այստեղ տեսնել հայ-թուրքական հարաբերությունների լուծում: «Այս ֆիլմը միայն ռոմանտիկ կատակերգություն է, որը գալիս է ասելու, որ անգամ նա, ում սխալմամբ թշնամիդ ես համարում, կարող է դառնալ հարազատ մարդ»,- նշում է Գ. Կիրակոսյանը: