Երբ գրեթե երկու տարի առաջ երգչուհի Արմինկան լույս աշխարհ բերեց իր որդուն` Ալեքսին, շատերը ցանկություն հայտնեցին տեսնելու երգչուհու որդուն` հատկապես ամսագրերի խմբագիրները: Ալեքսի ծնունդից արդեն երկու տարի է անցել, սակայն նրա լուսանկարն այդպես էլ ոչ մի ամսագրի շապիկին չի հայտնվել` ի շնորհիվ Արմինկայի մայրական բնազդի:
– Ծննդաբերությունից հետո բավական արագ նիհարեցիր եւ կարծես թե նիհարելուդ ընթացքը դեռ շարունակվում է:
– Հղիության ընթացքում շատ չէի գիրացել եւ ծննդաբերությունից հետո արագ վերականգնեցի իմ նախկին «չափսերը»: Իրականում ես ոչինչ չեմ արել` պարզապես գեներիս շնորհիվ արագ նիհարեցի: Ասեմ ավելին` հիմա շատ ինտենսիվ նիհարում եմ եւ դրա դեմ եւս ոչինչ անել չեմ կարողանում:
– Տեսակով շուտ նյարդայնացո՞ղ ես:
– Չեմ կարծում: Եթե ասեմ, որ աշխատանքային ռիթմն է պատճառը` կստեմ, քանի որ հիմա ավելի քիչ եմ շրջագայում, ավելի քիչ եմ մասնակցում համերգային տարբեր միջոցառումների, քան` նախքան որդուս ծնվելը: Այժմ կշռում եմ 45 կգ, ինչ իմ տարիքում, չեմ ուզում ասել, թե շատ մեծ եմ, բայց նորմալ չէ: Լավ սնվում եմ, պարզապես կրկնակի էներգիա եմ վատնում:
– Շուտով որդիդ` Ալեքսը, կդառնա երկու տարեկան: Դեռ շարունակո՞ւմ ես թաքցնել նրան լրագրողների ֆոտոխցիկներից:
– Երեխային չէի ուզում ցույց տալ հանրությանը, երբ նա դեռ մի քանի ամսական էր: Միշտ զարմացել եմ այն ծնողների, հատկապես` տարբեր բնագավառներում համաշխարհային ճանաչում ունեցող ծնողների վրա, որոնք թույլ են տալիս իրենց երեխային ամսագրերի շապիկների համար լուսանկարել, երբ փոքրիկը դեռ մի քանի օրական է: Մայրական բնազդն ինձ թույլ չի տվել, որ Ալեքսիս լուսանկարեն: Երեխայիս չեմ թաքցրել, այլ պարզապես ցույց չեմ տվել հանրությանը: Երեխան ինձ համար ամենաանպաշտպան էակն է, որին պետք է միշտ փայփայել եւ պաշտպանել: Այժմ այդպիսի խնդիր չկա, քանի որ երեխայի մոտ խոցելի շրջանն արդեն անցյալում է:
– Ամսագրերից երեխային լուսանկարելու առաջարկներ շա՞տ են եղել:
– Նույնիսկ չափից շատ են եղել: Երբ երեխան դեռ նոր էր ծնվել, եւ մենք ԱՄՆ-ում էինք, ինձ անգամ այնտեղ էին զանգահարում` երեխային լուսանկարելու առաջարկներով: Ամեն ամսագիր ցանկանում էր, որ երեխայի լուսանկարն առաջինն իր շապիկին լինի: Ամենալավ մերժելու տարբերակը տվյալ ամսագրին ասելն էր, որ ֆոտոսեսիան հնարավոր է միայն կոնկրետ գումարի դիմաց: Այդպիսով ցանկանում էի արտիստի հետ համագործակցելու մշակույթ մտցնել, որն այդպես էլ չանցավ մեր երկրում: Վերջին հաշվով, այդ նկարահանումն իրականացնելու համար մի ամբողջ նկարահանող խումբ էր այցելելու մեր տուն: Չէ՞ որ այդպիսով ես ստիպված պետք է անհանգստություն պատճառեի ծնողներիս, մի ողջ օր իմ տունը տրամադրեի նկարահանող խմբին եւ ամենակարեւորը` հաստատ տանջելու էի իմ բալիկին` հագուստ փոխելով, լուսարձակների եւ ֆոտոխցիկի ներքո երկար թողնելով: Երեխայի համար նմանատիպ նկարահանումը իրական սթրես է:
– Երեխայի սթրեսի ու ծնողներիդ պատճառված անհանգստության դիմաց ստացված գումարն ինչպե՞ս էիր նախատեսում ծախսել:
– Հաստատ գրպանս չէի դնելու: Ես այդ գումարի կարիքը չեմ զգում: Պատրաստվում էի բարեգործական ծրագիր իրականացնել` որեւէ մանկատան համար: Երբ կինը մայր է դառնում, նա սկսում է մայրական հայացքով նայել բոլոր երեխաներին: Ես հաճախ եմ այցելում մանկատներ, սակայն երբեք ինձ հետ ֆոտլրագրող չեմ հրավիրում` չեմ թմբկահարում այդ մասին: Սակայն ամսագիրն ասաց, որ նման գումարներ չունի: Եվ շատ ավելի լավ:
– Միգուցե իրապես մեծ թի՞վ էիր առաջարկել:
– Գումարը, որն առաջարկել էի մեր ամսագրերից մեկին, առանձնապես մի մեծ թիվ չէր: Եթե հետեւենք, թե ինչպես են իրենց դրսեւորում մեր հայկական սուտ էլիտար ամսագրերը, ապա իմ առաջարկած գումարը բավական քիչ էր: Վերջին հաշվով, իմ բալիկին լուսանկարելով` նրանք իրենց ամսագրի համար շահույթ էին ակնկալում:
– Հայ ծնողներից շատերն իրենց երեխայի անվան ոչ հայկական ծագումը կեսկատակ-կեսլուրջ բացատրում են հետեւյալ կերպ. «Միջազգային անուն ենք ընտրել, մեկ էլ տեսար` green card տվեցին»:
– Միշտ սիրել եմ կարճ, հնչեղ, միջազգային անուններ: Երբ դեռ չգիտեի` տղա՞ եմ ունենալու, թե՞ աղջիկ, առաջին անունը, որն եկավ իմ մտքին` Ալեքսն էր: Հետո խնդրեցի քույրերիցս մեկին` հետաքրքիր անուններ փնտրել ինտերնետում: Արդյունքում նա եւս նշեց` Ալեքս: Իսկ երբ իմացա անվան ծագումնաբանությունն ու նշանակությունը` Ալեքս նշանակում է` պաշտպան, հասկացա, որ գտել եմ երեխայիս անունը: Ճիշտն ասած, շատ էի ուզում որդուս անվանել` Ալեքսանդր, սակայն, շատ լավ գիտակցելով, որ մեր երկրում Ալեքսանդրը վերածվում է Սաշիկի, ետ կանգնեցի իմ որոշումից: Երբ մենք ԱՄՆ-ում էինք, եւ բալիկս նոր էր ծնվել, գնացել էինք բժշկի մոտ` հերթական այցելության: Դռան մոտ հինգ մայրիկներ էին նստած` իրենց հինգ տղաներին գրկած: Երբ բժշկի դուռը բացվում էր եւ ներսից կանչում էին` Ալեքս, ես ամեն անգամ հարցնում էի. «Նահապետյա՞ն Ալեքս»: Պարզվեց` հինգ փոքրիկների անունն էլ Ալեքս է:
– Որքանո՞վ է համատեղելի մայրությունն ու երգչուհու աշխատանքային գրաֆիկը:
– Փորձում եմ համատեղել, սակայն ոչ երբեք` որդուս հաշվին: Երեք գիշերից ավելի դեռ չեմ բաժանվել իմ բալիկից: Աշխատում եմ տանից դուրս գալ 5-ից հետո, երբ մենք արդեն նախաճաշել, դրսում շրջել, ճաշել, իսկ հետո չոփիկ ենք արել եւ պառկել ենք քնելու: Ալեքսի քնելուց հետո միայն ես դուրս եմ գալիս տանից` նրան թողնելով տատիկի հետ: Հիմա չկա այն լարվածությունն, ինչը կար, երբ Ալեքսը դեռ մի քանի ամսական էր:
– Յուրաքանչյուր տարիք իր խնդիրներն է բերում` հատկապես, երբ խոսք է գնում տղա երեխայի մասին: Չե՞ս կարծում, որ քո աշխատանքային ռիթմի պատճառով չես էլ նկատի, թե ինչպես տղադ մեծացավ:
– Երբ հասկանում ես, թե կյանքում ինչն է քեզ համար կարեւոր, եւ առհասարակ ինչ ես ուզում այս կյանքից, ամեն հարց իսկույն իր պատասխանն է ստանում: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, բայց ես հիմա ունեմ Ալեքս, ով ինձ համար ամենակարեւոր մարդն է այս աշխարհում: Նա առաջնահերթ է: Նախքան Ալեքսի ծնվելը եւ մինչեւ հիմա ես աղոթում եմ նրա համար եւ շշնջում եմ նրա ականջին աղոթքներ, որպեսզի նա լավ մարդ մեծանա: Կարծում եմ, որ այն հոգեւոր սնունդը, որ ես նրան տալիս եմ այսօր, կօգնի նրան ճիշտ կողմնորոշվելու այս կյանքում: Ամեն դեպքում, ոչ մեկս ապահովված չենք, որ վաղը մեր երեխան` դառնալով դեռահաս, չի մտնի բացասական միջավայր: Սակայն մայրը ոչ մի վայրկյան չպետք է անտեսի իր երեխային: Չեմ ասում, թե պետք է երեխային փեշից բաց չթողնել, սակայն պետք է միշտ նայել երեխայի աչքերի մեջ, խոսել նրա հետ, հասկանալ նրա հույզերը, կարդալ նրա հայացքը` հասկանալու համար, թե ինչ է կատարվում նրա հոգում: Հատկապես տղա երեխայի դեպքում` ծնողը պետք է շատ խիստ լինի եւ ոչ մի վայրկյան աչքը չկտրի երեխայից:
– Միայնակ մայրը կարո՞ղ է տղա երեխային ճիշտ դաստիարակություն տալ:
– Հոր առկայությունը շատ կարեւոր է ցանկացած երեխայի հարցում: Ես չեմ խոսում իմ մասին, սակայն կան բազում օրինակներ, երբ միայն մայրը այնպիսի որդի է դաստիարակել, որ շատ հայրեր կերազեին:
– Երբ Ալեքսը մեծանա եւ սկսի հարցեր տալ հոր վերաբերյալ, ունե՞ս պատասխաններ:
– Իհարկե ունեմ: Սակայն այդ հարցերն ու պատասխանները միայն ինձ եւ իմ որդուն են վերաբերում: Պարզապես չեմ սիրում խոսել այդ թեմայով` դա իմ կյանքն է:
– Նոր տեսահոլովակդ ե՞րբ կլինի եթերում: Ժամանակին ասում էիր, որ նախատեսում ես եւ՛ տեսահոլովակի պրեմիերան, եւ՛ նոր ձայներիզիդ շնորհանդեսը կազմակերպել դեռեւս գարնան սկզբին:
– Տեսահոլովակն արդեն պատրաստ է, սակայն իմ զբաղվածության պատճառով պրեմիերան անվերջ հետաձգվում է: Մեկ շաբաթ առաջ վերադարձել եմ համերգային շրջագայությունից եւ հիմա էլ պատրաստվում եմ մեկնել հանգստի` ընտանիքիս հետ: Երբ վերադառնամ, անմիջապես կզբաղվեմ շնորհանդեսի կազմակերպմամբ:
– «Էն գարնան» անունը կրող ձայնասկավառակդ գուսանական երգերի հավաքածու է լինելու: Տեսահոլովակն այդ սկավառակում ընդգրկված երգերից մեկի հիման վրա է նկարահանված: Շատերի մոտ կարծրացած պատկերացում կա, ըստ որի` գուսանական, աշուղական երգեր կատարելիս` արտիստը պարտադիր պետք է տարազով լինի:
– Կարծում եմ` շատերին կզարմացնեմ, եթե հանկարծ բեմ բարձրանամ տարազով: Ես աշուղական, գուսանական երգերի կատարող չեմ եւ միայն մի ձայնասկավառակ թողարկելով` դեռ չեմ կարող բեմ բարձրանալ տարազով:
– Տարազով երգելիս քեզ պատկերացնելն, իհարկե, ծիծաղելի է, բայց չե՞ս կարծում, որ գիշերազգեստը, որով հանդես ես գալիս տեսահոլովակում, բուռն քննարկումների տեղիք կտա:
– Տեսահոլովակում չկա որեւէ գռեհիկ կամ բաց տեսարան: Այնտեղ կա միայն 21-րդ դարի կին, ով երգում է շատ հին երաժշտություն, որով փորձում է հետաքրքրություն բերել դեպի այդ երաժշտությունը:
– Շրջագայություններ, լույսեր, բեմ, երաժշտություն: Բեմում գեղեցիկ հագնված արտիստին տեսնելով, երբեմն թվում է, թե աշխարհում Ձեր մասնագիտությունից «թեթեւ» ոչինչ չկա:
– Այդ թվացյալ փայլը դժվարագին աշխատանքի արդյունքն է միայն:
– Առավել դժվար մասնագիտություններ էլ կան:
– Աշխարհում չկա հեշտ մասնագիտություն կամ աշխատանք: Երգչի աշխատանքը լի է սթրեսով` հաճախակի ինքնաթիռ նստելը, երկրներ փոխելը, անքուն մնալը…
– Արդյո՞ք ոչ մի թեթեւ, լուսավոր կետ չկա Ձեր մասնագիտության մեջ: Չեմ կարծում, թե տանջվելով եք երգում:
– Յուրաքանչյուր երգիչ հաճույք է ստանում, երբ գեղեցիկ հագնված բարձրանում է լուսավոր բեմ եւ իր էներգետիկան տալիս է հանդիսատեսին: Ելույթի այդ մի քանի րոպեներն աննկարագրելի են արտիստի համար: Հանուն այդ րոպեների արժե տանել բազում դժվարություններ: